Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բաղդասարովը ազատ շնչելը սահմանափակում է

Սեպտեմբեր 04,2007 00:00

Սեփական տանը չխեղդվելու համար ուրիշների տներում է գիշերում

Շուրջ 3 տարի է Հռիփսիմե Բաբայանը բնակվում է Պուշկին փողոցի 2-րդ շենքի թիվ 6 բնակարանում, բայց արդեն երկու տարի է իր տանը չի կարողանում ապրել: «Միխայիլ Բաղդասարովը տնիցս 5-6 մետր հեռավորության վրա տարածք գնեց, ասեցին, որ այդտեղ ցածրահարկ խանութ են սարքելու, բայց վերջում 8 հարկանի շենք կառուցեցին, տունս ամբողջովին բնական լույսից զրկվեց, երկրորդ կարգի հաշմանդամ եմ, ամիսը 8 հազար դրամ թոշակ եմ ստանում, բայց օրը ցերեկով երեք լույս եմ միացնում, որ կարողանամ սենյակումս շարժվել: Դա էլ իբր քիչ էր, իմ պատին կպած շինարարություն սկսեցին, հետո իմացա, որ գազի հնոց են սարքում, ինձ խաբեցին, լռեցրին, ասեցին իրացման գոտի է, տունդ քանդելու ենք՝ քեզ կամ գումար կտանք, կամ էլ տուն, բայց չարեցին: Մի օր էլ շինարարությունը վերջացնելուց հետո հսկայական գեներատորների նման 2 օդափոխիչներ դրեցին, մի փոքր փեղկ էին թողել, որ օդ շնչեի, երեւի շատ համարեցին, հիմա տաք օդ եմ շնչում, ինչպես մեղվին են ծուխ տալով փեթակից քշում, որ փախչի՝ մեղրն ուտեն, նույն բանն էլ իմ գլխին են անում, որ «բոմժ» դառնամ՝ տունս թողնեմ իրենց, քանի որ այստեղ այլեւս ապրել հնարավոր չէ»,- ասում է 2-րդ կարգի հաշմանդամ Հ. Բաբայանը:

Ճնշող օդին չդիմանալով, նա նույնիսկ մի քանի անգամ տանը ուշաթափվել է եւ այժմ էլ շնչահեղձ չլինելու համար հարազատների տանն է գիշերում: Երեկ «Առավոտի» հետ զրույցում քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը նշեց, որ տվյալ դեպքում հարցը պետք է լուծի Կենտրոն թաղապետարանը կամ համատիրությունը. «Իսկ այսուհետեւ շենքերի արտաքին տեսքը փոխելու, օդափոխիչներ տեղադրելու համար պետք է մեզ նախագծային առաջարկ ներկայացնեն, օգոստոսի 8-ին արդարադատության նախարարությունում գրանցել ենք այդ կարգը, այլեւս չեն կարող իրենց ուզածներն անել»: Քանի որ կարգը հետադարձ ուժ չունի, ապա չեն կարող էլիտար շենքի սեփականատիրոջը նեղություն տալ, նա կշարունակի տաք օդով խեղդել հարեւան բնակիչներին:

Տիկին Հռիփսիմեի դուստրը՝ Օղիդեն (Նանո) տառապում է արյան լեյկոմա (քաղցկեղ) հիվանդությամբ եւ այժմ բուժման նպատակով գտնվում է Մոսկվայում: Այստեղ հարազատները վաճառում են իրենց ամբողջ ունեցվածքը, որպեսզի գոնե կարողանան հիվանդին դեղորայքով ապահովել: Միայն ամիսը մի քանի անգամ քիմիա ընդունելու համար ծախսում են 25 հազար ԱՄՆ դոլար:

Մոր պատմելով, իր դուստրը երկրապահ կամավորականների միության անդամ է եւ շատերի կյանքն է փրկել, բայց այսօր ամեն ինչ մոռացվել է: «Բազմիցս ձեռքերս պարզած Բաղդասարովի ավտոմեքենայի առաջ կանգնել-խնդրել եմ, որ երեխայիս կյանքը փրկելու համար մեր ամբողջ ունեցվածքը վաճառում ենք եւ ստիպված հիվանդ աղջկաս բերելու եմ իմ տանն ապրի, չգիտեմ մի օր կապրի, թե մի ամիս, բայց այս պայմաններում աղջիկս մի ժամ էլ չի դիմանա, տունս թունավոր նկուղի է վերածվել»,- ասում է Հ. Բաբայանը: Դիմելով պետության բարձրաստիճան պաշտոնյաներին, լացակումած նշեց. «Խնդրում եմ օգնեք, ինձ տեռորի են ենթարկում, յոթ սերունդ Երեւանում ենք ապրել, հիմա մի նկուղում էլ չեն թողնում ապրեմ, սա մարդասպանության մի նոր ձեւ է, ինձ իմ տան մեջ խեղդում են»: Հուսահատ մայրը նույնիսկ համաձայն է իր տունը հատուցման դիմաց տալ կառուցապատողներին, միայն թե իրեն տան այն գումարը, որով կկարողանա բնակարան գնել ու աղջկան տեղափոխել ավելի բարեկարգ բնակարան, որտեղ գոնե մաքուր օդ կշնչեն. «Մեր հաշվին բնակարաններ են կառուցում եւ քառակուսի մետրը 3 հազար դոլարով վաճառում են, ինձ գոնե դրա կեսի չափով տան, որ փողոցներում չմնամ, ներկա դրությամբ ծայրամասերում մեկ սենյականոց բնակարանը 40 հազար ԱՄՆ դոլարից պակաս չեն վաճառում եւ սա այս էլիտար շենքերի պատճառով»:

Հարցի լուծումը չստանալու դեպքում տիկին Հռիփսիմեն պատրաստվում է ընդդեմ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության պետի, հայցով դիմել Եվրոդատարան՝ ակնկալելով եվրոպացիների գթությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել