Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԼՍՈՒՄ ԵՆ ՆՐԱՆ, ՈՎ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ Է»

Սեպտեմբեր 06,2007 00:00

\"\"Վստահ է քաղաքագետ Աղասի Ենոքյանը

«Եթե պահպանվի պարիտետային հավասարակշռությունը տնտեսական, ռազմական, ժողովրդագրական եւ միջազգային քաղաքական ոլորտներում, ապա ժամանակն աշխատում է հօգուտ մեզ»,- ԼՂ հակամարտության սառեցված վիճակից գոհունակություն հայտնեց ՀՀԿ անդամ, պատգամավոր Արմեն Աշոտյանը, որը երեկ «Հայելի» ակումբում բանավիճում էր քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ: Ըստ պարոն Աշոտյանի՝ «Միջազգային իրավունքի տեսակետից ԼՂ հարցը բացարձակապես կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, աղերսվում է միմիայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հետ»: Այս վիճահարույց պնդմանը Աղասի Ենոքյանը համաձայն էր մասամբ. «Իրավական տեսակետից այդպես է, սակայն միջազգային հարաբերություններում լսվում է նրա ձայնը, ով ավելի ուժեղ է: Այդ տեսանկյունից ճիշտ չի պնդել, թե ժամանակն աշխատում է մեր օգտին, որովհետեւ մեր հզորությունը ռեգիոնում անկում է ապրում, ի տարբերություն Ադրբեջանի: Ժողովրդագրության առումով էլ հետընթաց կա: 1988-ին 180 հազար մարդ էր ապրում ԼՂ-ում, որից 20 %-ն էր ադրբեջանցի, իսկ այսօր ԼՂ-ում ապրում է 50-60 հազար մարդ»:

ՀՀԿ-ական պատգամավորն իր հերթին ներկայացրեց ԼՂ բնակչության մասին պաշտոնական տվյալները, ըստ որոնց՝ այսօր ԼՂ բնակչությունը 100 հազար է, պլյուս՝ 20 հազար բանակային: Սրան ի պատասխան Աղասի Ենոքյանը հիշեցրեց Միջազգային ճգնաժամային խմբի եզրակացությունը, ըստ որի՝ ԼՂ-ն աշխարհի ամենամիլիտարիզացված տարածքն է՝ յուրաքանչյուր վեցերորդը բանակային է, այն դեպքում, երբ սովորաբար երկրների բնակչության միայն 1-2%-ն է կազմում բանակը: Ըստ քաղաքագետի, այս թվերը վտանգավոր են, քանզի Ադրբեջանը առիթը բաց չի թողնում խոսելու ԼՂ-ում իբրեւ թե առկա ահաբեկչական ուժերի, թրաֆիքինգի եւ այլնի մասին, իսկ դա նշանակում է, որ երբ ԼՂ հարցը սկսի անհանգստացնել գերտերություններին, նրանք կարող են այն լուծել ուժով՝ առանց հաշվի առնելու կողմերի կարծիքները:

Պրն Աշոտյանը վստահ էր, որ Բաքու-Ջեյհան նավթամուղն ու Բաքու-Էրզրում գազամուղը, չնայած իրենց բերած ֆինանսական եկամուտներին, լրջորեն սահմանափակել են Ադրբեջանի անկախությունը՝ արտաքին քաղաքականություն վարելու հարցում. «Եթե մի օր Ալիեւն ինքը հավատա, որ կարող է լուծել ԼՂ հարցը ռազմական ճանապարհով, ապա միջազգային բիզնեսի խոշոր խաղացողներն ուղղակի թույլ չեն տա, որ իրենց ծախսերն ու ակնկալվող շահերը (մոտ $30 մլրդ) վտանգվեն»: Աղասի Ենոքյանն էլ նկատեց, որ արտաքին քաղաքականության մեջ կորցնելով որոշակի անկախություն՝ Ադրբեջանը փոխարենը երկիրն է հարստացնում, սակայն Հայաստանն էլ է իրեն փակուղու մեջ մտցրել՝ դառնալով Ռուսաստանի ֆորպոստը: Ապա հիշեցրեց, որ «ԼՂ հարցում կորցրինք լրջագույն գործոն՝ ԼՂ-ն հեռացվեց բանակցությունների սեղանից»: Այս մասին Արմեն Աշոտյանը ուրույն տեսակետ ուներ, նա հավատացնում էր, որ «ԼՂ-ի՝ բանակցություններից դուրս մնալը մեր տակտիկական հնարքն էր»: Ըստ պատգամավորի՝ «ԼՂ բանակցային սեղանին վերադառնալու հարցը եւ ԼՂ ճանաչման խնդիրը մեր զինանոցի հզոր դիվանագիտական զենքերն են, որոնցով կարողանում ենք պարբերաբար հակազդել ադրբեջանական քարոզչությանը»: Պարոն Ենոքյանը զարմացավ. «Այսինքն՝ մենք էդ գործիքը տվեցինք իրենց, որ հետո ետ վերցնելը համարենք լուրջ պայքարի բնագավա՞ռ»: Հնչեց պատասխանը. «Մենք ժամանակին գործադրեցինք այդ գործիքը, հասանք որոշակի առաջընթացի միջազգային բանակցային ֆորմատներում, հետո, երբ մեր բարի կամքը քաղաքական դաշտում չգնահատեցին մեր հարեւանները… այո, միջազգային դիվանագիտական ասպարեզում ԼՂ անկախության ճանաչումը եւ ԼՂ վերադարձը բանակցային սեղանի շուրջ այն կռվաններն են, որ չեն կորցրել իրենց արդիականությունը»:

Անդրադարձ եղավ նաեւ ԼՂ ապագային: «Անցած էտապում մտել ենք փակուղի, մսխել ենք հաղթաթղթերը: Պետք է վերադառնանք դեպի մարդը, մարդու կարիքները, հրաժարվենք տարբեր սիմվոլների համար պայքարից: ԼՂ ստատուսի հարցի լուծումը թողնենք ապագային, լուծենք ավելի կարեւոր խնդիրներ»,- ասաց Աղասի Ենոքյանը: Իսկ Արմեն Աշոտյանը վստահ էր, որ «ստատուսի խնդիրը լուծել ենք, մնում է, որ այն մարսվի, ընկալվի միջազգային հանրության կողմից: Ստատուսի խնդիրը դրսի համար է, իսկ մեզ համար այլեւս խնդիր չէ, փաստացի իրավիճակ է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել