Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կիսատ-պռատ նախագծով շենքեր են կառուցում

Սեպտեմբեր 05,2007 00:00

Հյուսիսային պողոտայում կառուցվող 3-4 շենքի հիմքերն այնքան են փորվել, որ գրեթե հավասարեցվել են այդ հատվածում գտնվող մետրոյի թունելին:

Հյուսիսային պողոտայում իրականացվող կառուցապատման աշխատանքների նախագծային շարունակությունն է նաեւ Պուշկինի թիվ 3 եւ Արամի թիվ 3, 5, 7, 9 շենքերին հարակից ընթացող շինարարությունը: Վերոնշյալ շենքերի բնակիչների հավաստմամբ, արդեն քանի ամիս է՝ նախկին «սեփական տների» ու իրենց շենքի բակի հաշվին անգամ գիշերները շինարարություն է ընթանում, ինչը ոչ միայն բնակիչների հանգիստն է խանգարում, այլեւ հարակից շենքերի համար իսկական վտանգ է ներկայացնում: Օրերս Պուշկինի թիվ 3 շենքի բնակիչներն «Առավոտին» բողոքեցին, որ իրենց շենքին շատ մոտ գտնվող այդ նորակառույցները իրենց համար իսկական պատուհաս են դարձել: Նրանց խոսքերով. «Նորակառույցների հիմքը շատ խորն է փորվել, ինչը վտանգավոր է ոչ միայն նոր կառուցվող, այլեւ մեր շենքերի համար: Դեռ խորհրդային ժամանակներում արգելված էր այդտեղ շենք կառուցել, քանի որ այդ տարածքում մետրոյի գնացքներից առաջացող ցնցումները բազմահարկ շենքի համար մեծ վտանգ են ներկայացնում, մանավանդ, եթե շենքի հիմքը խորն է փորված: Այն պահից, ինչ նոր շենքերի համար այդքան խորը փոս են փորել, մետրոյի ամեն գնացքի անցնելու ժամանակ մեր շենքում այնպիսի ցնցում է լինում, որ անգամ 10-րդ հարկում սեղան ու աթոռ շարժվում են»: Բնակիչներն «Առավոտին» տեղեկացրին նաեւ, որ շինարարությունն իրենց շենքին այնքան մոտ է իրականացվում, որ անընդհատ աշխատող բուլդոզերների ու հսկայական «Կամազների» պատճառով իրենց շենքի նկուղների պատերն արդեն ճաքեր են տվել: Նրանց պատմելով. «Կառուցապատողներն անգամ շենքին հարակից ճանապարհներն են շինարարական նպատակներով օգտագործում: Ճանապարհներն այնքան են նեղացել, որ պատահարի դեպքում շտապօգնության եւ հրշեջ ծառայության մեքենաները շենքին չեն կարող մոտենալ»: Ըստ բնակիչների, շինարարության ավարտից հետո՝ արեւի լույսից էլ են զրկվելու:

Ինչպես պարզվեց՝ բազմահարկ նորակառույցների սեփականատերը սիրիահայ Ավետիս Կարագուլյանն է: «Առավոտի» հետ զրույցում նա խնդրեց մեր հարցերը գրավոր ներկայացնել, քանի որ. «Ես ձեր հայերենը լավ չեմ հասկանար»: Հարցերը գրավոր ներկայացնելուց հետո, պարոն Կարագուլյանը կտրականապես հրաժարվեց պատասխանել՝ ասելով, որ. «Ձեր պետությունն է այս տարածքն ինձ տվել, թող նա էլ ձեր հարցերին պատասխանի»: Այս առնչությամբ Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանն «Առավոտին» պարզաբանեց. «Այս պահին նախագծային աշխատանքները դեռ ավարտված չեն ու պարզ չէ, թե ինչ է կառուցվելու ու քանի հարկ է ունենալու, պարզ է միայն, որ առաջին մի քանի հարկը բնակելի չի լինի ու շենքերն էլ այնքան բարձրություն կունենան, որ հանրապետության հրապարակից տեսանելի չլինի, այսինքն՝ մոտ 10 հարկ: Մենք վերահսկում ենք, որ հարակից շենքերի լուսավորության համար որեւէ խնդիր չառաջանա ու նորակառույցները հարակից շենքերից նորմատիվային հեռավորության վրա գտնվեն»: Նշենք սակայն, որ շինարարական նորմերը խախտված են գոնե այնքանով, որ տվյալ տարածքում շինարարության եւ կառուցապատում իրականացնողի մասին տեղեկացնող որեւէ ցուցանակ չկա: Մինչդեռ, ինչպես մեզ հետ զրույցում հաստատեց քաղաքապետարանի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Գագիկ Մկրտչյանը, շինարարության մասին տեղեկացնող ցուցանակ տեղադրելը շինաշխատանքների կազմակերպման առաջնային պահանջներից է. «Եթե առաջիկայում կառուցապատողը ցուցանակը չտեղադրի, ապա մենք շինարարությունը կդադարեցնենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել