Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վիզկապների խնդիրը ԱԺ նիստում չի քննարկվի

Սեպտեմբեր 06,2007 00:00

Պատգամավորների հագուկապի հարցը կթողնվի նրանց խղճին

Նոր խորհրդարանն արդեն եկող շաբաթ կսկսի իր ակտիվ աշխատանքային շրջանը: Պատգամավորներից շատերն այս օրերին իրենց հագուկապի հարցերն են հոգում, ոմանք օրենքներ կարդալ են սովորում, ուրիշները ոչինչ էլ չեն անում եւ մտածում են, որ պատգամավոր աշխատելը բոլորովին էլ դժվար գործ չէ: Գաղտնիք չէ, որ ոչ բոլոր պատգամավորներն են սիրում խորհրդարան գալ հավուր պատշաճի հագնված, այսինքն, տղամարդիկ՝ փողկապներով եւ վերնաշապիկներով, կանայք՝ գուլպաներով եւ սանրված:

Վերջերս տեղեկություն տարածվեց, որ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը օրենսդրական նախաձեռնություն ունի, ըստ որի՝ պատգամավորները գործի գալիս պետք է անպայման փողկապով եւ ճերմակ վերնաշապիկով լինեն: Անկեղծ ասած, սա մեզ շատ զավեշտալի թվաց, մանավանդ՝ պատգամավորներից շատերի զուտ արտաքինին նայելով հասկանում ես, որ միջազգային չափանիշներից բավականին հեռու պատգամավորներ ունենք, որոնց համար դժվար կլինի իրենց վզի չափերին համապատասխան «վիզկապներ» գտնելը: Իսկ ամենից տարօրինակն այն է, որ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը ամենեւին էլ նման նախաձեռնություն չունի եւ չի էլ պատրաստվում ունենալ: Մամուլում հայտնված տեղեկության մեղքը ինքը գցեց ամառվա շոգի վրա: «Երեւի ամառային շոգերի հետեւանք է, որ կոստյումներին եւ վերնաշապիկներին մամուլն անդրադարձել է»,- մեզ հետ զրույցում ասաց Վիկտոր Դալլաքյանը:

Սակայն պատգամավորը կողմ է, որ իր գործընկերները խորհրդարան գնան համապատասխան հագուկապով. «Ես նման օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեմ եկել, թե ինչպե՞ս է դա շրջանառության մեջ մտել՝ ուղղակի ինձ համար զարմանալի է: Թեպետ ասեմ, որ այլ երկրների ԱԺ կանոնակարգերում հատուկ նշված է, որ պատգամավորը իրավունք չունի մարզական հագուստով ներկայանալ նիստերին, ես կարծում եմ՝ այս հարցը կարելի է եւ օրենքով կարգավորել, եւ ավանդույթ դարձնել, այսինքն՝ հույսը դնել մարդկանց դաստիարակության վրա: Առայժմ մեզ մոտ դա օրենքով կարգավորված չէ»։ Մենք նկատեցինք, որ որոշ պատգամավորների համապատասխան փողկապներ երեւի չեն էլ արտադրվում, եւ նրանք երբեք փողկապով չեն հայտնվի հասարակության աչքին՝ դա իրենց համար նվաստացուցիչ համարելով: Վիկտոր Դալլաքյանը կատակեց. «Այդ դեպքում համապատասխան փողկապ արտադրող ֆիրմաները կարող են մեծ գումարներ աշխատել»:

ՀՀԿ-ական Ռաֆիկ Պետրոսյանը, որը հայտնի է նաեւ իր «Պատգամավորի էթիկայի մասին» նախաձեռնությամբ, երեկ մեզ հետ զրույցում նկատեց, որ որոշ պատգամավորների ոչինչ չի փրկի, բայց ինքը կողմ է միատեսակ հագուկապի. «Նույնիսկ դպրոցներում շատ գեղեցիկ է, որ հանդես են գալիս միատեսակ հագուկապով, իսկ խորհրդարանը բարձրագույն ներկայացուցչական մարմին է, ժողովրդի աչքը միշտ խորհրդարանի վրա է, եւ լավ կլինի՝ ե՛ւ նիստերի ժամանակ, ե՛ւ ընդհանրապես խորհրդարանում աշխատելիս, հատկապես արտասահմանյան գործուղումների գնալիս, պատշաճ ձեւով, քաղաքակրթության կանոնների պահպանմամբ պատգամավորները հանդես գան, որոշակի ձգվածություն եւ զսպվածություն ունենան: Որովհետեւ եթե մեկը սվիտրով գալիս է, ի՞նչ տպավորություն պետք է թողնի ժողովրդի վրա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել