Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՆՈՐ ՈՒՍՏԱՐԻՆ՝ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

Սեպտեմբեր 01,2007 00:00

Երեկ «Ուրբաթ» ակումբում ՀՀ ԿԳ նախարարության Հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը հանդիպեց լրագրողների հետ: Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 1-ին առաջին անգամ դպրոց է հաճախելու 35000 երեխա: Նա շեշտեց, որ նոր ուսումնական տարում որպես առաջին դասարանի աշակերտներ դպրոց են հաճախելու միայն 6 տարեկանները: «Նրանց բոլոր դասագրքերը, բացի երգեցողությունից եւ օտար լեզվից, կտրվեն անվճար»,- հայտնեց Ն. Հովհաննիսյանը: Իսկ 2-10-րդ դասարանների աշակերտների դասագրքերն էլ վարձակալությամբ են հանձնվելու՝ յուրաքանչյուր դասագրքի համար աշակերտը ստիպված կլինի վճարել 300-400 դրամ: Վարչության պետը հայտնեց, որ արդեն տպագրվել են 1 տասնյակ նոր անուն դասագրքեր՝ նախատեսված 12-ամյա դպրոցի համար: Տիկ. Հովհաննիսյանը ասաց, որ այս տարի վերապատրաստվել է 11000 ուսուցիչ: Խոսելով դպրոցական համազգեստների մասին, Ն. Հովհաննիսյանը նշեց, որ նախարարի կողմից երբեք հրահանգ չի եղել, թե այն պարտադիր է: Նա ասաց, որ ԿԳ նախարարությունը այժմ մշակել է նաեւ «Կրթության զարգացման 2007-2015թթ. ծրագիր», որն ուղղված է դպրոցներում կրթության որակի բարձրացմանը. «Մշակվել է ավագ դպրոցի հայեցակարգը, ըստ որի՝ կներդրվի ուսուցման հոսքային համակարգ՝ պայմանավորված աշակերտների նախասիրությամբ, ընդունակությամբ եւ առանձին առարկաների խորացմամբ»: Վարչության պետի փոխանցմամբ, բարձր դասարանցիների պարապելը կրկնուսույցների մոտ՝ «խփում» է դպրոցի վարկանիշին եւ այս խնդրի լուծման երաշխիքը ավագ դպրոցն է. «10-րդ դասարանցիները լրացուցիչ գիտելիքները ստանալու հնարավորություն չունենալու պատճառով բացակայում են դասերից: Ավագ դպրոցում երեխան հնարավորություն կունենա խորանալ նախընտրած առարկաներով, որպեսզի հետագայում կարողանա բուհ ընդունվել: Իսկ նրանք, ովքեր չեն ցանկանա բարձրագույն կրթություն ստանալ, կսովորեն արհեստագործական դպրոցներում: Առաջիկա 3 տարիներին հանրապետությունում կլինեն 150 ավագ դպրոցներ: Նրանց բյուջեն մեծ կլինի՝ պայմանավորված լաբորատոր սարքավորումներով եւ ուսուցիչների հավելյալ վարձավճարներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել