Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեղամյանի նմանը չկա

Սեպտեմբեր 05,2007 00:00

\"\"Սա ԱՄ կուսակցության փոխնախագահ Կորյուն Առաքելյանի կարծիքն է իր կուսակցական առաջնորդի մասին: Պարոն Առաքելյանը նաեւ վստահ է, որ ամենաընդդիմադիրն այսօր իր կուսակցության
ղեկավարն է:

«Ազգային միաբանություն» կուսակցության փոխնախագահ Կորյուն Առաքելյանը երեկ «Հայացք» ակումբում հայտարարեց, որ նախագահական ընտրություններում հնարավոր է, որ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պաշտպանի ԱՄ նախագահ Արտաշես Գեղամյանին: Պատասխանելով հարցին՝ Արտաշես Գեղամյանը կպաշտպանի՞ Լեւոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, պարոն Առաքելյանը «հենվելով Լեւոն Տեր-Պետրոսյանի ողջամտության, լայնախոհության» վրա՝ առաջին նախագահին դիտելով որպես «այս երկրի բախտով, այս ժողովրդի ճակատագրով մտահոգված մարդ», հարցին հարցով պատասխանեց. «Իսկ ինչո՞ւ հարցը չենք դնում այսպես՝ իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանը կպաշտպանի՞ Արտաշես Գեղամյանի թեկնածությունը: Եվ ավելի շատ հավանական ես սա եմ համարում, որովհետեւ Արտաշես Գեղամյանի ընդունակությունները, թեկուզ այս վերջին 4 տարիների գործունեությունը մարդկանց տեսադաշտում է, նաեւ միայն նրա հայանպաստ ելույթները ԵԽ-ի եւ ԵԱՀԿ լիագումար նիստերի վեհաժողովներում, 21 ելույթ ունի, հայապաշտպան ելույթներ, եւ այսօր սա մեզ չի՞ հուշում, որ հանրապետությանը հենց այսպիսի քաղաքական գործիչ է պետք, որը նախ եւ առաջ ունի հակաճգնաժամային ծրագիր: Եթե այլ թեկնածուների մասին են խոսում, ապա նրանք չեն ներկայացրել իրենց ծրագրերը, իսկ մենք ունենք մեր հակաճգնաժամային ծրագիրը»:

«Առավոտը» փորձեց առանձին զրույցում հստակեցնել՝ այսինքն Արտաշես Գեղամյանը նախագահական ընտրություններին մասնակցելու է որպես առանձի՞ն թեկնածու եւ առաջադրվելո՞ւ է, անկախ նրանից՝ ընդդիմությունը կունենա՞ առանձին միասնական թեկնածու, թե ոչ: Ի պատասխան՝ Կորյուն Առաքելյանը հայտարարեց. «Մեր սկզբունքը հետեւյալն է. եթե կգտնվի մեկ այլ քաղաքական ուժ, որը մեր հակաճգնաժամային ծրագրի կողքին կդնի մեկ այլ ծրագիր, մենք կկարդանք, կքննարկենք եւ կհամոզվենք, որ այդ ծրագիրը երկիրն ավելի հաջող դուրս կբերի այս ճգնաժամային վիճակից, ուրեմն դա այլ խնդիր է, բայց քանի դեռ այդ ծրագիրը չկա, հեռակա դատողություններ չանենք»: «Առավոտի» խնդրանքին՝ ավելի կոնկրետ պատասխանել, պարոն Առաքելյանն ասաց. «Մենք ուզում ենք, որ Արտաշես Մամիկոնովիչն առաջադրվի, կուսակցությունն ուզում է, որ առաջադրվի, իսկ վերջնական որոշումը կլինի մեր կոնֆերանսում: Մենք ուզում ենք, որ ինքն առաջադրվի, որովհետեւ գտնում ենք, որ այս իրավիճակում ամենաճիշտ ընդդիմադիր կեցվածքը Արտաշես Գեղամյանինն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել