Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՊԱՐՏԱԿ ՄԵԼԻՔՅԱՆՆ ԱՌԱՋԻՆ ԴԱՍԱՐԱՆՑԻՆԵՐԻՆ ՆՎԵՐՆԵՐ ՏՎԵՑ

Սեպտեմբեր 04,2007 00:00

\"\"Ժողովրդավարություն եւ աշխատանք կուսակցության ղեկավարն այս անգամ նվեր-փաթեթներ տալու համար ընտրել էր Գեղամասար եւ Սոտք գյուղերը:

Սեպտեմբերի 1-ին Ժողովրդավարություն եւ աշխատանք կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի պատգամավոր Սպարտակ Մելիքյանը Գեղարքունիքի մարզ էր այցելել՝ շնորհավորելու դպրոցականների տոնը: Նա մասնավորապես ցանկանում էր շնորհավորել առաջին անգամ դպրոց գնացողների տոնը, քանի որ, ըստ նրա, այդ օրը հենց առաջին դասարանցիների տոնն է: Պարոն Մելիքյանն առաջին դասարանցիների համար բերել էր փոքրիկ փաթեթ-նվերներ, որոնց մեջ տետրեր, գունավոր մատիտներ, ներկելու գրքեր եւ այլ գրենական պիտույքներ էին: Սկզբում նա այցելեց Վարդենիսի մոտակա Գեղամասար գյուղի թիվ 98 դպրոց, որտեղ նրան շատ լավ էին ճանաչում թե՛ ուսուցչական անձնակազմը, թե՛ աշակերտները, քանի որ սա նրա առաջին այցելությունը չէր: Ս. Մելիքյանն արդեն 7 տարի է, ինչ նման գործունեություն է ծավալում: Ինչպես ներկայացնում են գեղամասարցիները, նրանք ամեն տարի էլ սպասում են պարոն Մելիքյանին եւ համոզված են, որ այս ավանդույթը կշարունակվի տասնյակ տարիներ: Եվ քանի որ ԺԱԿ առաջնորդը գյուղեր է այցելում ոչ միայն սեպտեմբերի 1-ին, այլեւ բոլոր դպրոցական տոներին, կարող է պատահել, որ մի անգամ էլ իր դպրոց ճանապարհած առաջին դասարանցիներին տեսնի արդեն 10-րդն ավարտելիս: Թիվ 98 դպրոցի առաջին դասարան ընդունված Հայկուշ Սկրտչյանը շատ էր ուրախացել իր ստացած նվերով. «Ես սրանով կնկարեմ, գրել ու հաշվել կսովորեմ: Խոստանում եմ, որ լավ եմ սովորելու»: Իսկ դպրոցի տնօրեն Աշոտ Բարսեղյանի խոսքերով էլ՝ պարոն Մելիքյանը մինչ Ազգային ժողովի պատգամավոր դառնալն էլ էր նվերներով այցելում իրենց դպրոց. «Արդեն 4-րդ տարին է, որ մեր երեխաներին ինքն է ճանապարհում դպրոց: Այս տարի մեր դպրոց է ընդունվել 181 երեխա, նրանց բոլորին էլ պարոն Մելիքյանի նվերներից հասավ»: Դասվար Հայկանուշ Ղազարյանն էլ համոզված է, որ այդ փաթեթով մի շարք հարցեր են լուծվում. «Որովհետեւ մեր գյուղացիների մեծ մասը հնարավորություն չունի անգամ տետրեր գնելու, եւ երեխան ուսման պրոցեսից հետ է մնում: Իսկ այս դեպքում արդեն երեխաներն էլ են ոգեւորում՝ առաջին օրն իրենց համար այսքան արժեքավոր նվերներ ստանալով»: Նախքան երեխաների դպրոց մտնելը՝ ելույթ ունեցավ նաեւ Սպարտակ Մելիքյանը, որը բարձր գնահատեց ուսուցիչների հայրենանվեր աշխատանքը. «Հատկապես գյուղական համայքներում աշխատողներին առողջություն եւ համբերություն եմ ցանկանում»: Նրա խոսքից հետո հնչեց առաջին զանգը, եւ բոլորը շտապեցին դպրոց՝ առաջին օրվա դասերն անելու:

Հաջորդ դպրոցը Սոտք գյուղում էր: Այստեղ առաջին դասարան էր եկել ընդամենը 13 աշակերտ: Դասվար Օլինկա Դանիելյանի ներկայացմամբ, դեռ զինվորականների երեխաները չէին եկել. «Որ գան՝ 20-25 աշակերտ կունենանք»: Անդրադառնալով Ս. Մելիքյանի փաթեթ-նվերներին՝ դասվարը նշեց, որ այդ նվերները իրենց դասերի ժամանակ շատ անհրաժեշտ են եւ իր դասարանի աշակերտները հաճույքով կօգտագործեն դրանք: Գյուղի միակ առաջին դասարանում պարոն Մելիքյանն ասաց, որ Սոտք է այցելել հատկապես այս պատճառով, որ այն սահմանամերձ գյուղերից ամենամեծն է եւ ինքը շատ է կարեւորում այսպիսի գյուղերի ամուր լինելը. «Իսկ գյուղերը եւ ընդհանրապես պետությունը ուժեղ է իր կրթությամբ եւ դա առաջին հերթին գալիս է դպրոցներից: Մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք սահմանամերձ գյուղերին եւ այդ գյուղերի դպրոցներին»: Նա այս դպրոցին նվիրեց նաեւ 2 գնդակ՝ ֆիզկուլտուրայի դասերի համար: Դասարանում ներկա ծնողներն ու ուսուցիչները պարոն Մելիքյանից խնդրեցին դպրոցի վերանորոգման հարցն էլ լուծել, որին ի պատասխան վերջինս խոստացավ այդ լուրջ խնդրով զբաղվել. «Դպրոցի շենքը մեծ է, բայց այստեղ այնքան էլ շատ աշակերտներ չեն սովորում, ուստի նպատակահարմար կլինի շենքի մի մասնաշենքն ապամոնտաժել, մնացած մասը, որտեղ դասեր են անցկացվում՝ արդեն նորոգել»: Ինչպես պատմում էին Սոտքի բնակիչները, որոնց մեծ մասը փախստականներ են, Սպարտակ Մելիքյանը վերանորոգել է նաեւ իրենց գյուղի միակ եկեղեցին՝ Սուրբ Աստվածածինը: Դպրոցի տնօրեն Արսեն Հովանյանն էլ շնորհակալություն հայտնեց իրենց դպրոցին ուշադրություն դարձնելու համար. «Չնայած մեր դպրոցը շատ պրոբլեմներ ունի, ասենք դասագրքերի պակաս կա, շենքը լրիվ վերանորոգման պահանջ ունի, սակայն մենք ուրախ ենք, որ գոնե գրենական պիտույքներով են մեզ օգնում»: Առաջին անգամ դպրոց եկած երեխաներից մի քանիսն անգամ արտասանեցին պարոն Մելիքյանի համար:

ԺԱԿ-ի առաջնորդի 4 հազար նվեր-փաթեթներն այդ օրը բաժանվեցին նաեւ 85 գյուղական եւ 3 քաղաքային համայնքների առաջին դասարան եկած դպրոցականներին: Անցած 7 տարիների ընթացքում պարոն Մելիքյանը, բացի Գեղարքունիքի մարզի գյուղերի դպրոցներից, եղել է նաեւ Լոռվա, Տավուշի, Արարատի եւ Արագածի դպրոցներում, որտեղ միշտ էլ մեծ հանդիսավորությամբ են նրան դիմավորել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել