Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԵՆՔ ՀՐԱԺԱՐՎԻ ԼՂՀ-Ն ՃԱՆԱՉԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Սեպտեմբեր 06,2007 00:00

Պնդում է «Ժառանգություն» կուսակցության քաղաքական քարտուղար, ԱԺ պատգամավոր Վարդան Խաչատրյանը

– Խորհրդարանական բոլոր ուժերը դեմ արտահայտվեցին «Ժառանգության» նախաձեռնությանը՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին»: Եվ եթե այս օրենքի նախագիծը մնա օրակարգում եւ մերժվի՝ կստացվի, որ Հայաստանի ԱԺ-ն չի ցանկանում ճանաչել ԼՂՀ անկախությունը: Ավելի նպատակահարմա՞ր չէ, որ «Ժառանգությունն» ինքը հետ կանչի այդ օրինագիծը:

– Ո՛չ, իմ համոզմամբ՝ մենք նախաձեռնությունը հետ չենք կանչի: Մենք կարող ենք լրացումներ կատարել նախաձեռնության մեջ: Օրինակ՝ ես գտնում եմ, որ որոշակի լրացումներ է անհրաժեշտ անել կապված այն հանգամանքի հետ, որ մենք ԼՂՀ-ն ճանաչելու նախաձեռնությամբ նեղացրել ենք դրա ֆիզիկական շրջանակները, եւ դուրս է մնացել ազատագրված տարածքների խնդիրը: (ԼՂՀ-ն իր անկախությունը հռչակելով 1991-ի սեպտեմբերի 2-ին՝ նշել է միայն նախկին ԼՂԻՄ-ի տարածքն ու Շահումյանի շրջանը: Լաչինը եւ ազատագրված մյուս շրջաններն այն ժամանակ դեռ ազատագրված չէին.-Ա. Ի.): Երեւի արժե շատ ավելի խորը շեշտադրում անել, ասենք՝ նշել «ԼՂ պատմականորեն ձեւավորված տարածքներ»:

Լրացումներ կկատարենք եւ կշարունակենք պնդել մեր նախաձեռնությունը: Քանի որ չճանաչված Ղարաբաղի շուրջ բանակցություններ ծավալելը, կարծում եմ, բանակցային գործընթացը դարձնում է ամորֆ, որոշակիությունից զուրկ: Միեւնույն ժամանակ, այսօր ականատեսն ենք, որ հայկական կողմն անընդհատ պասիվ, պաշտպանական վիճակում է, երբ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները գնալով ծայրահեղանում են: Ասենք, օրերս նախագահ Ալիեւը դարձյալ հայտարարեց, թե ուղղակի զինված միջամտությամբ կլուծեն հարցը: Սա բացահա՛յտ ճնշում է բանակցային գործընթացի վրա, եւ դրան հակադարձ ոչինչ չունենալը՝ թեկուզ ԼՂՀ-ն Հայաստանի կողմից ճանաչման տեսակետից, համարում ենք ոչ ճիշտ:

– ԱԳՆ խոսնակը, սակայն, պնդեց, թե Ղարաբաղի ճանաչումը մշտապես եղել է ՀՀ արտաքին քաղաքականության զինանոցում, սակայն այդ միջոցը գործադրելու պահը դեռ չի եկել:

– Ի՞նչ է նշանակում, թե զինանոցում է, երբ այդ մասին ընդհանրապես չենք խոսում: Եթե ինչ-որ խնդիր է դրված եւ ակտիվ վիճակում չէ, չի շրջանառվում քաղաքական շրջանակներում՝ համարեք, թե դրվա՛ծ չէ, չկա՛: Սա ռազմական նավի backhouse չէ, որի մեջ դրված զենքը համարում ենք, թե վաղ թե ուշ կհանենք՝ կկրակենք:

– Պնդումներ կան, թե ԼՂՀ-ն ճանաչելը կնշանակի, որ Հայաստանը դուրս է գալիս բանակցային գործընթացից, իսկ դա կարող է հանգեցնել պատերազմի վերսկսման:

– Դե, գիտեք, մի կողմից՝ Ադրբեջանն է ասում, որ պատերազմն անխուսափելի է, եթե գործընթացն ընթանա նույն հունով: Մյուս կողմից՝ եթե մենք լռում ենք, ստացվում է, որ պատերազմը, միեւնույն է, անխուսափելի է, սակայն Ադրբեջանի գերակայությամբ. նրանց պատկերացումներով՝ ռազմական բյուջեն կհասցնեն այն մակարդակի, որ Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը չեն կարողանա դիմադրություն ցույց տալ: Ուրեմն, եթե նրանք որոշել են հարցը լուծել ռազմական ճանապարհով՝ Հայաստանը մի՛շտ ունի այս քայլը՝ կարող է ճանաչել Ղարաբաղն իր պատմական ձեւավորման շրջանակներում: Եվ այս դեպքում կստացվի, որ Ղարաբաղը կնստի Ադրբեջանի հետ բանակցությունների: Իրենց համար թող պարզ լինի, որ գոյություն ունեցող խոտորնակը միշտ ունի հակառակ խոտորնակ:

– ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում այս նախաձեռնության կապակցությամբ ասաց, թե յուրաքանչյուր տարի հաստատելով պետական բյուջեն, այն է՝ օրենքով ընդունելով Ղարաբաղին միջպետական վարկի տրամադրումը, Հայաստանի խորհրդարանը ճանաչում է ԼՂՀ անկախությունը: Ուրեմն, էլ ինչո՞ւ եք նման օրինագիծ ներկայացրել, եթե Հայաստանն արդեն իսկ ճանաչել է ԼՂՀ-ն:

– Եթե ճանաչել ենք՝ ինչո՞ւ դրան ընթացք չենք տալիս, որպես մի քայլ, որ կարող է սառը ցնցուղ լինել Ադրբեջանի համար, որ վերջինիս սպառնալիքները չվերածվեն ուղղակի գործողությունների: Փաստենք, որ այդ սպառնալիքների մի մասն արդեն իսկ իրականացվել է՝ Հայաստանի վրա իսկապես կախված է տնտեսական մեկուսացման վտանգը:

– ԱԺ նախագահը նաեւ կոռեկտ չէր համարել, որ նման նախաձեռնություն են ներկայացնում բանակցությունների մանրամասներին անտեղյակ մարդիկ:

– Շատ լավ, մանրամասներին տեղյակ չենք: Բայց եթե ուզում ենք լուծում տալ ԼՂ հիմնահարցին՝ եկեք գաղտնազերծենք բանակցությունների գոնե այն հատվածը, որի շնորհիվ քաղաքական ուժերը հնարավորություն կունենան կողմնորոշվել:

– ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանն էլ նշել էր, թե նման հարցերն օրենքի ուժով չեն արվում. պետությանը ճանաչելու միջազգային ընդունված կարգ կա՝ դա պիտի անի նախագահը՝ կառավարության հետ համատեղ:

– Ոչ, ԱԺ-ն կարող է այդ հարցն առաջադրել: Այստեղ որեւէ խնդիր չկա: Վերջնական վավերացումն է արվում նախագահի միջոցով:

– Եվս մի նկատառում՝ ճանաչումն իմաստ ունի այն դեպքում, եթե դրան կհաջորդի միջազգային հանրության կողմից ճանաչումների շղթա, մինչդեռ առայժմ չկան դրա նախադրյալները:

– Որեւէ մեկը կարո՞ղ է այսօր այդպիսի կանխատեսում անել, որ ընդհանրապես ոչ ոք չի ճանաչի: Իսկ չե՞ք մտածում, որ կարող է լինել նաեւ հակառակը: Եվ եթե Հայաստանը չի ճանաչել՝ ինչո՞ւ պիտի ճանաչեն ուրիշները:

– Այնուամենայնիվ, եւս մի խնդիր կա, որն ակնարկելով՝ ՕԵԿ-ն էլ չպաշտպանեց «Ժառանգության» նախաձեռնությունը: Այն է՝ կա Հայաստանի եւ Ղարաբաղի վերամիավորման մասին Գերագույն խորհրդի որոշումը, որը հիշատակված է Անկախության հռչակագրում, որն էլ հիմք է ծառայել Սահմանադրության համար: Ըստ այդմ՝ արդյոք «Ժառանգության» այս նախաձեռնությունը հակասահմանադրակա՞ն չէ:

– Վերամիավորման մասին որոշումն ուժի մե՞ջ է: Դրա կիրառման որեւէ տարր չի՛ երեւում, չկա՛: ԼՂՀ իշխանություններն այսօր հայտարարում են, թե իրենք կառուցում են անկախ պետականություն: Եվ եթե վերամիավորման մասին որոշումն ուժի մեջ է՝ անկախության գործընթացը որքանո՞վ է իրավական:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել