Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՐԿԱԾ

Սեպտեմբեր 04,2007 00:00

\"\"Այն առայժմ քննարկում են շարքային վանաձորցիները

Օգոստոսի 25-ին Վանաձորում տեղի ունեցած Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունը դեռեւս բացահայտված չէ, թեեւ վանաձորցիներն ակնկալում էին բացահայտում՝ «տաք հետքերով»: Սեպտեմբերի 1-ին մենք դարձյալ Վանաձորում էինք: Մեր զրուցակից վանաձորցիները առանձնակի հույսեր չէին փայփայում, թե սպանությունը կարող է բացահայտվել: Նրանց դիտարկմամբ, դա եղել է պատվիրված սպանություն եւ բացառապես ՀՀ քաղաքական վերնախավի «դաբրոյով»: Վանաձորցիներից ոմանք իրենց վերլուծություններում շատ հեռուն են գնում՝ ասելով, թե մինչեւ ԱԺ վերջին ընտրություններն ու մարզի դատախազի սպանությունը Լոռու մարզում ու մասնավորապես Վանաձորում իշխում էին 3 մինի կլաններ կամ «թայֆաներ». քաղաքապետ Սամվել Դարբինյանինը, որի «տանիքը» նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանն էր, Վահրամ Բաղդասարյանինը, որի «տանիքը» ՀՀ գլխավոր դատախազն էր, եւ քաղաքապետի նախկին թեկնածու, գործարար Գագիկ Հովսեփյանինը, որին հովանավորում էր նրա փեսան՝ սպանված դատախազ Ալբերտ Ղազարյանը: Վանաձորցիների տպավորությամբ, վերջին շրջանում այս երեք մինի կլանները կա՛մ դեպքերի բերումով, կա՛մ հետեւողականորեն չեզոքացվում են: Այսպես, մարզպետ Քոչինյանը պաշտոնանկ արվեց, դատախազը սպանվեց, Վահրամ Բաղդասարյանը ԱԺ ընտրությունների ժամանակ տապալվեց: Ասել է թե՝ վարկածներից մեկով՝ ինչ-որ երրորդ ուժ փորձում է Վանաձորում նոր եւ ավելի հզոր «խաղացող» ներմուծել: Ոմանք կարծում են, որ սա կարող է տեղի ունենալ ՀՀ քաղաքական վերնախավի նախաձեռնությամբ: Այս տրամաբանությունը փաստարկվում է նրանով, որ Լոռու մարզում ԱԺ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ն տապալվել է՝ ստանալով ընդամենը 20 տոկոս ձայն, ու հնարավոր է, որ գոյություն ունեցող կլանները, որոնք իրար երբեմն հակադրվում էին, բայց միասնաբար ծառայում էին մեկ կենտրոնին, այլեւս սպառել են իրենց հանդեպ վստահության լիմիտը, եւ հիմա որոշվել է նոր եւ ավելի վստահելի կենտրոն ձեւավորել: Քչերն են կարծում, որ այդ երրորդ ուժը կարող է լինել ՀՀԿ նախագահին հավատարիմ «գեներալիտետը»՝ ի դեմս Արշալույս Փայտյանի, Լեւոն Երանոսյանի եւ Ռազմական ոստիկանության մարզային վարչության պետ Կամո Հովհաննիսյանի: Առավել եւս, ոչ ոք լուրջ չի համարում նրանց կողմից դատախազի սպանությունը պատվիրած լինելու վարկածը, թեեւ հիշյալ զինվորականներն ու նրանց հարազատները Լոռու անտառների ապօրինի ծառահատումների ակտիվ մասնակիցն են, եւ նրանց նկատմամբ 2006-ին սպանված դատախազը նաեւ քրգործեր էր հարուցել: Մեր տեղեկություններով, մեկ տարի առաջ դատախազի եւ «գեներալիտետի» միջեւ բախումը հարթվել էր, թերեւս, դատախազի համար շահավետ պայմաններով:

Որպես սպանության պատվիրատուի՝ հե՛նց առաջին օրվանից շրջանառվում են նաեւ նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի ու քաղաքապետ Սամվել Դարբինյանի անունները՝ նկատի առնելով այն, որ Ա. Ղազարյանի կողմից հիշյալ անձանց մասնակցությամբ մասնավորապես կեղտաջրերի մաքրման կայանում տեղի ունեցած խոշոր չափերի հասնող գողությունների փաստի առիթով հավաքված նյութերի հիման վրա քրգործ էր հարուցվել: Վանաձորցիները համարում են, որ Հ. Քոչինյանն ի վիճակի էր դատախազի սպանության պատվեր տալու, բայց միայն՝ «Երեւանի դաբրոյով»: Ինչ վերաբերում է քաղաքապետ Ս. Դարբինյանին, ապա մարզային դատախազությունում, վերջինիս հետ կապված, իրականում ավելի աղաղակող նյութեր են հավաքվել, որոնց մասին չի բարձրաձայնվել, որովհետեւ քաղաքապետն, իբր, փորձել է բանակցել դատախազի հետ՝ դրանք կասեցնելու նպատակով: Բայց քանի որ դատախազը շատ բարձր «վարձավճար» է պահանջել այդ գործը փակելու համար, ըստ վանաձորցիների՝ 5 եւ ավելի միլիոն դոլարի մասին է խոսքը, բանակցությունները չեն կայացել: Այդուհանդերձ, դատախազի սպանությունը քաղաքապետի «ձեռքի գործը» լինելու տարբերակը այստեղ քչերն են հավանական համարում՝ շեշտելով, որ սպանության պատվերն իջեցրել է միանգամայն այլ ուժ, որը շահագրգիռ է եղել ե՛ւ դատախազի սպանությամբ, ե՛ւ քաղաքապետին չեզոքացնելով: Վանաձորում բոլորն են համամիտ, որ Ա. Ղազարյանի սպանությունը պայմանավորված է տնտեսական շահերով, որովհետեւ այնտեղ, որտեղ խոշոր չափերի հասնող փողի շրջանառություն է եղել, դատախազը փորձել է միջամտել եւ պարտադրել իր մասնակցությունը՝ որպես փայատեր կամ «տանիք»: Ավելի հավանական է համարվում, որ դատախազի սպանության պատվերն իջեցրել է այն կլանը, որը ցանկություն է ունեցել տնտեսական միահեծան ազդեցություն հաստատել մարզում՝ այն դեպքում, երբ այսօր ՀՀԿ-ն էլ պակաս ազդեցիկ չէ: Հայտնի է, որ Լոռու մարզում ամենաշահութաբեր բիզնեսը «անտառն է»՝ Ջիլիզա, Շամրուղ, Լալվար, որի համար վանաձորցին, հե՛նց վանաձորցիների ասելով, կարող է անգամ սպանության գնալ: Փայտանյութի բիզնեսը մարզում նաեւ նախկին մարզպետի եւ նրա հարազատների «փեշակն» էր, թեեւ դրանում ներգրավված էին նաեւ «գեներալիտետը», ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը: Իհարկե, բոլոր այս կողմերը ժամանակին փոխադարձ համաձայնության էին եկել ու «մեջ-մեջ» արել այդ բիզնեսը: Լոռու մարզում ե՛ւ սպանված դատախազը, ե՛ւ նրա նախորդը բազմաթիվ անգամ են նյութեր հավաքել եւ գործեր հարուցել անտառի ապօրինի ծառահատման եւ փայտանյութի ստվերային շրջանառության փաստերի առնչությամբ: Ընդ որում, այդ բիզնեսում շրջանառվող գումարը հասնում է մի քանի տասնյակ, եթե ոչ ավելի, միլիոն դոլարների:

Բայց դատախազ Ա. Ղազարյանի սպանության համատեքստում մեզ համար սենսացիոն թվաց շրջանառվող վարկածներից եւս մեկը, որը կապվում է Դաշնակցության եւ Վ. Բաղդասարյանի անվան հետ, ընդ որում՝ որպես մեկ միասնական օղակի: Վանաձորի մեր աղբյուրների մատուցմամբ, իրենց քաղաքում Վ. Բաղդասարյանը հայտնի է քրեական շրջանակների, այդ թվում՝ «դրսի» հետ սերտ կապեր ունենալով: Ս. Դարբինյանն անտառի բիզնես, որպես այդպիսին, չունի: Նախկին մարզպետն ուներ, բայց նա այլեւս այդ բիզնեսում գործոն չէ: ՀՅԴ-ն, որպես կուսակցություն, Լոռու մարզում ազդեցիկ չէ, փոխարենը ամենաեկամտաբեր՝ անտառի բիզնեսը Լոռու մարզում փաստացի գտնվում է այդ կուսակցության՝ ի դեմս անտառտնտեսության պետ Մարտուն Մաթեւոսյանի եւ Վ. Բաղդասարյանի, մի չնչին հատված էլ՝ «գեներալիտետի» ձեռքում: Վանաձորցիների ասելով, մեկ խորանարդ մետր արդյունաբերական փայտն արժե 800-1000 դոլար: Այդպիսի փայտը վերջին շրջանում ստվերային ճանապարհով արտահանվում է արտերկիր՝ Թուրքիայով մինչեւ Գերմանիա: Իսկ 6 ամիս առաջ անտառտնտեսությունը՝ ի դեմս ՀՅԴ կարկառուն գործիչների, «գործ է» բռնել նաեւ պարսիկների հետ: Դատախազն էլ, ըստ մեր աղբյուրների, փորձել է իր մասնաբաժինն ունենալ այդ չհարկվող բիզնեսում՝ սպառնալով հակառակ դեպքում իր հավաքած նյութերին ընթացք տալ: ՀՅԴ-Վ. Բաղդասարյան համագործակցությունը վանաձորցիները հեչ էլ անհավանական չեն համարում: Նախ, Վ. Բաղդասարյանը ՀՅԴ-ական անտառապետի հետ տնտեսական շահեր ունի՝ անտառի բարիքներից նաեւ նա է օգտվում, բացի այդ՝ ԱԺ վերջին ընտրությունների ժամանակ ՀՅԴ-ն պաշտպանել է նրա թեկնածությունը, իսկ Վ. Բաղդասարյանն էլ վարձահատույց է եղել ՀՅԴ-ի քարոզչական պաստառների պատրաստելը ֆինանսավորելով:

Վանաձորի մեր աղբյուրների փոխանցմամբ, Վ. Բաղդասարյանի եւ սպանված դատախազի միջեւ հարաբերությունները, մանավանդ ԱԺ ընտրություններից հետո, այնքան էլ ջերմ չեն եղել: Փաստ է նաեւ, որ 2006-ին առաջինը տեղեկանալով Ա. Ղազարյանին մարզի դատախազ նշանակելու մասին՝ ԱԺ նախկին պատգամավորը տարածել էր, թե նրան նշանակելու են իր միջնորդությամբ, ինչից Ա. Ղազարյանը վիրավորվել էր, մանավանդ, որ դա իրականությունից հեռու էր եղել: Հայտնի է նաեւ, որ Վ. Բաղդասարյանի հարաբերությունները միշտ էլ լարված են եղել Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետի հետ, իսկ ԱԺ ընտրություններից հետո նախկին պատգամավորը իր տապալման համար մեղադրել էր նաեւ ՀՀԿ-ի Վանաձորի կառույցին: Վանաձորում կարծում են, որ դատախազի սպանությունից հետո հիմնական կասկածը քաղաքապետի դեմ ուղղելը միանգամայն ձեռնտու է Վ. Բաղդասարյանին, իսկ դատախազի սպանությունը նրան ձեռնտու է նաեւ անտառի բիզնեսը եւս մեկ հոգու հետ չկիսելու իմաստով: Նույն պատճառաբանությամբ դատախազի սպանությունը, նաեւ ՀՀԿ-ի դիրքերի թուլացումն ու կուսակցության վարկաբեկումը մարզում ձեռնտու է ՀՅԴ-ին: Ընդ որում, Վանաձորում մեր ուշադրությունը հրավիրեցին այն հանգամանքի վրա, որ դատախազի սպանությունից անմիջապես հետո «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը առաջինն էր, որն այդ սպանությունը կապեց ՀՀԿ-ական քաղաքապետի հետ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել