Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Սեպտեմբեր 01,2007 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք հինգերորդ

Գլուխ տասնչորսերորդ

ՀՈԴՎԱԾԻ ՆԱԽԱԳԻԾ

– Քննադատական հոդված ա ստացվում,- մտահոգ ասաց Սեյրանը.- էդ պարետն էլի պիտի նեղանա:

– Կնեղանա էլ, կլենանա էլ,- ասաց Աշոտը:

– Թող Դարբինյանից նեղանա,- ասաց Սեյրանը.- մենք ի՞նչ կապ ունենք:

– Հենց Դարբինյանից էլ նեղանալու ա,- ասաց Աշոտը.- հո Արմոյից չի՞ նեղանալու:

– Արմենին ե՞րբ ա ճանաչում, որ նեղանա,- ասաց Սեյրանը.- ինձանից ու Դարբինյանից ա նեղանալու:

– Քեզանի՞ց խի պիտի նեղանա,- ասաց Աշոտը.- դու կատարող մարդ ես. քեզ ինչ հանձնարարում են՝ պարտավոր ես կատարել:

– Էդքանը հասկանում ա՞ որ,- ասաց Սեյրանը.- մինչեւ հիմի ինձանից նեղացած ա:

– Ո՞վ ա նեղացած,- հարցրեց Աշոտը:

– Էդ պարետը,- ասաց Սեյրանը:

– Ինչի՞ ա նեղացած,- հարցրեց Աշոտը:

– Էն քո հոդվածի համար,- ասաց Սեյրանը:

– Իմ հոդվածի համար քեզանից ա՞ նեղացել,- զարմացավ Աշոտը:

– Էն ջարդված սեղաններն ու աթոռները որ նկարել եմ, դրա համար ա նեղացել,- ասաց Սեյրանը:

– Կարող ա՞ էդ սեղաններն ու աթոռները դու էիր ջարդել,- ծիծաղեց Աշոտը:

– Չգիտեմ ով ա ջարդել, բայց ինքն ինձանից ա նեղացել:

– Կարող ա՞ էդ սեղաններն ու աթոռները սարքեիր՝ նոր նկարեիր,- հարցրեց Աշոտը:

– Ասում ա՝ էդքան սաղլամ սեղան ու աթոռ կար, բայց դու հատուկ ջոկել՝ ջարդվածներն ես նկարել,- ասաց Սեյրանը:

– Այսինքն, պիտի ջոկեիր՝ սաղլամները նկարեի՞ր,- ծիծաղեց Աշոտը:

– Ասում ա՝ Դարբինյանը մուռ ա հանում,- ասաց Սեյրանը:

– Ի՞նչ մուռ,- հարցրեց Աշոտը:

– Վայ թե Դարբինյանն էդ պարետից վախտին բան ա խնդրել, բայց էդ պարետը չի արել,- բացատրեց Սեյրանը:

– Ի՞նչ ա խնդրել,- հարցրեց Աշոտը:

– Քրոջ աղջկա համար խնդրել ա, որ Մասիվի հանրակացարանից տեղափոխեն Զեյթուն:

– Հետո՞,- հարցրեց Աշոտը:

– Ինքը Դարբինյանի էդ խնդրանքը չի արել, դրա համար էլ, էս քանի տարի ա, Դարբինյանը մուռ ա հանում. մի անգամ Վանիկին գրել տվեց, երկրորդ անգամ՝ քեզ, հիմի էլ Արմենին ա գրել տալի:

– Քեզ ո՞վ ա էդ բաներն ասել,- հարցրեց Աշոտը:

– Էդ պարետը,- ասաց Սեյրանը:

– Որ էդքանը հասկանում ա, թող վախտին Դարբինյանի ասածն աներ,- ասաց Աշոտն ու ավելացրեց.- մանավանդ որ՝ խնդրածն առանձնապես մեծ բան չի էղել:

– Հիմի ինքը պատրաստ ա, բայց արդեն Դարբինյանը չի խնդրում,- ասաց Սեյրանը:

– Էդ էր պակաս՝ էդքանից հետո խնդրեր,- ասաց Աշոտը.- մանավանդ որ՝ քրոջ աղջիկն էս տարի արդեն ավարտում ա:

– Համենայն դեպս, էսքան երկար մուռ պահելն է՛լ մի բան չի,- ասաց Սեյրանը:

– Էդ արդեն ինձ ու քեզ չի վերաբերում,- ասաց Աշոտն ու ավելացրեց.- մեզ մեր վերադասն ինչ որ հանձնարարում ա, պարտավոր ենք կատարել:

– Բան չունեմ ասելու,- ասաց Սեյրանը:

– Ավելի լավ ա՝ դակումենտներիդ հարցերով զբաղվես,- ասաց Աշոտը:

– Ճիշտ ես ասում,- ասաց Սեյրանը.- ինչքան ուզում են՝ թող իրար քննադատեն:

– Ոչ մեկը ոչ մեկին չի քննադատում,- ասաց Աշոտը.- Արմոն իրա աչքի տեսածն ա գրելու:

– Ռեալիստակա՞ն,- ժպտաց Սեյրանը:

– Հա,- ասաց Աշոտը:- Արմոյին ոչ ոք չի ստիպում, որ քննադատական հոդված գրի. ինչ որ տենա՝ էդ էլ թող գրի:

– Էդ հանրակացարանում լավ բան կա՞, որ լավը տենա,- ժպտաց Սեյրանը.- պարզ ա, որ վատը պիտի տենա:

– Էդ արդեն մեր մեղքը չի,- ասաց Աշոտը:

– Ճիշտ ես ասում,- ժամացույցին նայելով՝ ասաց Սեյրանը.- ես գնամ դակումենտներովս զբաղվեմ:

– Ուրեմն, վաղն ամենաուշը չորսին քեզ ենք սպասում,- ասաց Աշոտը:

– Էս սեղանները կհավաքեք,- Աշոտին ասաց Սեյրանը:

– Լավ ա զգուշացրիր,- ասաց Աշոտը:

– Որ ըսենց թափած թողեք, էլի ես եմ մեղավոր դուս գալու,- ասաց Սեյրանը:

– Ըտե՛նց կխելոքանաս,- ծիծաղեց Աշոտը:

– Քեզ նորից եմ շնորհավորում,- ձեռքս սեղմելով՝ ասաց Սեյրանը:

– Ես էլ քեզ եմ շնորհավորում,- ասացի ես:

– Մերսի, Աշոտ ջան,- Աշոտի ձեռքը սեղմելով՝ ասաց Սեյրանը:

– Ինչի՞ համար,- հարցրեց Աշոտը:

– Դու լավ գիտես՝ ինչի համար,- ասաց Սեյրանը:

– Մերսի, Սեյրան ջան,- ժպտաց Աշոտը:

– Ինչի՞ համար,- զարմացավ Սեյրանը:

– Էս շամպայնների ու շոկոլադների համար,- ասաց Աշոտը:

– Ձեռ ե՞ս առնում,- հարցրեց Սեյրանը:

– Դու ինձ ես ձեռ առնում, ես էլ՝ քեզ,- ասաց Աշոտը:

– Ես քեզ ե՞րբ եմ ձեռ առել,- զարմացավ Սեյրանը:

– Դու ինձ ես մերսի ասում, ես էլ՝ քեզ,- ասաց Աշոտը:

– Ես քեզ մերսի ասելու պատճառ ունեմ,- ասաց Սեյրանը:

– Ես է՛լ պակաս պատճառ չունեմ,- շամպայնի շիշը վերցնելով եւ իմ ու իր բաժակները լցնելով՝ ասաց Աշոտը:

– Ես գնացի,- ասաց Սեյրանը:- Վաղը կհանդիպենք:

Երբ Սեյրանն արդեն դուրս էր եկել, ես հանկարծ հիշեցի, որ մաղարիչի փողը չեմ տվել ու սենյակից դուրս թռա:

– Սեյրա՛ն,- միջանցք դուրս գալով՝ իր հետեւից գոռացի ես:

– Ասա, Արմեն ջան,- շրջվելով ու ինձ տեսնելով՝ ասաց Սեյրանը:

– Փո՛ղը չտվի,- ասացի ես:

– Ի՞նչ փող,- զարմացավ Սեյրանը:

– Մաղարիչի փողը:

– Ի՞նչ մաղարիչի փող:

– Իրար հետ էինք, չէ՞, էս մաղարիչն անելու:

– Հա,- ասաց Սեյրանը.- իրար հետ էլ արեցինք:

– Ես ինչքա՞ն պիտի տամ:

– Ի՞նչ պիտի տաս,- չհասկացավ Սեյրանը:

– Փող,- ասացի ես:

– Ի՞նչ փող:

– Էդ շամպայնների ու մյուս բաների համար:

– Դրանց փողն արդեն տվել ես:

– Ե՞րբ եմ տվել,- զարմացա ես:

– Չեմ հասկանում,- ասաց Սեյրանը.- էն վեց մանեթը քո փողը չէ՞ր:

– Ի՞նչ վեց մանեթ:

– Լաբորատորիայում որ տվիր:

– Էդ ֆոտոների փողն էր:

– Ի՞նչ ֆոտոներ:

– Քո արած:

– Ո՞վ ասեց, որ էդ վեց մանեթն իմ արած ֆոտոների փողն ա:

– Դու ես ասել:

– Ըտենց բան ե՞մ ասել:

– Հա,- ասացի ես:

– Հանաք եմ արել,- ժպտաց Սեյրանն ու ավելացրեց.- ճիշտը որ ուզում ես իմանաս, էդ վեց մանեթից հըլը մի քանի կոպեկ էլ զդաչի պիտի քեզ տամ:

– Զդաչին պետք չի,- ծիծաղեցի ես:

– Հո ժողովրդին չե՞ս ասել, որ ֆոտոներիդ համար փող եմ ուզել:

– Խի՞ պիտի ժողովրդին ասեի:

– Եսիմ,- ասաց Սեյրանը.- որ հանաքս լուրջ ես ընդունել, կարող ա իրանց էլ ասեիր:

– Չեմ ասել,- ասացի ես:

– Թե չէ՝ մի տարի էլ էդ թեման պիտի քոքեին:

– Մերսի, Սեյրան ջան,- ասացի ես:

– Մերսին ո՞րն ա,- նեղացավ Սեյրանը.- խոսքներդ մեկ արած՝ ինձ ձեռ ե՞ք առնում:

– Լրիվ լուրջ եմ ասում,- ասացի ես:

– Հաջողություն,- ասաց Սեյրանն ու կտրուկ շրջվելով՝ մի քանի քայլ գնաց, հետո էլի շրջվեց ու ժպտալով ավելացրեց.- լրիվ լուրջ եմ ասում:

– Հաջողություն,- ժպտացի ես ու վերադարձա խմբագրություն:

– Էդ հանկարծ ո՞ւր թռար,- հարցրեց Աշոտը:

– Սեյրանին բան պիտի ասեի,- ասացի ես:

– Իրան ինչ էլ ասես, մի ականջով մտնում՝ մյուսով դուս ա գալի:

– Հետաքրքիր մարդ ա,- ասացի ես:

– Հա,- ասաց Աշոտը.- որ ճիշտն ուզում ես իմանաս, ահագին լավ կողմեր էլ ունի:

– Ես մենակ լավն եմ տեսել,- ասացի ես:

– Հա,- ասաց Աշոտը.- մի ժամվա մեջ ֆոտոներդ արեց պրծավ:

– Մի ժամ էլ չքաշեց,- ասացի ես:

– Ինքը ըտենց ա,- ասաց Աշոտը.- անսպասելի բաներ շատ ա անում. համ լավ իմաստով, համ էլ՝ վատ:

– Վատը չեմ տեսել,- ասացի ես:

– Երեւի չես էլ տենա,- ասաց Աշոտը:- Իրա հետ համարյա գործ չես ունենալու. իրա հետ որ գործ չես ունենում, շատ լավ ա:

– Իրա հետ էրկու անգամ գործ եմ ունեցել, էրկու անգամ էլ իրան արդարացրել ա,- ասացի ես:

– Ֆոտոներդ լավ հասցրեց,- ասաց Աշոտը.- ինքը, փաստորեն, քեզ վիռուչատ արեց:

– Մաղարիչի հաշվով էլ վիռուչատ արեց,- ասացի ես:

– Ո՞նց վիռուչատ արեց,- զարմացավ Աշոտը,- դու իրան փող չես տվե՞լ:

– Փող տվել եմ, բայց էս առեւտուրն ինքը մենմենակ արեց:

– Ինքը մենմենակ առեւտուր անել սիրում ա,- ասաց Աշոտը:- Փողասիրությունն իրա ամենավատ գիծն ա:

– Ո՞վ փող չի սիրում,- հարցրի ես:

– Ի՛նքը:

– Սեյրա՞նը:

– Հա,- ծիծաղեց Աշոտը:

– Փող չի սիրո՞ւմ:

– Չի սիրում,- ծիծաղեց Աշոտը.- պաշտում ա:

– Կյանքն ա ստիպում,- ասացի ես:

– Կյանքը սաղիս էլ ստիպում ա,- ասաց Աշոտը:

– Երեւի իրան ավելի ա ստիպում,- ասացի ես:

– Սաղին հավասար ա ստիպում:

– Ինքը վարձով ա ապրում:

– Էդ պատճառ չի,- ասաց Աշոտը.- ես էլ եմ վարձով ապրում:

– Ինքը փոքր էրեխեք ունի:

– Ես էլ ունեմ,- ասաց Աշոտը.- մի տարեկան աղջիկ ունեմ:

– Աղջկադ կենացը խմենք,- առաջարկեցի ես:

– Խմենք,- բաժակները լցնելով՝ ասաց Աշոտը:- Աղջկաս ցավը տանեմ:

– Էրեխեքի կենացը,- բաժակս Աշոտի բաժակին խփելով՝ ասացի ես.- քո ու Սեյրանի էրեխեքի կենացը:

– Իրանց համար ենք ապրում,- ասաց Աշոտն ու խմեց:

– Ձեր էրեխեքի կենացը,- ասացի ես ու մի քիչ խմեցի:

– Էրեխա չունե՞ս, Արմո,- հարցրեց Աշոտը:

– Չէ, ասացի ես.- ամուսնացած չեմ:

– Ամուսնանալուց հետո կյանքը լրիվ փոխվում ա,- ասաց Աշոտը, հետո ժպտաց ու ավելացրեց.- ավելի ճիշտ, ոչ թե կյանքն ա փոխվում, այլ՝ ամուսնացողի՛ կյանքն ա փոխվում:

– Դեպի վատն ա՞ փոխվում, թե՝ դեպի լավը:

– Ոչ դեպի վատը, ոչ էլ՝ դեպի լավը,- ասաց Աշոտը.- ուղղակի փոխվում ա. ուրիշ կյանք ա դառնում:

– Չգիտեմ,- ասացի ես.- ոչ մի անգամ չեմ ամուսնացել:

– Մի էլ վռազի,- ասաց Աշոտը:

– Խի՞,- հարցրի ես.- փոշմանե՞լ ես, որ ամուսնացել ես:

– Փոշմանելը չեմ փոշմանել, բայց հոգսերս շատ են ավելացել,- ասաց Աշոտը, հետո մի քիչ մտածեց, ավելացրեց.- ավելի ճիշտ՝ պարտականություններս են ավելացել:

– Աղջկադ շատ ե՞ս սիրում:

– Աղջկաս ցավը տանեմ: Մենակ էրեխի հանգամանքը հերիք ա, որ ամուսնանալու համար չփոշմանես,- ասաց Աշոտն ու ինձ հարցրեց.- ամուսնանալու միտք չունե՞ս:

– Էս աշխատանքիս հարցը լուծվի՝ կտենանք,- ասացի ես:

– Աշխատանքիդ հարցը փաստորեն լուծված ա:

– Ո՞նց ա լուծված:

– Ուրիշ ո՞նց ա լուծվում,- զարմացավ Աշոտը.- Դարբինյանն արդեն հրամանդ տվել ա:

– Դու քեզնից կախված ամեն ինչ արիր,- ասացի ես ու ավելացրի.- մնում ա՝ ես ինձ արդարացնեմ:

– Ի՞նչ իմաստով:

– Էդ հոդվածի իմաստով:

– Էդ հոդվածի համար իզուր ես էդքան անհանգստանում:

– Կյանքումս հոդված գրած չկամ:

– Ես էլ գրած չկայի, բայց գրեցի:

– Ե՞րբ:

– Ուղիղ մի տարի առաջ,- ասաց Աշոտը:- Ես էլ եմ առաջին հոդվածս էդ հանրակացարանի մասին գրել:

– Անհանգիստ չէի՞ր,- հարցրի ես:

– Ինչի՞ համար:

– Որ առաջին անգամ հոդված էիր գրելու:

– Արդեն չեմ հիշում,- ասաց Աշոտը.- կարող ա անհանգիստ էի, բայց՝ ո՛չ քո չափ:

– Որ չես հիշում, ո՞նց ես ասում, որ իմ չափ անհանգիստ չէիր:

– Որ քո չափ անհանգիստ էղած ըլնեի, հաստատ կհիշեի,- ծիծաղեց Աշոտն ու ավելացրեց.- վախենալու բան չկա, Արմո ջան. որ էդ բանաստեղծությունները գրել ես, էս հոդվածը ձախ ձեռով էլ կգրես:

– Ախր ի՞նչ պիտի գրեմ,- նեղսրտեցի ես:

– Հանրակացարանում չես ապրե՞լ:

– Չէ:

– Ափսոս,- ասաց Աշոտը.- որ հանրակացարանում ապրած ըլնեիր, գրելիքդ լրիվ կպատկերացնեիր:

– Չեմ ապրել:

– Ապրելն է՛լ կապ չունի. հանրակացարանում գոնե մի անգամ էղած կա՞ս:

– Ո՞նց չեմ էղել,- ասացի ես.- կուրսեցիներս հանրակացարանում էին ապրում:

– Ո՞ր հանրակացարանում ես էղել:

– Համարյա բոլոր հանրակացարաններում էլ էղել եմ:

– Հանրակացարանում ի՞նչ էիք անում:

– «Սեկա» էինք խաղում,- ժպտացի ես:

– Կուրսեցիներիդ հետ էի՞ր խաղում,- հարցրեց Աշոտը:

– Չէ,- ասացի ես.- հիմնականում պատմաբանների ու մաթեմատիկների հետ էի խաղում:

– Մենակ «Սեկա» էի՞ք խաղում,- ժպտաց Աշոտը:

– Չէ,- ասացի ես.- «Բլոտ» էլ էինք խաղում:

– Էդ «Բլոտն» էլ ա՞ թղթախաղի տեսակ:

– Հա:

– Առաջին անգամ եմ լսում:

– Լրիվ նոր խաղ ա,- ասացի ես.- կարծեմ ֆրանսիական ա:

– Հանրակացարանում մենակ թղթախաղով էի՞ք զբաղվում,- հարցրեց Աշոտը:

– Չէ,- ասացի ես.- որ լեկցիաները գրած չէի ըլնում, գնում էի հանրակացարան՝ մերոնց լեկցիաներով պարապում էի:

– Էդ շատ լավ ա,- ասաց Աշոտը.- ուրեմն, հանրակացարանային կյանքին ու պայմաններին ահագին ծանոթ ես:

– Հա,- ասացի ես.- որոշ չափով ծանոթ եմ:

– Էլ խի՞ ես վախենում:

– Չգիտեմ՝ ինչ պիտի գրեմ:

– Ինչ որ տենաս՝ էն էլ կգրես:

– Բա ասում էիք՝ քննադատական պիտի գրվի:

– Ո՞վ էր ասում:

– Սեյրանը:

– Էդ ախմախի ասածներին շատ մի ուշադրություն դարձրու:

– Այսինքն, քննադատական չպիտի՞ գրվի,- հարցրի ես.- գովասանակա՞ն պիտի գրվի:

– Էդ տերմի՞նը որտեղից գտար,- ծիծաղեց Աշոտը:- Ո՛չ քննադատական պիտի գրվի, ո՛չ էլ… ոնց ասեցի՞ր:

– Գովասանական,- ծիծաղեցի ես:

– Ոչ էլ գովասանական,- ծիծաղեց Աշոտը.- նորմալ հոդված պիտի գրվի:

– Նորմալը ո՞րն ա:

– Նորմալն էն ա, որ աչքիդ տեսածն ես գրում:

– Այսինքն, ռեալիստակա՞ն:

– Հա. ռեալիստական,- ծիծաղեց Աշոտը:

– Բա ասում էիք՝ Դարբինյանն էդ պարետի վրա մուռ ունի:

– Ո՞վ ա ըտենց բան ասել,- զարմացավ Աշոտը:

– Սեյրանը:

– Սեյրանի ասածները մոռացի՛:

– Հա,- ասացի ես:

– Ոչ Դարբինյանն ա էդ պարետի մասին քեզ որեւէ բան ասել, ոչ էլ՝ ես,- ասաց Աշոտը.- էդ ախմախի ասածը մոռացի:

– Էղավ,- ասացի ես:

– Կարող ա՞ Դարբինյանն էդ պարետի մասին քեզ բան ա ասել:

– Չէ,- ասացի ես.- ինքը հետս մենակ գրականության մասին ա խոսել:

– Գրականության մասին որ խոսում էիք, ես ներկա էի,- ասաց Աշոտն ու ավելացրեց.- գրականության մասին սխալ բաներ ասեցիր:

– Ի՞նչ սխալ բաներ,- զարմացա ես:

– Որ քեզ պոեզիայից հարցնում էր, առաջինը պիտի Չարենցի անունը տայիր:

– Խի՞,- զարմացա ես:

– Որովհետեւ իրա դիսերտացիայի թեման Չարենցի պոեզիան ա,- բացատրեց Աշոտը:

– Չգիտեի,- արդարացա ես:

– Բան չունեմ ասելու,- ասաց Աշոտը:

– Անհարմար բան ստացվեց:

– Անհարմար բան չկա,- ժպտաց Աշոտը:

– Անհարմարն էն ա, որ ես Չարենցին մյուսներից շատ եմ սիրում, բայց էդ պահին մտքիցս թռել էր:

– Ի՞նչ իմանայիր, որ իրա դիսերտացիայի թեման Չարենցն ա,- ծիծաղեց Աշոտը:

– Առանց իմանալու էլ պիտի առաջինը Չարենցի անունը տայի, որովհետեւ Չարենց շատ եմ սիրում:

– Չարենցի ո՞ր շրջանն ես սիրում,- հարցրեց Աշոտը:

– Բոլոր շրջաններն էլ սիրում եմ:

– Չեղավ,- ծիծաղեց Աշոտը.- իրա դիսերտացիայի թեման Չարենցի վաղ շրջանն ա:

– Էս հանրակացարանի հոդվածից որ պրծնեմ, կսկսեմ Չարենցի վաղ շրջանն ուսումնասիրել,- ծիծաղեցի ես:

– Էդ հոդվածից շատ մի վախեցի,- ժպտաց Աշոտը.- ամեն ինչ լավ կըլնի:

– Ասում ես՝ Դարբինյանն էդ պարետի վրա մուռ չունի՞,- հարցրի ես:

– Ըտենց բան է՛լ չեմ ասել,- ասաց Աշոտը, հետո մի քիչ մտածեց, ավելացրեց.- Դարբինյանը գիտի, որ ոնց էլ գրես՝ քննադատական կստացվի:

– Ո՞նց,- զարմացա ես:

– Ինքը գիտի, որ եթե նույնիսկ շատ ուզենաս, էլի չես կարա էդ ավերակ հանրակացարանի մասին գովասանական հոդված գրես:

– Պարզ ա:

– Ի՞նչն ա պարզ:

– Դարբինյանն էդ պարետի հետ չունի, դրա համար էլ ուզում ա, որ էդ հանրակացարանի մասին գրեմ:

– Մի բանի մասին պիտի գրեիր,- ասաց Աշոտը.- որ ընդունվել ես գործի, անպայման պիտի հոդված գրես:

– Պարզ ա:

– Որ ուզում ես իմանաս, էդ հանրակացարանի մասին գրելն ավելի հեշտ ա, քան՝ ուրիշ թեմաներով:

– Ուրիշ ի՞նչ թեմաներ կան:

– Ասենք, լենինյան թոշակառուների մասին պիտի գրեիր:

– Լենինյան թոշակառուների մասին ի՞նչ պիտի գրեի:

– Կամ դիմանկար, կամ էլ՝ հետները հարցազրույց պիտի անեիր:

– Հարցազրույցն ավելի հեշտ չի՞:

– Հեշտը երեւի հեշտ ա, բայց շատ տհաճ ա:

– Ինչո՞վ ա տհաճ:

– Չեմ կարա բացատրեմ,- ասաց Աշոտը.- կեղծ սիտուացիաներ են:

– Ի՞նչ կեղծ սիտուացիաներ:

– Դու իրանց կեղծ հարցեր ես տալի, իրանք էլ կեղծ պատասխանում են:

– Քեզ ո՞վ ա ստիպում, որ կեղծ հարցեր տաս:

– Սովետական ժուռնալիստիկան էդ ա:

– Ոչ սովետական ժուռնալիստիկայից գաղափար ունեմ, ոչ էլ՝ կապիտալիստականից:

– Բայց ճիշտ ես ասում, որ հարցազրույցի ժանրը համեմատաբար հեշտ ա,- ասաց Աշոտը.- դու հիմար հարցեր ես տալի, իրանք էլ հիմար-հիմար պատասխանում են:

– Հա,- համաձայնվեցի ես:

– Էդ հանրակացարանի մասին գրածդ է՛լ պիտի հարցազրույցի տարրեր պարունակի:

– Ի՞նչ հարցազրույցի տարրեր:

– Նախ պիտի հանրակացարանի ընդհանուր վիճակը նկարագրես, հետո պիտի էդ հանրակացարանում ապրող ուսանողներին հարցուփորձ անես:

– Ո՞նց պիտի հարցուփորձ անեմ:

– Պիտի հարցնես, թե իրանք իրանց էդ հանրակացարանում ո՞նց են զգում,- բացատրեց Աշոտը.- պիտի իրանց անունից իրավիճակը նկարագրես, որ գրածդ քո սուբյեկտիվ կարծիքը չըլնի:

– Մոտավորապես սկսում եմ պատկերացնել,- ասացի ես:

– Որ տեղը գա, էդ պարետին էլ պիտի հարցեր տաս:

– Ի՞նչ հարցեր:

– Մոտավորապես նույն հարցերը՝ որ ուսանողներին ես տալու:

– Բայց պարետն ինքը իրան հո չի՞ քննադատի:

– Որ չքննադատի, ավելի ծիծաղելի վիճակի մեջ կհայտնվի,- ասաց Աշոտը.- չես պատկերացնում, թե էդ հանրակացարանի վիճակն ինչքան ահավոր ա:

– Որ էդքան ահավոր ա, ո՞նց մինչեւ հիմի էդ պարետին գործից չեն հանել:

– Էս հոդվածիցդ հետո երեւի հանեն,- ծիծաղեց Աշոտը:

– Ո՞նց թե,- ցնցվեցի ես.- իմ պատճառո՞վ:

– Մի վախեցի,- ծիծաղեց Աշոտը.- իրա դեմ որ «Սովետական Հայաստանն» էլ գրի, էլի իրա մազին չեն կպնի:

– Ինչի՞:

– Որովհետեւ էդ պարետը մինիստրի հեռու բարեկամն ա,- ասաց Աշոտն ու մի քիչ մտածելուց հետո ավելացրեց.- կամ էլ՝ համագյուղացին. հաստատ չգիտեմ:

– Ո՞ր մինիստրի:

– Կամ առողջապահության, կամ էլ՝ բարձրագույնի:

– Ձեր ինստիտուտն էդ մինիստրներից որի՞ն ա ենթարկվում:

– Էրկուսին էլ:

– Էրկուսին հավասա՞ր:

– Համարյա:

– Որ էդ պարետին չեն հանելու, էլ իզուր տեղը խի՞ ենք իրա դեմ հոդված գրում,- հարցրի ես:

– Պրոֆիլակտիկայի համար,- ժպտաց Աշոտը:- Ուզում ենք ցույց տանք, որ մենք է՛լ ենք մարդ: Ավելի ճիշտ, Դարբինյանն ուզում ա ցույց տա, որ ինքը ոչ մեկից չի վախենում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել