Արմավիրի մարզպետը սեպտեմբերի 1-ին 17 հազար դրամանոց աշակերտական կոստյումով կշրջի
Սեպտեմբերի 1-ից Արմավիրի մարզի դպրոցականները կրելու են միանման աշակերտական համազգեստ: Թեեւ ծնողներն ամենեւին էլ դեմ չեն, որ իրենց երեխաները աշակերտին վայել համազգեստով դպրոց գնան, բայց, այնուամենայնիվ, նշում են, որ դա մեկից ավելի դպրոցական ունեցող ընտանիքների բյուջեին լուրջ հարված կլինի: Արմավիրցիներից ոմանք էլ նշեցին, որ աշակերտական համազգեստն իր բուն նպատակին կծառայի շատ-շատ մեկ ամիս, որից հետո, որպես չօգտագործվող իր, կհանգրվանի զգեստապահարանում, որովհետեւ աշակերտները կշարունակեն դպրոց գնալ խայտաբղետ հագուստներով: Ինչպես մայրաքաղաքում, Արմավիրում էլ շատերը սիրում են դպրոց հաճախել սպորտային համազգեստով, իսկ աղջիկների համար դպրոցական է «համարվում» պորտաբաց հագուստը: Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակչուհի Սարբի Վարդանյանը 3 դպրոցական երեխա ունի եւ, ըստ նրա, դպրոցի տնօրեն Համլետ Մկրտչյանը յուրաքանչյուր երեխայից 17 հազար դրամ է պահանջել, որպեսզի դպրոցական համազգեստ պատվիրեն: Նա «Առավոտին» պատմեց, որ մի կերպ են ապրում եւ ինքը չի կարող 50 հազար դրամից ավելի միայն հագուստին հատկացնել: «Մեր դպրոցի տնօրենը հայտարարել է, թե ով միանման հագուստ չգնեց՝ դպրոց չի թողնելու: Իմ երեխան հինգ կոստյում ունի, ճիշտ է՝ ուրիշն է տվել, բայց յոլա է տանում: Հիմա դա գցեմ մի կողմ, ամեն մեկին 17 հազար դրամ տամ՝ նո՞րն առնեմ, բա գիրք ու տետրի գումարը որտեղի՞ց ճարեմ»,- նշեց տիկին Սարբին: Նրա խոսքերով, իր ընտանիքի համար կյանքն այնքան դժվար է, որ ոչինչ աչքին չի երեւում եւ չնչին հնարավորության դեպքում Հայաստանից կհեռանա: Վերջում էլ նշեց, որ առաջարկվող աշակերտական համազգեստի կտորն անորակ է եւ նույնիսկ գումար ունենալու դեպքում իր երեխային այդ հագուստը չէր հագցնի: «Լավ գործարար մարդ է եկել, կտորները բերել սաղացնում է մեզ վրա, երեւի պահեստներում արդեն փտել են: Տնօրենը թող պահանջի սեւ ու սպիտակ, եթե չեմ առնի, թող երեխեքիս դպրոց չթողնի, ես պիտի իմ ուզածն առնեմ, ոչ թե իրենց ճաշակի հագուստ վերցնեմ: Իրենց համար կարեւորն այն է, որ գումարները տանք, ինչ է թե տնօրենն իր աթոռին մնա»,- վրդովված նշեց ծնողը:
Այս առնչությամբ մեզ հետ զրույցում Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հայտնեց, թե դպրոցական կոստյումներն այնքան լավն ու որակով են, որ յուրաքանչյուրը սիրով կկրի: Որպես ասվածի ապացույց, նա որոշել է առաջին խիզախ քայլն անձամբ անել. «Որոշել եմ սեպտեմբերի 1-ին այդ կոստյումից հագնել՝ գնալ դպրոց»: Մարզպետը տեղեկացրեց, որ մարզպետարանն ու գյուղապետարանները սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համազգեստի գումարը կփոխանցեն, միայն թե նրանք իրենց ընկերներից ետ չմնան: Հացիկի գյուղապետ Դավիթ Ղարագյոզյանն էլ մեզ փոխանցեց, որ երեք եւ ավելի երեխաներ ունեցող իր համագյուղացիներին համազգեստ կնվիրի: Հիշեցնենք, որ 1-5-րդ դասարանցի աղջիկների համազգեստն արժե 10.500 դրամ, տղաներինը՝ 11.500, 5-8-րդ դասարանցիների համար՝ 14.500, 8-րդից բարձր աղջիկներն այն կգնեն 15.500, իսկ տղաները՝ 16.500 դրամով:
Մեզ հետ զրույցում արմավիրցիները կրթության ոլորտի պատասխանատուներին հորդորեցին մեկ-մեկ էլ հայացքներ ուղղեն մանկավարժների հագուկապին, քանի որ շատ ուսուցչուհիներ դասարան են մտնում տաբատներով ու թափանցիկ կամ լանջաբաց բլուզներով, իսկ տղամարդ ուսուցիչները՝ ջինսերով: