Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ձերբազատվենք անտարբերությունից»

Սեպտեմբեր 05,2007 00:00

Բաց նամակ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին

Հայաստանի ռազմատնտեսական հզորացման, նոր աշխատատեղերի ստեղծման, երկրի համար կարեւորագույն եւ նրա առաջընթացում կողմնորոշիչ խնդիրների մասին Ձեր ելույթները (օրինակ՝ Ալավերդի քաղաքում) ինձ՝ բազմավաստակ հայ ինժեներիս, թույլ են տալիս հուսալ, որ կծանոթանաք նամակիս հետ… Բանն այն է, որ այն ժամանակ, երբ ամբողջ աշխարհում ամենաակտիվ աշխատանքներ են տարվում էներգետիկական նոր ռեսուրսների որոնման, մասնավորապես արեւային էներգիայի՝ էլեկտրականության վերածման ուղղությամբ, մեր էներգետիկայի, տնտեսական զարգացման եւ այլ նախարարությունների պաշտոնյաներից ոչ ոք, չնայած իմ հարյուրավոր դիմում- նամակներին, չցանկացավ նույնիսկ ծանոթանալ աշխատանքներիս… Հայտնեմ, որ իմ 40 արտոնագրված գյուտերից 17-ը վերաբերում են էներգետիկային, հավանության են արժանացել մեկ ռուս եւ երկու հայ ակադեմիկոսների, 16 հայրենական եւ այլազգի իրավասու ատյանների կողմից, իսկ նրանցից 4-ը նախկին համամիութենական գիտության եւ տեխնիկայի կոմիտեի կողմից ճանաչվել է «հրապարակման ոչ ենթակա» պետական գաղտնիք: Այդ մասին բազում հրապարակումներ են եղել զանազան թերթերում եւ հանդեսներում (տես նաեւ «Առավոտ», 03.03.2007):

Հայ իշխանավորների, պաշտոնյաների հանցավոր ծուլությունը եւ անտարբերությունը տեխնիկայի համաշխարհային եւ հայրենական նվաճումների՝ արտադրության մեջ ներդրման գործում (որի պատճառով երկրի տնտեսությունը դոփում է տեղում, ոչինչ չստեղծող առեւտուրը համարվում է բիզնես, արտադրության մեջ ամոթաբար բացակայում է հայ մասնագետների կողմից ստեղծված որեւէ ապրանք, իսկ ԽՍՀՄ-ում իրենց նորարարությամբ հռչակված հայ մասնագետները գլուխ պահելու համար ստիպված զբաղվում են ընտրական, կաշառակերական եւ այլ անպտուղ բաներով) արգելակում են երկրի առաջընթացը: Մի խոսքով, կարգախոսը, թե հայոց մտավոր ներուժի շնորհիվ կարելի է հատուցել վառելիքային եւ այլ ռեսուրսների բացակայությունը, մնում է զուտ որպես «լոզունգ»:

Ես 10 տարի աշխատանքային փորձառություն եմ ստացել մերձմոսկովյան տիեզերահրթիռաշինական ձեռնարկությունում եւ ականատես եղել նրա հանճարեղ ղեկավարի եւ գլխավոր կոնստրուկտոր Սերգեյ Կորոլյովի աշխատաոճին: Այնտեղ առաջնայինը մասնագիտական եւ ստեղծագործական որակների ձեւավորումն ու դրսեւորումն էր եւ ոչ մեկի ուշադրությունից չէր վրիպում որեւէ արժեքավոր տեխնիկական լուծում… Որակներ, որոնց շնորհիվ այդ մարդը մեն-մենակ կարողացավ երբեմնի «վալենկաներ» արտադրող գործարանում կազմակերպել հրթիռաշինության կարեւորագույն աշխատանքներ:

Համաձայնեք, որ գիտատեխնիկական ազգային կարողությունների օգտագործումը այլընտրանք չունի, որ հայ ժողովուրդը իր ազգային նպատակներին կարող է հասնել միմիայն երկրի ռազմատնտեսական հզորացման շնորհիվ, որ մեր երկրին անհրաժեշտ է նման, բայց հայ գլխավոր կոնստրուկտոր, ով կկարողանա խրախուսել, տեսնել եւ գնահատել երկրի առաջընթացի համար կարեւոր ազգային, տեխնիկական լուծումներ:

Հուսով եմ, որ 15 տարվա իմ սպասումները Ձեր օգնությամբ կիրականանան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել