Լրահոս
Օրվա լրահոսը

Կտրոն պահանջելը՝ հայհոյանք

Սեպտեմբեր 01,2007 00:00

Մի մեքենայի վաճառքի պատմություն

Իրականացավ հիմարիս երազանքը՝ 40-ամյակիս ինքս ինձ նվեր գնեցի մեքենա: Արդեն տարիքս այն չէ՝ երթուղայինում կքած կամ ինչ-որ մեկի գրկին նստած աշխատանքի կամ տուն գնալու համար: Տղայիս պարտեզ է պետք հասցնել, աղջկաս՝ դպրոց, դպրոցն էլ հեռու է, սեպտեմբերն էլ ուր որ է…

Կարճ ասած՝ ստիպվա՛ծ էի ինձ այդ շռայլությունը թույլ տալ: Ոչ շուկա գնացի, ոչ էլ Գերմանիայից պատվիրեցի. գործընկերս մի արտասահմանյան ու ժողովրդական մեքենա ուներ, հարմար գնով ծախում էր, գնեցի:

Ու միասին գնացինք Կենտրոն համայնքի պետավտոտեսչության վարչություն՝ ձեւակերպելու…

Երեւանի Կենտրոն համայնքի «ԳԱԻ»-ն ամենեւին էլ քաղաքի կենտրոնում չէ։ Դրսում մեքենան կանգնեցնելու տեղ չկա, ներսում՝ շարժվելու: Յուրաքանչյուր դռան ու պատուհանի մոտ հերթեր են՝ նման Սովետական Հայաստանից վառ հիշողություն մնացած անկանոն ու անհասկանալի հերթերին, երբ իրար գլխի հավաքված մարդակույտում անօգուտ է վերջ ու սկիզբ փնտրելը։ Ամեն ինչից ՍՈՎԵՏԻ հոտ է գալիս, հատկապես չհրկիզվող պահարաններից: Ցուցանակներն ու բլանկները ռուսերեն են, պատերին մարտի 8-ի 20-ամյա վաղեմության ռուսալեզու շնորհավորանքի պաստառներ են եւ մերօրյա հայալեզու զգուշացումներ. «մուտքը սպորտային հագուստով խստիվ արգելվում է», «չաղմկել», «չծխել»… Շուրջբոլորն իրարանցում է, աղմուկ ու ծուխ:

Առաջին մարդը, ում հանդիպեցինք՝ Ռաֆոն էր: Սովորաբար նրան են դիմում ներս մտնողները, նա էլ ուղղություն է ցույց տալիս. կամ երկար, խորդուբորդ ճանապարհ կամ կարճ ու կոնկրետ՝ «35.000 դրամ՝ բոլոր ծառայություններով»: «Դա էնքան էլ կաշառք չէ, կոմիսիոն գումար է»,- ինքնարդարացումն ինձ շշնջաց մեքենան վաճառող իրավաբան ընկերս եւ ընտրեց 2-րդ ճանապարհը:

Ռաֆոն մեզ ուղարկեց շենքի կողքի «բուտկան»՝ դիմում գրելու:

Դիմում լրացնողները երկուսն էին: Մեզ բաժին ընկավ սպորտային հագուստով, անընդհատ ծխող երիտասարդը, ով անհրաժեշտ 15 բառը լրացնելուց հետո հայտարարեց. «1.500 դրամ»: «Կտրոն պահանջելն այստեղ հայհոյանքի է հավասար» – կանխեց ինձ իրավաբան ընկերս՝ վճարելով 2.000 դրամ: «Մանր չունե՞ս», – հարցրեց դիմումագիրը մի ձայնով, որ բացառում էր դպրոցական իր սեղանի դարակներում 500 դրամի առկայությունը՝ վճարողի սպասումն անիմաստ դարձնելով։ (Անհեռատեսորեն մեր բազում համալսարաններից եւ ոչ մեկն առ այսօր պատշաճ ուշադրություն չի դարձնում դիմումագրի եկամտաբեր ու դյուրին մասնագիտությանը…): Գուցե հենց այդ պատճառով սպորտային հագուստով մեր դիմումագիրը, ինչպես հետո պարզվեց, «մոռացել» էր լրացնել մեքենայի նույնականացման (իդենտիֆիկացիայի) կոդը:

Ռաֆոն մեր դիմումի հիման վրա սկսեց գործընթացը: Նախ մեզ ուղարկեց բանկ պետական մուծումները կատարելու՝ 5.000, 3.000 եւ 1.500 դրամ: Հասկանալի էր, որ դա ոչ մի օրգանական կապ չուներ իր «կոմիսիոնի»՝ 35.000-ի հետ: Բանկի կտրոնները Ռաֆոն կցեց լրացրած դիմումին, քթի տակ նախատեց դիմումագրին եւ ինքն ավելացրեց մեքենայի կոդը: Բայց քանի որ Ռաֆոն լավ չի տեսնում, իսկ մեքենայի տեխնիկական անձնագրում «էդ անտերն էնքան փոքր ա գրված»՝ սխալվեց: Շատ չէ, ընդամենը մեկ տառ: Բարեբախտաբար, ընկերս նկատեց վրիպակը, թղթի վրա մեծ-մեծ տառերով արտագրեց կոդը, որից հետո արդեն Ռաֆոն, սպիտակ ներկով ջնջելով իր սխալը, նորից գրեց մեքենայի կոդը: Հետո ընկերոջիցս վերցրեց մեքենայի պետհամարանիշներն ու 35.000 դրամը եւ հրահանգեց. «լեյտենանտին ցույց տվեք ավտոյի մատոռը»: Բայց լեյտենանտն առանց մեքենային դիպչելու պարզեց, որ «էս ավտոյի մատոռի թիվը չի էրեւա, պտի տանեք Սամոյի մոտ»: Մենք տարակուսած նայեցինք լեյտենանտին, հետո կողքին կանգնած Ռաֆոյին. «Ի՞նչ Սամո»: «Էրեբունու խաչմերուկ չհասած, ձախի վրա, մոյկում հարցրեք, կասեն: Դուք մինչեւ գնաք, գաք, ես թղթերը սարքեմ»,- կարճ կապեց Ռաֆոն ու մտավ ներս: Միանգամից հասկացանք, որ Սամոն մեր սիրուն աչքերի համար չէ, որ կնայի շարժիչի թիվը ու դա էլ, իհարկե, ոչ մի կապ չունի վճարված «կոմիսիոնի» հետ:

«Թիվ նայել, գրելը 2000 ա»,- անվերապահ նշեց Սամոն, մինչ լույսը շարժիչին մոտեցնելը: Անմիջապես հասկացանք, որ Սամոն հանգի՜ստ 2 րոպեում անում է այն, ինչին անընդունակ է լեյտենանտը…

Ընկերս էլ փող չծախսեց: Մնացած պրոցեդուրան տեւեց էլի մեկ ժամ: Չնայած խիստ զբաղվածությանը, Ռաֆոն երբեմն օգնում էր մեզ՝ թղթերն առանց հերթ այս կամ այն սենյակ էր մտցնում ու հրահանգում սպասել: Մեքենան գրանցումից դուրս գրելու համար ընկերս ծախսեց 2 ժամից քիչ ավելի եւ 48.450 դրամ, որից 9950 դրամը՝ պետական մուծումներ (450 դրամը բանկի ծառայության դիմաց վճարումն է): Առջեւում դեռ մեքենայի գրանցումն էր…

Հետգրություն. Իրական մարդկանց եւ փաստերի համընկնումը վերը նշվածներին ոչ պատահականություն է, ոչ էլ զուգադիպություն. օրինաչափություն է…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել