Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գործը դեռ դատարանում է

Սեպտեմբեր 05,2007 00:00

ՀՀ նյութաբանության գիտաարտադրական ձեռնարկության ավագ ճարտարագետ Արմենուհի Ավետիսյանը ստիպված եղավ վերջերս վաճառել Չարենցի փողոցում գտնվող իր հայրական տունը: Ներկայումս նա բնակվում է Գյուլբենկյան 43 հասցեում:Արմենուհի Ավետիսյանի ոդիսականը սկսվեց 2005թ. նոյեմբերի 2-ին, երբ նա դատապարտվեց 1,5 տարվա ազատազրկման (պայմանական): Կենցաղային հարցի շուրջ վիճաբանության մեջ էր մտել 10-ամյա հարեւանի՝ Վաղինակ Պետրոսյանի հետ: Խփել էր երեխային, վերջինիս պաշտպանել էր վրա հասած շունը, որը կծել էր Ավետիսյանի ոտքը: Վիրակապված ոտքով գնացել էր ոստիկանություն, այնտեղ էլ իմացել, որ իր նկատմամբ հարուցվել է քրեական գործ: Ավետիսյանի պատժի ժամկետը դեռ չմարված, նրա նկատմամբ հարուցվեց երկրորդ քրեական գործը: 2006 թ. հունվարի 8-ին Ավետիսյանը, ըստ նախաքննական մարմնի ձեւակերպման՝ «մահակով կամ բահով» հարվածել էր նախկին հարեւանի (տուժած երեխայի մոր) քթին: Ճարտարագետն այս անգամ էլ 1,5 տարվա պայմանական ազատազրկման դատապարտվեց: Հետագայում համաներման տակ ընկավ ու այս պատմությունն ավարտվեց նրանով, որ ամեն ամիս Ավետիսյանը գնում էր արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչություն, ստորագրություն տալիս, որ քաղաքում է եւ «ուղղման ճանապարհին» է: Նախորդ շաբաթ ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանում քննության դրվեց վնասի փոխհատուցման մասին հայցը: Ավետիսյանից նախկին հարեւանը պահանջում է 1.196.170 դրամ: «Որդուս լիարժեք բուժումը կազմակերպելու համար գնել եմ բավականաչափ դեղորայք, երեխաս մինչ օրս գանգատվում է գլխացավերից, գլխապտույտներից, տեսողության անկումից»,- ասում է երեխայի մայրը: Երեխայի բուժումը միայն «Ջերմուկ-աշխարհում» կազմակերպելու համար 15 օրվա ուղեգիրն արժե 300 000 դրամ, գլխի հետազոտումը՝ 79 000 դրամ, գանգուղեղինը՝ 48 000 դրամ: Տրանսպորտային ծախսերը հայցվորը գնահատել էր 100 000 դրամ, գումարած «ուժեղացված» սնունդը՝ 150 000 դրամ: Իր հերթին Ավետիսյանն ասում է, որ դիմել է իրավապահներին, որպեսզի իրեն հասցված մարմնական վնասվածքների համար քրեական գործ հարուցվի: Սակայն նրա դիմումներին ընթացք չի տրվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել