Մաքուր, ապահով ու անաղմուկ տրոլեյբուսները կթեթեւացնեն քաղաքացիների, հատկապես՝ հաշմանդամների երթեւեկության հետ կապված խնդիրները:
«Նախկինում տրոլեյբուս նստելիս միշտ ուրիշներին օգնության էի կանչում, որ սայլակս աստիճաններով բարձրացնեին: Հիմա այս նոր տրոլեյբուսով ես մենակ էլ կարող եմ բարձրանամ-իջնեմ՝ առանց որեւէ մեկի օգնության»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում այսպես արտահայտեց իր ուրախությունը 9-ամյա հաշմանդամ Արսենը, որը Երեւանի քաղաքապետարանի գնած նոր տրոլեյբուսի առաջին ուղեւորներից էր: Այդ տրոլեյբուսը նախատեսված է հենց սայլակով հաշմանդամների համար, այն ունի սայլակը ուղեւորասրահ բարձրացնելու շարժական հարթակ: Այդպիսի տրանսպորտային միջոցով երթեւեկելն այլեւս որեւէ խնդիր չի առաջացնում հաշմանդամ երեխայի համար: Նման տրոլեյբուսը Երեւանում առայժմ միակն է, եւս մեկ ավտոբուս Երեւանի քաղաքապետարանը վերասարքավորել է, որպեսզի սայլակով հաշմանդամները հնարավորություն ունենան երթեւեկել նաեւ այդ վերակահավորված ավտոբուսով:
Տրոլեյբուսի հավաքակայանը, բացի հաշմանդամների համար նախատեսված տրոլեյբուսից, համալրվել է Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքից ներկրված եւս 17 «ԼԻԱԶ» մակնիշի նոր տրոլեյբուսներով, որոնք 2007-ին են թողարկվել: Այդ տրոլեյբուսները կաշխատեն 4 երթուղիներում: Երեկ տրոլեյբուսի հավաքակայանում կազմակերպած հանդիպման ժամանակ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր տարի ամենաքիչը 20 տրոլեյբուս է նախատեսված ներկրել. «Ուզում ենք առաջիկա 3-4 տարիների ընթացքում նոր տրոլեյբուսների թիվը հասցնել 150-ի: Ճիշտ է, տրոլեյբուսների շահագործման հետ կապված խնդիրներ կան, տրոլեյբուսն ինքն իրեն չի ծախսածածկում, կառավարությունն է համապատասխան դոտացիա տալիս, բայց բոլոր դեպքերում տրոլեյբուսի պարկը պիտի մեծացնենք ու շահագործման հետ կապված խնդիրները լուծենք, որովհետեւ տրոլեյբուսը մաքուր, ապահով ու անաղմուկ տրանսպորտային միջոց է»:
18 նոր տրոլեյբուսի ձեռքբերման համար քաղաքապետարանը ծախսել է 600 մլն դրամ: «Ամեն մի տրոլեյբուսն արժե 90 հազար դոլար, հաշմանդամների սայլակի համար համապատասխան հարթակ ունեցող տրոլեյբուսները՝ 104 հազար դոլար»,- «Առավոտի» հետ զրույցում տեղեկացրեց քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Աշոտ Սահակյանը: Հաշվի առնելով, որ ուկրաինական «Բոգդան» ավտոբուսները քաղաքապետարանը ձեռք էր բերել 30 հազար դոլարով, փաստորեն, տրոլեյբուսը եռակի թանկ տրանսպորտային միջոց է, որը քաղաքապետարանը նվիրում է երեւանցիներին: Նոր տրոլեյբուսների հետ զուգահեռ, երթուղիներն էլ կավելանան: Տրոլեյբուսի ուղեվարձը 50 դրամ է, ուստի այն ոչ միայն շատ հարմարավետ տրանսպորտային միջոց է, այլեւ՝ շատ մատչելի:
Պարոն Զախարյանը հավաստիացրեց, որ տրոլեյբուսի ընդհանուր կոնտակտային գծերը եւ մալուխային ցանցը վերջին 3-4 տարիներին հատվածաբար վերանորոգվել են եւ այժմ գտնվում են բարվոք վիճակում:
Նշենք, որ քաղաքապետարանը ձեռնամուխ է եղել Երեւանի հասարակական տրանսպորտի երթուղային նոր ցանցի ստեղծմանը, եւ հիմա մշակվում է ավելի կատարելագործված եւ քաղաքացիների կողմից ավելի ընդունելի տրանսպորտային աշխատակարգ: Հասարակական տրանսպորտի իրավիճակի կարգավորման հետ կապված՝ քաղաքապետարանն ամեն տարի նվազագույնը 100 ավտոբուս եւ 20 նոր տրոլեյբուս է նախատեսում ձեռք բերել: Այս տարի արդեն 60 ավտոբուս ներկրվել է: Մի քանի տարի անց մեր քաղաքացիները կիսաքանդ միկրոավտոբուսներով ու «ՌԱՖ»-երով ստիպված չեն լինի երթեւեկել, քանի որ ներկայումս գործող 3200 միկրոավտոբուսներից գործելու է ընդամենը 1700-ը: Հնամաշ միկրոավտոբուսների փոխարեն ուղեւորները կսպասարկվեն 600 նոր «Բոգդան»-ներով ու տրոլեյբուսներով, որոնցով երթեւեկելը շատ ավելի անվտանգ է ու հարմար: