Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայաստանի բնակիչների տրամադրվածությունը

Սեպտեմբեր 04,2007 00:00

Ըստ «Գելափ» հեղինակավոր սոցիոլոգիական կենտրոնի հարցման

2007-ի հուլիսի 5-12-ը Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիան անցկացրել է ՀՀ 1200 բնակիչների հարցում, որը նախապատրաստել, համակարգել եւ արդյունքները վերլուծել է Baltic Surveys/The Gallup Organization-ը: Հարցումը ֆինանսաորվել է Միջազգային զարգացման ԱՄՆ գործակալությունը (USAID), պատվիրել Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI):

Ըստ ստացված արդյունքների՝ Հայաստանի բնակիչների 32%-ը տեսնում է, որ տնտեսական վիճակը երկրում բարելավվում է, 27%-ի կարծիքով՝ տնտեսական վիճակը Հայաստանում գնալով վատանում է:

Հարցվածների 40%-ը Հայաստանի առջեւ ծառացած խնդիրներից առաջնային է համարում գործազրկությունը, 30%-ը՝ սոցիալ-տնտեսական վիճակը: Ղարաբաղյան հիմնախնդիրն առաջնային է հարցվածների 16%-ի համար: Կոռուպցիան Հայաստանի առջեւ ծառացած հիմնական խնդիր է համարում հարցվածների 11%-ը: Միայն 3%-ի համար են առաջնային ժողովրդավարության, մարդու իրավունքների խնդիրները: Դրանք հիմնախնդիրների շարքում վերջին տեղում են:

Բնակչությանն ամենաշատն ի՞նչն է անհանգստացնում հարցին ի պատասխան ստացվել է հետեւյալ պատկերը՝ առաջին տեղում քաղաքացիական պատերազմն է (24%), երկրորդ տեղում՝ Արցախի խնդիրը (20%):

«Ի՞նչ պետք է անեն Հայաստանի իշխանություններն առաջին հերթին, որ ստանան երկրի բնակչության մեծամասնության աջակցությունը»,- այս հարցին 37%-ը պատասխանել է, թե պետք է ավելացնեն աշխատավարձերն ու թոշակները, իսկ 31%-ի կարծիքով՝ պիտի բացեն աշխատատեղեր: Իշխանությունների ժողովրդավար լինելը կարեւորել է միայն 9%-ը:

Հարցին, թե քաղաքական ո՞ր կուսակցությունը կարող է հաջողությամբ լուծել խնդիրները՝ 29%-ը պատասխանել է. «Ոչ մեկը»:

Ուսումնասիրությամբ հաստատվել է, թե ինչն են առավել կարեւորում մեր քաղաքացիները կուսակցության օգտին քվեարկելիս. 60%-ն առավել կարեւորում է առաջնորդին եւ միայն 31%-ը՝ բուն կուսակցությանը:

Մեր հասարակությունը նաեւ առավել կարեւորում է տարեցներին, քանի որ «եթե մնացած բոլոր որակները նույնը լինեն, կնախընտրեիք քվեարկել…» նախադասությունը 50%-ն ավարտել են այսպես՝ «առավել փորձառու, տարիքով ավագի օգտին», եւ միայն 27%-ն է պատասխանել՝ «առավել ակտիվի, երիտասարդի օգտին»: Նույն կերպ պարզվել է, որ 65%-ն իր ձայնը կտար տղամարդուն եւ միայն 7%-ը՝ կնոջը:

Հարցվածների 13%-ն անցած տարում Հայաստանի իշխանությունների թույլ տված ամենամեծ սխալներից ու բացթողումներից է համարում կոռուպցիայի դեմ ոչ բավարար պայքարը, 9%-ը՝ գների աճը չկանխելը:

Իշխանությունների եւ քաղաքական գործիչների իրավախախտումները եւ կոռուպցիան շատ լուրջ խնդիր է համարում 69%-ը, ըստ 28%-ի՝ դա «բավական լուրջ խնդիր է»: Թերեւս ոչ ոք չի համարել, թե դա խնդիր չէ:

64%-ը համարում է, թե Հայաստանի համար շա՛տ կարեւոր է մոտ ապագայում լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը, 27%-ի համար այն ուղղակի՛ կարեւոր է: Եվ էլի՝ ոչ ոք չի պատասխանել, թե շուտափույթ լուծումը կարեւոր չէ:

Հարցին՝ Հայաստանի կառավարությունը պե՞տք է արդյոք համաձայնի բացել Թուրքիայի հետ սահմանը, եթե անգամ այդ երկիրը պաշտոնապես չճանաչի Ցեղասպանությունը՝ 45%-ը պատասխանել է դրականորեն, իսկ 51%-ը՝ բացասաբար:

Ընդամենը 2%-ն է Հայաստանում հավանական համարում «գունավոր հեղափոխությունը», իսկ 35%-ի կարծիքով՝ այն ավելի շուտ անհավանական է, 33%-ը բոլորովի՛ն անհավանական է համարում այդ հեռանկարը:

Հարցվածների 68%-ի կարծիքով՝ մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններն ազատ եւ արդար չեն անցել:

60%-ի համոզմամբ, բավարար միջոցներ չեն ձեռնարկվում 2008-ի նախագահական ընտրություններում ընտրակեղծիքները կանխելու համար, եւ դրանք եւս չեն լինի ազատ եւ արդար:

Հարցին՝ վախենո՞ւմ են արդյոք ՀՀ քաղաքացիները բաց արտահայտել իրենց քաղաքական հայացքները, թե՞ ոչ՝ 34%-ը պատասխանել է. «Մեծամասնությունը վախենում է», 31%-ը՝ «Շատերն են վախենում», եւ միայն 20%-ն է ասել, թե ոչ ոք չի վախենում: Միամիտ հույս հայտնենք, թե այս հարցումն անցկացվել է հենց անվախների շրջանակում:

Հ. Գ. Նշենք նաեւ, որ որպես մեր ժամանակների ազգային հերոս՝ հարցվածների մեծամասնությունը (18%) տվել է Վազգեն Սարգսյանի անունը, 14%-ը՝ Զորավար Անդրանիկի, իսկ 13%-ը՝ Կարեն Դեմիրճյանի: 3%-ը նշել է Անդրանիկ Մարգարյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել