Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Փառապանծ անցյալը հաշվի չեն առնում

Սեպտեմբեր 05,2007 00:00

Միայնակ կնոջը փողոց են շպրտել

Ավարտվեցին համահայկական չորրորդ խաղերը: Այդ միջոցառմանը հրավեր էր ստացել մասնակցելու նախկին բասկետբոլիստ, վոլեյբոլիստ, ՀՀ վաստակավոր մարզիչ, տեղական նշանակության անհատական թոշակառու Գոհար Թորոսյանը: 87-ամյա միայնակ կնոջ համար դժվար էր մասնակցել մի միջոցառման, երբ հագուստ չկա հագին ու հայտնվել է փողոցում: «Առավոտն» արդեն տեղեկացրել է, որ Հայաստանի մարզական պատիվը բազում անգամ պաշտպանած գյումրեցի Գ. Թորոսյանը 1988-ի երկրաշարժից հետո բնակություն հաստատեց «Էրեբունի» հյուրանոցի 2-րդ մասնաշենքի 514 սենյակում: Թոշակառու այս կինը որեւէ արտոնությունից չօգտվեց, նրան հաշվառման չվերցրին անգամ բնակարանային հերթի ցուցակում:

2005թ. դեկտեմբերի 17-ին հյուրանոցի ադմինիստրացիան հրավիրեց աղետի գոտու բնակիչներին ու հյուրանոցում պատսպարված փախստականներին, հայտնելով, որ հյուրատունը սեփականաշնորհված է, բնակիչները պետք է ազատեն այն: 2006թ. մարտից սկսվեց վտարումը:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը եւ քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանը չբավարարեց հայցվոր՝ Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամի վտարման պահանջը: Դատարանը պարզել էր, որ Թորոսյանը Գյումրի քաղաքում անօթեւանների հերթացուցակում հերթագրված չէ, ընդգրկված չէ որեւէ մարդասիրական ծրագրում, կառավարության կողմից չի ստացել որեւէ փոխհատուցում եւ, ամենագլխավորը՝ բնակության այլ վայր չունի:

«Գույքս մնացել է հյուրանոցում: Անկողինս: Հագուստս: Աչքերիս դեղը, որ գումար չունենալու պատճառով չեմ կարող նորը գնել: Այնտեղ ինձ ներս չեն թողնում»,- պատմում է Գ. Թորոսյանը: Վերջինս այնքան հուսահատ է, որ ակնարկում է ինքնասպանության դիմելու մասին: Հյուրանոցից անհրաժեշտ իրերը վերցնելու համար դիմել է ոստիկանություն, ազգային անվտանգության ծառայություն: Նրանք չեն կարողացել օգնել նախկին մարզիկին:

Անցյալ տարվա դեկտեմբերի 28-ին թոշակ ստանալու նպատակով դուրս էր եկել հյուրանոցի իր սենյակից: Գ. Թորոսյանը ընկել էր սառույցի վրա, ձախ թեւը 3 տեղից կոտրել: Գիպս դրեցին Մարգարյանի անվան հիվանդանոցում եւ նույն օրը վիրակապով, ցավերից կծկված վերադարձավ հյուրանոց: Դուռը չբացեցին: Այդ օրվանից նա մնացել է փողոցում: 8 ամիս: «Բոլոր տեղերում դիմումներ ունեմ: «Օրինաց երկրին» եմ դիմել: Լարիսա Ալավերդյանին: Վարչապետին: Ամսական ստանում եմ 13 900 դրամ թոշակ: Այսքան արտոնություն ունեմ ու ոչ մի արտոնությունից չեմ օգտվում»,- ասում է Գ. Թորոսյանը:

«Առավոտին» նա տեղեկացրել է, որ դիմել է սպորտնախարարությանը: Այնտեղ ասել են, որ ոչնչով իրեն օգնել չեն կարող: «Հըբը կյանքս ինչի՞ անցավ»,- հարցնում է անարդարությունից խոցված թոշակառուն, որն իր կյանքը նվիրեց հայրենական սպորտին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել