Լրահոս
Օրվա լրահոսը

«ՓՈՂ ՃԱՐԵԼՈՒ ԽՆԴԻՐ ՉԿԱ»

Սեպտեմբեր 04,2007 00:00

\"\"Ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը գոհ է բյուջեի վիճակից

Կառավարությունը երեկ խորհրդարանին էր ներկայացրել ՀՀ պետական բյուջեի մեկ տարվա հաշվետվությունը: Խորհրդարանի թիվ 334 դահլիճում բառի ամենաուղղակի իմաստով ասեղ գցելու տեղ չկար: Վարչապետ Սերժ Սարգսյանի ներկայացրած բյուջեի կատարողականը լսելու էին եկել գրեթե բոլոր պատգամավորները, այդ թվում նաեւ՝ «Ժառանգություն» խմբակցությունն ամբողջ կազմով, Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորությամբ: Չկար միան ՕԵԿ-ը: Խորհրդարանի հնաբնակները երեկ հիշեցին, որ բյուջեի կատարողականի նման անշլագ եղել է մեկ էլ 1999-ին, երբ մայիսյան ընտրություններից հետո ձեւավորված «Միասնություն» դաշինքից վարչապետ Վազգեն Սարգսյանն էր ներկայացնում երկրի բյուջեն:

ՀՀԿ-ականներ Սասուն Միքայելյանը ի պատասխան մեր հարցի՝ այդքան կարեւորո՞ւմ է բյուջեի հաշվետվությունը, որ եկել է խորհրդարան, ասաց, որ ինքը միշտ էլ մասնակցել է այս քննարկումներին, եւ հակառակ հարցն ուղղեց. «Իսկ ինչո՞ւ են ժուռնալիստները այսքան շատ եկել, դե, դուք էլ էս հարցին պատասխանեք»: Հանուն ճշմարտության՝ ասեմ, որ հարցը տեղին էր: Հակոբ Հակոբյանը (Երեւան) եւս ներկա էր քննարկումներին եւ ասաց, որ չի հիշում նման ակտիվ քննարկման այլ դեպք: Թեպետ ոչ նա եւ ոչ էլ ներկա հանրապետականներից որեւէ մեկը զեկուցողներին հարցեր չէին տալիս, պարզապես ներկա էին: Միակ հարց տվողները, ինչպես միշտ, «Ժառանգության» պատգամավորներն էին:

Հարցեր չուներ նաեւ ԱԺ լիագումար նիստեր խիստ հազվադեպ հաճախող Լեւոն Սարգսյանը (նախկին՝ Ալրաղացի): Ինչպես պարզվեց հետո, նա նաեւ պատասխաններ չուներ, քանի որ չպատասխանեց ոչ «Առավոտի» եւ ոչ էլ մեկ այլ թերթի լրագրողի հարցերին եւ սաստիկ զայրացավ, երբ վերջինս նրանից փորձեց պարզել, թե հիմա ի՞նչ մականուն ունի՝ «Ալրաղացը» վաճառելուց հետո: «Առավոտի» հարցին՝ ինչո՞վ է այսքան կարեւորել բյուջեի հաշվետվությունը, որ եկել է խորհրդարան, պարոն Սարգսյանը պատասխանեց. «Լավ, է՜, թող հանգիստ նստեմ, ախպոր պես»: Իսկ անկախ պատգամավոր, ապարանցի Լյովա Խաչատրյանը ազնվորեն կատակեց. «Կանչել են, եկել եմ»: Կողքից հրազդանցի Սասուն Միքայելյանը շարունակեց կատակը. «Մենք քոռ-քոռ եկանք, ինքն էլ մեր հետեւից եկավ, պրծա՞նք»:

Ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց «անշլագի» իր բացատրությունը. «Նոր նստաշրջանի նոր պատգամավորները որպես առաջին փորձառություն այսպես են սկսում եւ ակտիվ գալիս են խորհրդարան»: Ֆինանսների նախարարից նաեւ հետաքրքրվեցինք՝ պատգամավորների հարցերը արդյոք որեւէ կերպ տեղ գտնո՞ւմ են բյուջեի հաջորդ հաշվետվությունների ժամանակ, թե՞ դրանք ուղղակի ձեւական հարցեր են, որոնք ոչ մի հետաքրքրություն չեն ներկայացնում: Վարդան Խաչատրյանն ասաց, որ ամեն ինչ հաշվի է առնվում։ «Եթե վրիպակներ կան, մենք շտկում ենք, քանի որ Վերահսկիչ պալատն ամեն օր մեզ հետ աշխատում է, եւ եթե մեր երկուսի աչքից ինչ-որ բան վրիպել է եւ հարցադրումն օրինական է, անպայման վերջնական տարբերակում ենք շտկումներ անում կամ էլ մյուս տարվա հաշվետվության ժամանակ հաշվի ենք առնում»,- նշեց նախարարը:

Հարցին՝ ինքը որպես ֆինանսների նախարար՝ գոհ ու բավարարվա՞ծ է բյուջեի վիճակով, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Ո՞նց չբավարարվեմ, տեսեք՝ ինչքան ենք բյուջեն կատարել, նույնիսկ մեր վերաճշտածով մոտ 39 միլիարդ ավելացրել ենք ԱԺ-ում հաստատված եկամուտներին, բյուջեն 103 տոկոսով կատարվել է, էլ չեմ ասում, որ խնայողություններ ունենք, տարին մենք ավարտել ենք 21 միլիարդ ազատ մնացորդով, երբ բոլոր ծախսերը, ինչպես գիտեք, զգալի աճել են, այդ թվում եւ քաղծառայողների աշխատավարձերը, թոշակները, սոցիալական նպաստները, ուսուցիչների աշխատավարձերը, եւ ամբողջ այդ ծավալի աշխատանքները կատարելուց հետո ունեցել ենք նաեւ լրացուցիչ միջոցներ»:

Վերջերս կառավարության նիստում որոշվեց, որ եկող տարվա հունվարի 1-ից կենսաթոշակները պետք է բարձրացվեն 60 տոկոսով: Մենք տեղեկություններ ունեինք, որ վարչապետ Սերժ Սարգսյանը հանձնարարել է ֆինանսների նախարարին՝ որտեղից ուզում է փող ճարի՝ այս բարձրացումն իրականացնելու համար: Երեկ մենք անձամբ նախարարից հետաքրքրվեցինք, թե ինքը որտեղի՞ց է պատրաստվում փող ճարել, Վարդան Խաչատրյանն ասաց. «Փող ճարելու հարց չկա, մեր նախնական հաշվարկներով՝ բարձրացումը կկատարվի 60 տոկոսով, բայց մեր ծրագրում կա, որ թոշակը պետք է հավասար լինի աղքատության գծին, իսկ մեր նախարարության կանխատեսումներով դա լինելու է 21 հազար 800 դրամի շրջանակներում, հետեւաբար, մեր նախորդ հանձնարարականում նշված 20 հազար 400 դրամի պայմաններում եւս պետք էին լրացուցիչ գումարներ, որոնք 2008-ի պետական բյուջեում արդեն ներառած են, եւ եւս 4-5 միլիարդի կարգի ավելացումներ կլինեն, որը կապահովի կենսաթոշակների բարձրացումը: Եթե խնդիրը դրված է, խնդիրը պետք է լուծվի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել