Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՅԱՐԱԼՅԱՆԸ ՎԻԼՆՅՈՒՍԻՑ «ՎԵՐԱԴԱՐՁԱՎ» ՀԱՅՐԵՆԻՔ

Սեպտեմբեր 05,2007 00:00

\"\"Անվանի գեղանկարչի դուստրերը կներկայացնեն հոր չցուցադրված գործերը

Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանում սեպտեմբերի 7-ին, տարիների ընդմիջումից հետո, կբացվի ԽՍՀՄ նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Արտո Յարալյանի անհատական ցուցահանդեսը: Այս առիթով Լիտվայից հայրենիք են ժամանել արվեստագետի դուստրերը՝ նկարչուհիներ Անուշ եւ Արփի Յարալյանները:

«Առավոտի» հետ զրույցում նրանք հայտնեցին, որ ապրում եւ ստեղծագործում են Վիլնյուսում՝ ընտանեկան հանգամանքներից ելնելով: Հիշեցին ուղիղ տասը տարի առաջ Ազգային պատկերասրահում բացված իրենց եւ հոր միասնական ցուցահանդեսը, հետո էլ տեղեկացրին, որ Ա. Յարալյանի օրերս բացվելիք ցուցահանդեսում առաջին անգամ կներկայացվեն շուրջ 50 գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներ: «Ցուցահանդեսը, որը նվիրվում է մեր հոր 65-ամյակին, նախաձեռնել է մայրս՝ Անետա Ասատրյանը»,- ասաց Արփին: Մեր զրուցակիցները տեղեկացրին, որ այս տարվա հունիսին հին Վիլնյուսի կենտրոնում բացվել է Ա. Յարալյանի անվան պատկերասրահ: «Հորս աշխատանքների հիմնական մասը մեզ մոտ է, թեեւ որոշները պահվում են աշխարհի շատ երկրների պետական եւ մասնավոր հավաքածուներում»,- նշեց Անուշը: Շարունակելով քրոջ խոսքը, Արփին էլ առանց անուններ տալու ասաց, որ Յարալյանի մտերիմներից ոմանք հրապարակային ելույթների ժամանակ երբեմն նշում են, թե իբր իրենց շնորհիվ է Արտոյի՝ որպես գեղանկարչի հեղինակությունը բարձրացել. «Դա այդպես չէ: Մինչեւ հորս կյանքի ավարտը՝ 2004թ., մայրս է զբաղվել ամուսնու ստեղծագործական կյանքով: Հորս աշխատանքները ցուցադրվել են նաեւ եվրոպական երկրներում, այդ թվում՝ Վիլնյուսի ՅՈՒՆԵՍԿՕ-ի սրահում, Բեռլինի քաղաքապետարանում եւ այլուր»:

Հայտնի նկարչի դուստրերից հետաքրքրվեցինք՝ դժվար չէ՞ր օտար երկրում հիմնել հայ նկարչի անվան պատկերասրահ: Ըստ նկարչուհիների՝ մեծ ցանկության դեպքում ցանկացած երազանք իրականություն է դառնում: «Պատկերասրահի հիմնադրման աշխատանքներին Լիտվայի կառավարությունը ոչնչով չաջակցեց, բայց մեր բարի կամեցողների շնորհիվ հասանք հաջողության: Ամեն ինչը, սկսած պատկերասրահի համար տարածք ձեռք բերելուց մինչեւ շինարարական աշխատանքների ավարտը, արվել է մեր եւ մեր ընկերների միջոցներով: Օգտագործելով հայրենիքում գտնվելու այս առիթը, պատրաստվում ենք նաեւ բանակցել հայաստանցի երիտասարդ նկարիչների հետ՝ հետագայում նրանց աշխատանքները Արտոյի անվան պատկերասրահում ցուցադրելու համար»,- տեղեկացրեց Արփին: Անուշն էլ շեշտեց լիտվական ԶԼՄ-ների վերաբերմունքի մասին՝ թե իրենց հոր, թե իրենց արվեստի հանդեպ. «Հիացած եմ ու զարմացած լիտվացի արվեստաբանների վերաբերմունքից: Նրանք այս կամ այն նկարչի մասին հոդվածներով հանդես են գալիս ե՛ւ նեղ մասնագիտական, ե՛ւ այլ պարբերականներում: Օրինակ, վերջերս Վիլնյուսի ամենահեղինակավոր՝ «Ռեսպուբլիկա» օրաթերթում ամբողջ մի էջ վերլուծական հոդված էր տպագրված հորս եւ մեր արվեստի մասին»:

Քույրերից հետաքրքրվեցինք՝ Յարալյանների ընտանիքը չի՞ պատրաստվում նաեւ հայրենիքում հիմնել նկարչի անվան պատկերասրահ: Նրանք վստահեցրին, որ հետագայում երեւանյան իրենց բնակարանը կվերածվի Ա. Յարալյանի տուն-թանգարանի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել