Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԻՆՉՊԵՍ ԴԱՌՆԱԼ ՆԱԽԱԳԱՀ

Սեպտեմբեր 04,2007 00:00

\"\"ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի «դեղատոմսը»՝ թիվ 160 դպրոցի աշակերտներին

Սեպտեմբերի 1-ին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը վերսկսեց նախորդ տարվա ավանդույթը, երբ պաշտոնյաները բաց դասեր էին անցկացնում աշակերտների հետ: Նա այս անգամ դասախոսություն կարդաց ոչ թե Երեւանի կենտրոնի, այլ ծայրամասային դպրոցներից մեկում՝ թիվ 160-ում, որի տնօրենը ՀՀԿ անդամ Անահիտ Գալստյանն է: «Քաղաքացիական կրթություն» թեմայով դասախոսության ընթացքում Լ. Մկրտչյանը 10-րդցիներին ներկայացրեց ոչ միայն կրթության ոլորտում առկա խնդիրները, այլեւ որոշ խորհուրդներ տվեց: «Անկախ նրանից, թե ինչ մասնագետ կդառնաք՝ որակյալ արհեստավոր, բժիշկ կամ գիտնական, 10 տարի հետո յուրաքանչյուրդ ձեր տեղում պիտի պատասխանատու լինեք այս երկրի համար»,- պաթետիկ տոնով ասաց նախարարը: «Պետք է ճիշտ հաշվարկենք մեր հնարավորությունները եւ դաստիարակենք այնպիսի սերունդ, որն իմանա, թե ինչ է ուզում, որ չասեք, թե նախարարը եկել եւ միայն մեծ-մեծ բաներից է խոսում, մինչդեռ դպրոցը վատ վիճակում է, ընտանիքները հազար հոգս ունեն»,- ուսուցիչներին ու աշակերտներին դիմեց նա:

Լ. Մկրտչյանը աշակերտներին տեղեկացրեց, որ այս տարի բուհերը կարիերայի օրեր կկազմակերպեն դպրոցներում՝ ներկայացնելով իրենց մասնագիտությունները: «Պարտադիր չէ, որ բոլորդ բուհեր ընդունվեք, դառնաք գիտնականներ: Լավ կռունկավարներն ու շինարարները եւս մեր երկրի ամրության գրավականն են: Ատամնաբուժությունը, իրավագիտությունը, տնտեսագիտությունը չեն այն ոլորտները, որտեղ դուք աշխատանք կգտնեք: Ճիշտ կլիներ ձեզ «գտնեիք» բնագիտության, ինֆորմացիոն տեխնոլոգիաների բնագավառներում»,- դպրոցականներին փորձեց կողմնորոշել նախարարը: Իր դասախոսության ժամանակ պատմաբան Մկրտչյանը «Կրթություն 2015» ծրագրից հասավ մինչեւ Հին Հռոմ, որտեղ քույրերը՝ եղբայրների, մայրերը՝ երեխաների հետ էին ամուսնանում(՞): Այնուհետեւ աշակերտները նրան բազմաբնույթ հարցեր ուղղեցին: Օրինակ, մեկին հետաքրքրեց, թե Լ. Մկրտչյանը կարո՞ղ է հանրապետության նախագահ դառնալ: Նախարարը այս հարցին սարոյանաբար պատասխանեց՝ հիշելով «Իմ անունն Արամ է» շարքի հերոսին. «Երբ տղան հորը հարցնում էր, թե ի՞նչ է սկիզբը, ստանում՝ «Երբ դու մի օր արթնանում ես, դա է սկիզբը» պատասխանը: «Ի՞նչ է վերջը» հարցին հայրը պատասխանում է. «Երբ կքնես եւ այլեւս չես արթնանա»: «Իսկ ի՞նչ է սկզբի եւ վերջի միջեւ» հարցի մասին էլ ասում է՝ «Դու ես»:

Լ. Մկրտչյանը 10-րդցիների համար «թարգմանեց» իր պատմածը. «Այսինքն, եթե մարդ կյանքում ունի որեւէ նպատակ եւ դրան հասնելու մեծ ձգտում, ուրեմն անպայման կհասնի»: Հետո էլ աշակերտներին ասաց, թե ինչից սկսեն, եթե ուզում են նախագահ դառնալ. «Պիտի ավարտես դպրոցը, ընդունվես համալսարան եւ ստանաս լավ մասնագիտություն: Սովորելու ընթացքում պիտի լիդեր լինես կուրսում: Երբ այս խնդիրները լուծելով գնաս՝ կհասկանաս, արդյոք կարո՞ղ ես հասնել գլխավոր նպատակիդ»: Աշակերտներից ավելի շատ հարցեր ունեին ուսուցիչները: Օրինակ՝ նրանց հետաքրքրում էր՝ արդյո՞ք մշակվում է մեթոդ, որով կտարբերակվեն լավ աշխատող ուսուցիչները միջակներից: «Ընդունվելիք «Հանրակրթության մասին» օրենքն ուսուցիչների ատեստացիա է նախատեսում: Ցավոք, վերջերս, երբ ռազմագիտության ուսուցիչների շրջանում այդ փորձը կիրառեցինք, այն դարձավ հերթական հովանավորչության եւ դրամահավաքի պատճառ: Բայց որ ուսուցիչները պիտի ունենան որակավորում եւ իրենց վաստակին համարժեք գումարներ ստանան, միանշանակ է»,- պատասխանեց պրն Մկրտչյանը: Ուսուցիչների մյուս հարցերը վերաբերում էին օտար լեզուների դասավանդմանը, միասնական համակարգով քննությունների անցկացմանը:

«Առավոտի» հետ զրուցած 10-րդցիները դժգոհ չէին նախարարի հետ հանդիպումից: «Խելոք մտքեր ասաց»,- նշեց Դիանա Թումանյանը: «Հավանեցի նախարարի այն միտքը, թե լավ մարդ դառնալու համար անպայման չէ համալսարան ավարտելը»,- ասաց Արտաշես Աբրահամյանը: Էդգար Կարապետյանն էլ մտահոգված էր. «Փաստորեն, բավականին բարդացել է բուհ ընդունվելը, իսկ մեր որոշ ուսուցիչներ չունեն համապատասխան գիտելիքներ, որ մեզ փոխանցեն: Ուժեղացված վերապատրաստում է պետք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել