Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գերեզմանոցի ճամփան դժվար է, երկար

Սեպտեմբեր 04,2007 00:00

\"\"Դավիթաշենի գերեզմանոցի ճանապարհն այնքան քարուքանդ է, որ մարդիկ չեն կարողանում այցելել իրենց հանգուցյալների շիրիմներին:

«500 դոլար ենք ծախսել, որ Դավիթաշենի գերեզմանոցում մեր հանգուցյալին թաղենք, բայց չենք կարողանում այցելել շիրիմին: Մեզ քաղաքի ուրիշ գերեզմանոց հարմար չէր, սա մեր տանը մոտ է, դրա համար էլ այդտեղ թաղեցինք ու փոշմանեցինք»,- «Առավոտին» այսպիսի բողոքով է դիմել Սուսաննա Մկրտչյանը:

Դավիթաշեն գյուղից մինչեւ գերեզմանոց հասնելը, բնակիչների խոսքերով՝ հերոսություն է: «Երբ գերեզմանոց այցելելու համար դիմում ենք տաքսի ծառայություններին, տաքսիները կա՛մ հրաժարվում են տեղափոխել, կա՛մ էլ ճանապարհի կեսին իջեցնում են՝ պատճառաբանելով, թե մեքենաները կվնասվեն ու չեն կարողանա վնասը հատուցել»,- պատմեց Սուսաննա Մկրտչյանը: Գերեզմանոցի ճանապարհից բացի, քանդված եւ անբարեկարգ է նաեւ հենց գերեզմանին հարող ճանապարհը:

Այս առնչությամբ Դավիթաշենի թաղապետ Սուրեն Ղուկասյանը «Առավոտի» հետ զրույցում պարզաբանեց, որ գյուղից գերեզմանոց տանող ճանապարհը նորոգելն իրենց գործը չէ. «Այդ ճանապարհը թաղապետարանի ենթակայության տակ չէ: Մայրաքաղաքի գերեզմանոցները քաղաքապետարանի ենթակայության տակ են, ուստի գերեզմանոցների ու այնտեղ տանող ճանապարհների բարեկարգման աշխատանքներն էլ պետք է իրականացնի քաղաքապետարանը»: Թաղապետն էլ էր տեղյակ, թե որքան քարուքանդ է Դավիթաշենի գերեզմանոցի ճանապարհները: Ըստ նրա, այն վերանորոգելը մեծ ծախսերի հետ է կապված: «Թող այդ գերեզմանոցում թաղված հանգուցյալների հարազատները Դավիթաշեն գյուղի ճանապարհով չգնան, մեկ այլ ճանապարհ էլ կա, որը շատ լավ, բարեկարգված վիճակում է, թող այդ կողմով գնան գերեզմանոցներ»,- առաջարկեց պարոն Ղուկասյանը: Մինչդեռ նկատենք, որ թաղապետի նշած այդ այլընտրանքային ճանապարհը շատ երկար է, եւ ճանապարհածախսը կրկնապատկվում է:

Թե ինչու են անտեսել գերեզմանոցի ճանապարհը՝ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության պետի տեղակալ Ալեքսան Բարսեղյանն «Առավոտին» պարզաբանեց. «Այդ հատվածում անհատները շինարարություն են անում, հիմա անիմաստ է այդտեղ բարեկարգման աշխատանքներ կատարել, քանի որ նորից ամեն ինչ քանդվելու է, անպարտաճանաչ մարդիկ են: Սպասում ենք այդ անհատական շինարարությունների ավարտին ու մենք սկսենք մեր աշխատանքները»: Մեր հարցին՝ եթե այդ անհատական շինարարությունները ձգվեն 3 տարի, այդ ճանապարհը 3 տարի քարուքա՞նդ է մնալու՝ պարոն Բարսեղյանը պատասխանեց. «Մենք պարտավորություն ունենք բարեկարգել այդ տարածքը, ուրեմն կանենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել