Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՄԵՆԱՉՔՆԱՂ ԱՂՋԻԿՆԵՐՆ ԱՊՐՈՒՄ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»

Սեպտեմբեր 01,2007 00:00

\"\"Հայուհիներին սեր է խոստովանում ամերիկաբնակ երգիչ Անդին

Օգոստոսի 27-29-ը Երեւանում կայացան ծնունդով իրանցի, այժմ ամերիկաբնակ երգիչ Անդիի (Անդրանիկ Մադաթյան) համերգները: Ի դեպ, 3000-20000 դրամ արժողությամբ բոլոր տոմսերը սպառվել էին անգամ համերգներից օրեր առաջ:

«Առավոտի» հետ զրույցում Անդին ասաց, որ նվագում է բաս կիթառ եւ երգում 7 լեզվով: Թողարկել է 14 CD՝ մեծամասամբ պարսկերեն, անգլերեն եւ հայերեն երգերով: Շուտով լույս կտեսնի եւս 2-ը՝ մեկը բազմալեզու, մյուսն ամբողջությամբ հայերեն հեղինակային երգերով: Անդին Հայաստանում համերգներ է ունեցել ընդամենը 4 անգամ: Այստեղ իր ոչ այնքան հայտնի լինելը երգիչը բացատրում է նրանով, որ միայն վերջերս է սկսել մայրենի լեզվով երգել: «Չեմ շտապում, ոչինչ, թող կամաց-կամաց ճանաչվեմ: Շատ եմ սիրում Հայաստանը, գյուղերում ապրող տատիկներին, նրանց թխած լավաշն ու գաթան: Որոշել եմ մարզերում էլ համերգներ տալ: Իսկ Երեւանում հիացած եմ Հանրապետության հրապարակով ու օպերայով, մտադրվել եմ բնակարան գնել քաղաքում: Ուրախանում եմ, երբ շուրջս բոլորը հայերեն են խոսում»,- իր տպավորությունները ներկայացրեց նա:

Խոսելով երեւանյան իր համերգների ու այդ առիթով Իրանից ավտոբուսներով, իսկ Միջին Ասիայից՝ ինքնաթիռով ժամանած իր երկրպագուների մասին, Անդին նշեց. «Շատ կուզենայի Պարսկաստան էլ գնալ, բայց չեմ կարող: Ինձ արգելված է այնտեղ համերգներ ունենալը, որովհետեւ իմ ելույթների ժամանակ աղջիկները կիսամերկ են պարում, ինչն այդ երկրում ընդունված չէ: Պարսկաստանի ղեկավարությունը ոչ միայն չի ընդունում իմ վեստեռն ոճը, այլեւ արգելել է CD-ներիս վաճառքը, թեեւ բոլորի տներում էլ հաստատ դրանք կան եւ տարածվում են անլեգալ ճանապարհներով»: Անդին դրական արտահայտվեց հայաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչների մասին: «Ուրախանում եմ նրանց հաջողություններով: Օրինակ, երբ սկսնակ երգչուհի Սիլվա Հակոբյանը շահեց BBC-ի մրցանակը, հպարտ զգացի ինձ: Բոլորովին էական չէր, որ նա անգլերեն երգեց: Կարեւորը՝ հայը հաղթեց»,- ասաց երգիչը: Անդին տեղեկացրեց, որ առաջիկայում պատրաստվում է դուետով հանդես գալ Քրիստինե Պեպելյանի ու Նունե Եսայանի հետ:

Դառնալով իր բեմական գործունեությանը, նա փաստեց. «Երբ արտերկրյա հյուրախաղերի եմ մեկնում, թերթերն ու ամսագրերն ինձ ներկայացնում են որպես պարսկաստանցի հայ երգիչ: Ուրախ եմ, որ նշվում է հայկական ծագումս: Վերջերս ամերիկյան թերթերն ինձ կոչել են Արեւելքի Ռիկի Մարտին եւ Էլվիս Փրեսլի, համեմատել նման մեծանուն աստղերի հետ»:

Անդին տեղեկացրեց, որ ոչ միայն երգում, այլեւ նկարահանվում է հոլիվուդյան ֆիլմերում, հետո էլ հավելեց. «Հնդիկները գողացել են իմ երգերը: Առանց ինձ հղում անելու ու ինչ-ինչ պարտավորություններ ստանձնելու՝ դրանք հնչեցնում են իրենց ֆիլմերում»: Երգիչն ասաց, որ ամենեւին չի նեղանում նրանցից, ովքեր չեն ընդունում իր արվեստը. «Երեւի պատճառն այն է, որ հիմնականում պարսկերեն եմ երգել: Բայց աստիճանաբար ավելանում է նաեւ հայերեն երգերիս թիվը: Կարեւոր չէ, թե ինչ լեզվով ես երգում, այլ այն, որ հայեցի ես ապրում ու մտածում»: Նրա համոզմամբ, հայ հանդիսատեսը տարբերվում է օտարից՝ իր ջերմությամբ ու դրական էներգիայով:

Խոսելով անձնականի մասին՝ Անդին նշեց, որ դեռ չի գտել իր կեսին. «Չնայած սերը լեզու ու ազգություն չի ճանաչում, բայց լավ կլիներ, որ սիրահարվեի հայ աղջկա: Աշխարհով մեկ շրջելով, շատ սիրուն աղջիկների եմ հանդիպել, բայց, իմ համոզմամբ, ամենաչքնաղներն ապրում են Հայաստանում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել