Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԽԱՂԻ ՉԵՆՔ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ, ԱՅԼ՝ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Սեպտեմբեր 05,2007 00:00

\"\"ՀՅԴ ներկայացուցիչ, ԱԺ պաշտպանության, Ազգային անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը վստահ է, որ ցանկացած թեկնածուի այլընտրանք կարելի է գտնել:

– Առաջիկայում տեղի կունենա Դաշնակցության Գերագույն ժողովը, մոտավոր տրամադրվածությունն ինչպիսի՞ն է, արդեն ձեր մեջ խոսո՞ւմ եք, թե ով է լինելու Դաշնակցության կողմից առաջադրվող նախագահի թեկնածուն:

– Ինքս Գերագույն ժողովի պատգամավոր չեմ ընտրվել: Իհարկե, կարծում եմ, Գերագույն ժողովում լուրջ քննարկումներ կլինեն թեկնածուի ընտրության առումով, տակտիկական հարցերի ընտրության առումով, մասնակցության ձեւի եւ կազմակերպչական այլ հարցերի շուրջ: Հիմա դժվարանում եմ կարծիք հայտնել, թե ով կլինի Դաշնակցության թեկնածուն, բայց ենթադրում եմ, որ այդ թեկնածուն կլինի միայն դաշնակցական:

– Իսկ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի խաղի մեջ մտնելը, նրա մասնակցությունը նախագահական ընտրություններին` հնարավո՞ր է, որ փոխի Դաշնակցության ծրագրերը, խառնելով խաղաթղթերը եւ Դաշնակցությունը ստիպված լինի պաշտպանել իշխանության թեկնածուին, ոչ թե հանդես գա իր կուսակցական թեկնածուով:

– Ես, անկեղծ ասած, այս գործընթացին որպես խաղ չեմ նայում, եթե ուրիշները խաղ են նայում եւ խաղում են, դա շատ վատ է: Մենք երկրի նախագահի ընտրության ենք պատրաստվում եւ ոչ թե խաղի: Այս առումով կարելի է ողջունել յուրաքանչյուր քաղաքական գործչի, ով իր մեջ ուժ է գտնում եւ հայտարարում, որ ինքը պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել որպես երկրի նախագահ: Այս իրավիճակում ողջունելի են այն քաղաքական գործիչները, որոնք անձամբ են բարձրաձայնում իրենց մտադրությունների մասին եւ ոչ թե իրենց փոխարեն այդ բանն ուրիշներն են անում: Կարծում եմ, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը, որին ես շատ հարգում եմ, նման ցանկություն ունենա, ողջունելի է:

– Բայց Դաշնակցությունը լրջորեն հավատո՞ւմ է, որ կարող է ունենալ այնպիսի թեկնածու, որը կարող է այլընտրանք լինել գործող վարչապետին կամ ՀՀԿ նախագահին:

– Յուրաքանչյուր փաստարկ կարելի է հիմք ընդունել ու ասել, որ որեւէ անձի այլընտրանք գտնելը դժվար է: Այդ առումով, որ չափով որ առկա են փաստարկներ, որ շատ դժվար է վարչապետին` ՀՀԿ-ի կողմից առաջադրվող թեկնածուին այլընտրանք գտնել, նույն չափով կարելի է փաստարկներ բերել, որ Դաշնակցության թեկնածուին շատ դժվար է այլընտրանք գտնել: Ի վերջո, ընտրությունն անում է ժողովուրդը, ընտրվում է հանրապետության նախագահ, ոչ թե կուսակցության լիդեր, կամ Ազգային ժողովի պատգամավոր: Այս առումով , կարեւոր է, թե ինչպիսի՞ քաղաքական գործընթացներ են լինելու, ինչպե՞ս է ընթանալու քարոզարշավը, ո՞ր դաշտում է դա իրականացվելու, հասարակությանը ինչպիսի՞ խոստումներ են տրվելու, երկրի նախագահի թեկնածուն իր լիազորությունների շրջանակներում, որպես սահմանադրական կարգի երաշխավոր, որպես օրինականության երաշխավոր, որպես երկրի անվտանգության երաշխավոր, ինչպիսի՞ ծրագրերով, ինչպիսի՞ ելույթներով եւ ինչպիսի՞ խոսքով է ներկայանալու հասարակությանը: Սա է լինելու որոշիչը:

– Որպես Դաշնակցության թեկնածուներ առայժմ երկու անուն է կարծես շրջում՝ Արմեն Ռուստամյան եւ Վահան Հովհաննիսյան: Այս երկու թեկնածուներից ո՞րն է ձեր իրական թեկնածուն:

– Որպես դաշնակցական, ինձ համար երկուսն էլ ընդունելի են, բայց ով էլ որ լինի մեր թեկնածուն, յուրաքանչյուր դաշնակցական պարտավոր է կուսակցության որոշումը կյանքի կոչել եւ իր ելույթներով, իր աշխատանքով, անձնական հնարավորություններով ամեն ինչ անել այդ թեկնածուի հաղթանակի համար:

– Ձեր կուսակցության համար դժվար եւ անհասկանալի իրավիճակ է ստեղծվել, փաստորեն դաշնակցական նախարարները աշխատում են Սերժ Սարգսյանի կառավարությունում, սակայն ստիպված են պաշտպանել կուսակցական թեկնածուին, այս հարցերը ինչպե՞ս են լուծվելու:

– Գերագույն ժողովը, կարծում եմ, այդ հարցին պետք է անդրադառնա եւ կանդրադառնա:

– Հնարավո՞ր է` ձեր նախարարները չենթարկվեն Գերագույն ժողովի որոշմանը եւ մնան իրենց պաշտոններում:

– Դաշնակցությունում այդպիսի մոտեցումներ չեն լինում: Ես չեմ ուզում անընդհատ կրկնված արտահայտությունները անել (խոսքն այն մասին է, որ եթե Դաշնակցությունը իր լողալ չիմացող անդամին հրամայի, տվյալ անդամը պարտավոր է լողի չեմպիոն դառնալ- Մ. Ե.), բայց եթե Դաշնակցությունը որոշի այլեւս կառավարության մաս չկազմել, ապա չի կազմի, եթե Դաշնակցությունը որոշի, որ կառավարության անդամները որպես պրոֆեսիոնալներ պետք է իրենց գործը շարունակեն եւ ոչ մի դերակատարություն չունենան նախագահական ընտրություններում, ուրեմն նրանք որպես դաշնակցական պարտավոր են այդպես գործել: Եվ եթե վաղը Դաշնակցությունը որոշեց, որ պետք է մաս չկազմի կառավարությանը, ապա նրանք պետք է թողնեն այդ պաշտոնները: Վստահ եմ, որ նրանք կենթարկվեն Դաշնակցության որոշմանը:

– Մեկ հարց էլ Ղարաբաղի նորընտիր նախագահի մասին՝ ձեր կարծիքով, Բակո Սահակյանը հենց այն ա՞նձն էր, որը պետք էր Ղարաբաղին հատկապես այս փուլում:

– Այսօր Ղարաբաղին անհրաժեշտ էր մի անձ, որը ավելի շատ վստահություն էր ներշնչում Ղարաբաղի ժողովրդին: Հաճախ եմ լինում հայրենի գյուղում, հաճախ եմ հանդիպում իմ մարտական ընկերներին, հրամանատարներին: Այս փուլում իսկապես ճիշտ ընտրություն կատարվեց: Բակո Սահակյանն այն անձն է, որը կարողանալու է իր շուրջը համախմբել հասարակությանը, որպեսզի այն անտարբերությունը, որը առկա էր ԼՂՀ բնակչության մեջ, ի չիք դառնա, որպեսզի նորից բնակչությունը վերադառնա այն կերպարի մեջ, ինչպիսին եղել է 88-ին, 94-ին՝ պատերազմից հետո: Վստահ եմ, որ Բակո Սահակյանը այդ անվստահությունը հանելու է հասարակության միջից, եւ ժողովուրդը նորից լցվելու է հավատով, զբաղվելու է քրտնաջան աշխատանքով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել