Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՍՏՈՐԱՑՆՈՒՄ Է

Սեպտեմբեր 04,2007 00:00

\"\"Մարդիկ ՕՎԻՐ-ից անձնագիր կամ վիզա ստանալու համար ժամերով հերթ են կանգնում ծծկեր երեխաների հետ

Մաշտոցի պողոտայում՝ Անձնագրերի եւ վիզաների վարչության (ՕՎԻՐ) շենքի մոտ, մշտապես մեծ հերթեր են գոյանում: Ամառային արձակուրդներին ընդհանրապես ՕՎԻՐ-ի տարածքում ասեղ գցելու տեղ չի լինում. հարյուրավոր մարդիկ հեռավոր մարզերից իրենց նորածին երեխաների հետ կիլոմետրեր կտրելով գալիս են մայրաքաղաք՝ ինչ է թե կարողանան ՕՎԻՐ-ից երկրից դուրս գալու վիզա կամ անչափահասների համար անձնագիր ստանալ:

Խնդիրն այն է, որ Հայաստանում անչափահասներին երկրից դուրս բերելու համար պետք է ՕՎԻՐ-ը անձնագիր տրամադրի: Ընդ որում՝ առանց երեխայի ներկայության անձնագիր տալն արգելվում է: Չնայած մարզերում գործում են անձնագրային բաժիններ, սակայն քաղաքացիները կարող են այդ բաժիններում ընդամենը դիմում գրել՝ վիզա կամ անձնագիր ստանալու համար, իսկ երբ փաստաթուղթը պատրաստ լինի՝ այն անպայման պետք է վերցնել մայրաքաղաքում գտնվող ՕՎԻՐ-ից: Ուստի արձակուրդներին, երբ մարդիկ հաճախ են մեկնում արտերկիր, ՕՎԻՐ-ի շենքի մոտ հերթը ձգվում է մինչեւ անվերջություն:

Օրերս, երբ մենք եղանք ՕՎԻՐ-ում, անգամ այս ոչ «պիկ» սեզոնին մեծ հերթ կար: Հերթից հոգնած երեխաները նստել էին փողոցի եզրաքարերին, ՕՎԻՐ-ում մեծահասակները մի կերպ ոտքի վրա դիմանում էին: «Առաջ, մինչեւ էս թազա կարգը, օվիրում ամեն մարզ իրա բաժինն ուներ, մտնում էինք, ստանում անձնագիրն ու գնում, ըսենց ժամերով չէինք սպասում: Հիմա աղջիկս պիտի իր երեխու համար անձնագիր ստանա, առավոտից եկել եմ՝ հերթ եմ պահել: Ժամն արդեն մեկն է դառնում, դեռ ինձանից առաջ մի 60 հոգի կա: Հեսա մի քիչ հետո էլ պերերիվ կլինի ու մի ժամ էլ էդտեղ պիտի սպասենք, որ աշխատողները հաց ուտեն: Իրենք իրենց հավեսով նստած հաց են ուտում, իսկ մեզ համար մի հատ սկամեյկա էլ չեն դրել: Ռայոնից եկել-հասել ենք ստեղ, ու ոչ մեկի պետքը չի, թե էս խեղճ մարդիկ ամառվա շոգին ոտքի վրա ժամերով կանգնելուց վատանում են: Ես բարձր ճնշում ունեմ, էլ չեմ դիմանում, մի քիչ առաջ վատացել էի, մինչեւ դեղ չխմեցի՝ չդզվեցի»,- «Առավոտի» հետ զրույցում դժգոհեց հերթում կանգնած մարդկանցից մեկը, որը չցանկացած ներկայանալ՝ հետագայում ոստիկանական համակարգի հետ խնդիրներ չունենալու համար: Հաշվի առնելով, որ ոստիկանության այս կամ այն բաժնի մասին նյութ տպագրելուց հետո ոստիկանները փնտրում եւ գտնում են բոլոր բողոքողներին, ուստի նյութում իրենց դժգոհությունները ներկայացնող քաղաքացիների անունները չենք հրապարակում:

«Առավոտյան ժամը 9-ից մեկ տարեկան երեխայի հետ հերթ ենք կանգնել, հիմա արդեն ժամը 1-ն է, բայց դեռ 130-րդ համարն ենք: Մինչեւ մի հատ անձնագիր են տալիս՝ հոգիներս բերաններս են բերում: Տարրական պայմաններ էլ չկան, ոչ զուգարան կա, ոչ նստելու տեղ»,- դժգոհեց ՕՎԻՐ եկած քաղաքացիներից մեկը:

Հերթում կանգնած կանանցից մեկը Վանաձորից մեկ օր առաջ էր եկել մայրաքաղաք, որպեսզի իր անչափահաս երեխայի համար անձնագիր ստանա: Նրա պատմելով՝ «Մեկ ամսով ուզում ենք գնալ Չիտա՝ ամուսնուս մոտ: Երեխաս կրծքկեր է, անընդհատ լաց է լինում, սոված է, ես ի՞նչ անեմ, մի հարմար տեղ էլ չկա, որ կերակրեմ էրեխուս, էսքան մարդու մոտ հո կուրծք չե՞մ տալու»:

Քաղաքացիները պատմում էին, որ մարզային անձնագրային բաժիններում էլ դիմում գրելիս քաշքշուկների մեջ են ընկնում: Օրինակ՝ Արմավիրից եկած մի տղամարդ դժգոհեց, որ իրենց մարզի անձնագրային բաժնում մի քանի անգամ տարել-բերել են, նոր դիմումն ընդունել են. «ՕՎԻՐ-ի հետ գործ ունենալու համար ամուր նյարդեր են պետք: Ստորացուցիչ պայմաններում սպասեցնել են տալիս, գոնե մարդավայել պայմաններ ստեղծեն, որ կարողանանք մի կերպ սպասել»:

ՕՎԻՐ-ի մոտ գոյացող հերթերի առնչությամբ ՀՀ ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից Արմեն Մալխասյանն «Առավոտին» պարզաբանեց, որ քաղաքացիների հոգսը թեթեւացնելու համար այնպես են արել, որ մարդիկ մարզերում դիմում գրեն՝ վիզան կամ անչափահասներին տրվող անձնագիրը ստանան մայրաքաղաքում: Մարզերի բնակիչները չե՞ն կարող փաստաթուղթն էլ իրենց մարզի անձնագրային բաժնից ստանալ մեր հարցին Ա. Մալխասյանը պատասխանեց շատ հակիրճ՝ «Ոչ, կարգն է այդպես»: ՕՎԻՐ-ում քաղաքացիների համար սպասասրահ ստեղծելու կամ գոնե տարածքում նստարաններ տեղադրելու առնչությամբ Ա. Մալխասյանը ոստիկանության անունից ոչ մի բան չխոստացավ անել:

Անձնագրերի եւ վիզաների վարչության պետի տեղակալ Վահագ Մինասյանն էլ հավաստիացրեց, թե քանի որ ուսումնական շրջանն արդեն բացվել է, այս օրերին այլեւս մեծաքանակ հերթեր չեն գոյանում, ուստի մարդիկ արդեն կարող են իրենց անձնագրերը կամ վիզաներն ավելի շուտ ստանալ, քան ամառային ամիսներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել