Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սեպտեմբեր 05,2007 00:00

ԳՈ՛Ղ ԵՍ ԵՎ ԽԱՌՆԱԿԻ՛Չ

\"\"Երեկ նման որակումներով «Հայելի» ակումբում բանավիճեցին նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ու ԱԺԿ նախագահ Շավարշ Քոչարյանը:

Բանավեճի հայտարարված թեման էր՝ «Տարածաշրջանային զարգացումները եւ հայ-ռուսական տնտեսական հարաբերությունները»: Սակայն բավական էր, որ Շավարշ Քոչարյանը խոսեր այն մասին, թե հարկ է արագացնել նոր ատոմակայանի կառուցումը, եւ Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ այդ մասին նախկին իշխանությունները բանակցություններ էին վարում 1995-1996 թվականներին, եւ դրանք դադարեցին 10 տարով, քանի որ ներկաները զբաղված էին «նախկին» ու «մազութի գործ» ասելով: Եվ այս պահից երկխոսությունն ընթացավ բոլորովին այլ հունով: Ներկայացնենք դրա որոշ պատառիկներ:

Հրանտ Բագրատյան. «Այդ խոսակցությունը՝ մազութի գործով, եղել է դատախազության մակարդակով, մարդիկ հետո ներողություն խնդրեցին («Հայելի» ակումբի ղեկավարը նկատեց, թե բոլորն արդեն մոռացել են այդ գործը, սակայն ինքն անընդհատ հիշեցնում է.- Ա. Ի.): Չէ՜, այդ հարցին պիտի վերադառնա՛նք, եւ այդ մարդիկ մեկ առ մեկ պետք է պատժվեն, ովքեր բարձրացնում էին այդ հարցը»:

Շավարշ Քոչարյան. «Ամբողջ աշխարհում գո՛ղն է պատժվում, այլ ոչ թե նա, ով որ ասում է, որ գողություն է եղել»:

Հ. Բ. «Գողը դո՛ւք եք: Մազութի պատմություն գոյություն չի՛ ունեցել. Հայաստանում էլեկտրաէներգիան արտադրվել է գազով»:

Շ. Ք. «Ձեր թվերն են, հենց Ձեր կառավարության օրոք սկսեցիք խոսել, որ իրականում այն ցուրտ ու մութ տարիներին եղած պաշարները լիովին բավարար էին, որպեսզի երկրում լիներ այն էլեկտրամատակարարումը, որը չկար: Բա բյուջեով նախատեսված գումարներն ո՞ւր գնացին… Վաղուց պիտի հասարակությանը բացատրեիք, այլ ոչ թե հիմա՝ ինձ, որպեսզի այդ հարցադրումներն անընդհատ չհնչեին»:

Հ. Բ. «Մեզ հնարավորություն չէին տալիս խոսելու: Ես ձեզ կարող եմ ցույց տալ Տիգրան Նաղդալյանի մերժողական նամակը, Արշակ Սադոյանի ներողությունը դատախազությունում. նա գնաց եւ հայտարարեց, թե ես ոչ ոքի չեմ մեղադրել»:

Շավարշ Քոչարյանն այստեղ առաջարկեց այժմ չվերարտադրել այն քաղաքական վեճը, որն իրենք ունեցել են, երբ նախկիններն իշխանության էին, եւ խոսել ներկա վիճակի մասին. «Այսօր մեզ պետք է առաջ շարժվել, եւ չեմ կարծում, թե հետ նայելով՝ մենք առաջ կգնանք»: Սակայն մի լրագրող հիշեցրեց ԱԺԿ ղեկավարի վերջերս արտահայտած տեսակետը, թե հայտնի չէ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն իշխանության գալու դեպքում «ի՞նչ է անելու, բացի ԼՂՀ-ն զիջելուց»: Եվ բանավեճը բորբոքվեց նոր ուժով:

Հ. Բ. «Այս արտահայտությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ խառնակչություն: Լեւոն Տեր-Պետրոսյանը երբե՛ք Ղարաբաղը չի հանձնել: Ես ինչքան հիշում եմ՝ էդ դո՞ւք չէիք, որ ասում էիք՝ Մեղրին հանձնենք: Ոչ միայն Ղարաբաղը՝ դուք Մեղրի՛ն էիք հանձնում «Ա1+»-ի եթերում»:

Շ. Ք. «Ո՞վ»:

Հ. Բ. «Պարոն Քոչարյա՛նը»:

Շ. Ք. «Ո՞ր Քոչարյանը: Դուք անուններ չե՞ք տարբերում, միայն ազգանուններն եք տարբերում»:

Հ. Բ. «Շատ լավ տարբերում եմ: Բայց այն ժամանակ չխոսեցիք՝ խոսեիք, հակադարձեիք… Ո՞ւմ պատվերն եք կատարում: Ութ մարդ հայտարարել է, որ թեկնածությունը դնում է նախագահական ընտրություններում, ինչի՞ եք մեկի դեմ խոսում: Եվ ինչի՞ եք սուտ ասում: Որտե՞ղ եք կարդացել, որ զիջելու է»:

Շ. Ք. «1992 թվականին «Նեզավիսիմայա գազետայում» իրար կողքի 2 հարցազրույց է եղել՝ Լեւոն Տեր-Պետրոսյան եւ Այազ Մութալիբով: Լեւոն Տեր-Պետրոսյանը սեւով սպիտակի վրա գրել է՝ հարցի լավագույն լուծումն այն է, որ լինի ԼՂ ավտոնոմիա Ադրբեջանի կազմում: Նորությո՞ւն է սա Ձեր համար»:

Հ. Բ. «Իսկ ձեր համար նորությո՞ւն է, որ մի քանի անգամ Ստամբուլում թուղթ եք ստորագրել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին… Ես չգիտեմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը կդնի՞ իր թեկնածությունը, թե՞ ոչ, բայց նա երբե՛ք չի ստորագրի, որ Ղարաբաղը տրվի Ադրբեջանին»:

«Առավոտը» ԱԺԿ նախագահին խնդրեց պատասխանել նախկին վարչապետի այն դիտարկմանը, որը մնաց անպատասխան: Այն է՝ ինչո՞ւ է խոսում հնարավոր բազմաթիվ թեկնածուներից միայն մեկի մասին, հավելեցինք՝ արդյոք այսպիսով չի՞ համալրում մեր այն ընդդիմադիրների շարքերը, որոնք առավել ընդդիմադիր են նախորդ, քան ներկա իշխանությանը: Ու նաեւ՝ ինչո՞ւ ծրագրի եւ անելիքների մասին նույն հարցադրումները չեն հնչում, ասենք, իշխանության թեկնածուի՝ Սերժ Սարգսյանի մասին: Շավարշ Քոչարյանն ի պատասխան ասաց, թե կարեւորում է, որ լինի ընդդիմության միասնական թեկնածու, եւ նա հաղթանակի. «Եվ ես համարում եմ նաեւ, որ եթե այդպիսի թեկնածու լինի Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ դա ուղղակի գտա՛ծ բան է Սերժ Սարգսյանի համար: Քանի որ հասարակության մի զգալի հատված կսկսի այդ հիմքի վրա ասել՝ ավելի լավ է լինի Սերժ Սարգսյանը, քան Լեւոն Տեր-Պետրոսյանը»:

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել