Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՍԿՅԱ ԱՎԱՐՏ՝ ԵՎՐՈՊԱՅԻ ՈՒԹ ՌԵԿՈՐԴՈՎ

Սեպտեմբեր 05,2007 00:00

\"\"Իտալիայի Պավիա քաղաքում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների 5-րդ առաջնությունը

Առաջնությունը, ինչպես տեղեկացրել էր «Առավոտը», Հայաստանի համար նշանավորվել էր մինչեւ 50 կգ քաշային Սմբատ Մարգարյանի արծաթե մեկնարկով: Ընդ որում, երեւանցի մարզիկը հրում վարժությունում 115 կիլոգրամ արդյունքով արժանացել էր նաեւ փոքր «ոսկու»:

Աղջիկների մրցապայքարում հանդես եկած մինչեւ 58 կգ քաշային Հռիփսիմե Եփրեմյանը (Քասախ) երկամարտում ոչ միայն կրկնել էր Սմբատի արդյունքը, այլեւ առանձին վարժություններում նվաճել եւս մեկական արծաթե պարգեւ՝ իր մեդալների քանակը Պավիայում հասցնելով երեքի: Ցավոք, այս անգամ անցած տարվա Եվրոպայի փոխչեմպիոնուհու կոչում պահպանել չէր կարողացել 53 կգ քաշային գյումրեցի Քրիստինե Պետրոսյանը (6-րդ տեղ) ու դրա համար «Զվարթնոց» օդանավակայանում խիստ հուզված էր: Մեր մյուս տղաներից Զորիկ Պողոսյանը (56 կգ) բավարարվել էր 4-րդ տեղով, 77 կգ քաշայիններ Նարեկ Մուրադյանն ու Վլադիմիր Սարգսյանը՝ համապատասխանաբար, հանգրվանել էին 8-րդ եւ 9-րդ հորիզոնականներում, իսկ Գոռ Հակոբյանը (85 կգ) 7-րդն էր:

Բայց այն, ինչ առաջնության վերջին օրն արել էր +94 կգ քաշային արարատցի Ռուբեն Ալեքսանյանը, գերազանցում է բոլոր սպասելիքները: Ռուբենը երկամարտի 386 կիլոգրամով հռչակվեց իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոն՝ ամբողջ 12 կիլոգրամով իրենից ետ թողնելով 2-րդ տեղը գրաված ռուսաստանցի Յուրի Տեգկաեւին: Ավելին, հայաստանցին հավասարը չէր ունեցել նաեւ պոկում՝ 170 կգ, եւ հրում՝ 216 կգ, վարժություններում: Ռուբեն Ալեքսանյանն Իտալիայում, փաստորեն, վեց արդյունավետ մոտեցում է կատարել՝ երկամարտի ցուցանիշն էլ ավելացրել՝ սահմանելով Եվրոպայի ութ ռեկորդ: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը Երեւանում մեր հավաքական թիմերին դիմավորելու եկած սակավաթիվ լրատվամիջոցների ներկայացուցիչներին տեղեկացրեց, որ մարզաձեւի պատմության մեջ սա առաջին դեպքն է, երբ նույն մարզիկը եվրոպական մակարդակի մեկ առաջնությունում միանգամից ութ ռեկորդ է սահմանում: «Մինչ այդ՝ լավագույն ցուցանիշն ունեցել է լեգենդար Դավիթ Ռիգերտը՝ վեց ռեկորդով»,- ասաց Ս. Խաչատրյանը: Ավելին, շնորհալի ծանրորդը Պավիայում գերազանցել է նաեւ Աշոտ Դանիելյանի՝ 13 տարվա վաղեմություն ունեցող Հայաստանի ռեկորդը:

Հենց «Զվարթնոց» օդանավակայանում զրուցեցինք Ռուբեն Ալեքսանյանի հետ:

– Սպասո՞ւմ էիր, որ այսպիսի փայլուն ելույթ կունենաս:

– Պարզապես, արեցի այն, ինչ կարող էի:

– Գո՞հ ես քո ցույց տված արդյունքից:

– Անշուշտ: Անցած տարի Շվեդիայում կայացած Եվրոպայի առաջնությունում պոկում վարժությունում «զրո» էի ստացել: Պարտք ունեի վերադարձնելու հայ մարզասերներին: Կարծում եմ, դա ինձ հաջողվեց:

– Հիմա ի՞նչ ծրագրեր ունես:

– Դա պետք է որոշեն ֆեդերացիան ու մարզիչները:

– Որքան տեղյակ եմ՝ ազգային հավաքականի կազմում պետք է մեկնես Թաիլանդ եւ մասնակցես աշխարհի մեծահասակների առաջնությանը, որտեղ օլիմպիական ուղեգրեր են խաղարկվելու:

– Եթե գտնեն, որ գնալու եմ, ուրեմն պետք է լրջորեն նախապատրաստվեմ:

– Քո ներկայիս արդյունքներով ի՞նչ տեղ կգրավես, թիմին անհրաժեշտ քանակությամբ միավոր կբերե՞ս:

– Մեծահասակների արդյունքներին ծանոթ չեմ: Մարզիչների հետ կուսումնասիրենք: Կաշխատեմ մնացած այս կարճ ժամանակահատվածում ավելի ծանր կիլոգրամներ բարձրացնել՝ հավաքականին հնարավորինս շատ հաշվարկային միավոր բերելու համար:

Վերջում ավելացնենք, որ նվաճած մեդալներով՝ 4 ոսկե եւ 1 արծաթե, Հայաստանի պատանիների հավաքականը գրավել է թիմային 3-րդ տեղը, իսկ աղջիկներինը (3 արծաթե)՝ 7-րդը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել