Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի քրեական քրոնիկոնից

Սեպտեմբեր 01,2007 00:00

ՀՀ պաշտոնյաներն ասում են՝ Վանաձորում աղմկահարույց հանցագործություններ չեն եղել

Հայաստանյան պետական պաշտոնյաները «գերազանց» գիտեն, թե ում պետք է մեղադրել այն բանում, որ մեր երկրում ապրող առանձին բնակավայրեր ներկայացվում են որպես «կրիմինալի» կենտրոններ: Մեղավորները, ըստ ՀՀ պաշտոնյաների, իհարկե՝ ԶԼՄ-ներն են: Օրերս Լոռու մարզպետ Արմեն Քոչարյանը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ՀՀ ոստիկանության եւ գլխավոր դատախազության որոշ պաշտոնյաներ Լոռու մարզի դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանությունից հետո հայտարարեցին, թե մինչ այդ Լոռու մարզում ոչ մի աղմկահարույց հանցագործություն էլ չի եղել: Նրանք, ըստ էության, նաեւ մեղադրեցին ԶԼՄ-ներին այն բանում, որ վերջիններս Լոռու մարզի դատախազի սպանությունը ներկայացրել են իբրեւ «հերթական աղմկահարույց հանցագործությունը Վանաձոր քաղաքում»: Բայց փաստն այն է, որ հե՛նց վանաձորցիները անցյալ շաբաթ մեզ հետ զրույցում ասում էին, թե «վերջին տարիներին մեր քաղաքում այնքան կրակոցներ ու մահափորձեր են եղել, որ Վանաձորն այլեւս ոչ թե պարզապես Վանաձոր է, այլ դարձել է Չիկագո կամ Սիցիլիա»: Իսկ ի՞նչ աղմկոտ հանցագործություններ են կատարվել Լոռու մարզում վերջին տարիների ընթացքում, որոնք պատկան մարմինների պատասխանատուները հրաժարվում են համարել որպես աղմկահարույց: Փորձենք վերհիշել Վանաձորում տեղի ունեցած այդպիսի հանցագործություններն ու դրանց ժամանակագրությունը:

Մի քանի տարի առաջ Լոռու մարզում անհայտ անձինք Վահագնի գյուղում դաժանաբար սպանեցին Կախյանների ողջ ընտանիքին՝ միանգամից 7 հոգու, այդ թվում՝ մանկահասակ երեխաների եւ մի հղի կնոջ:

2005թ.-ին քարկոծման ենթարկվեց «Լոռի» հեռուստաընկերության լրագրող Նարինե Ավետիսյանի ավտոմեքենան:

2006թ. հունիսի 3-ին Լոռու մարզի դատախազության շենքից 50-60 մետր հեռավորության վրա Վանաձորի Մյասնիկյան-Շահումյան փողոցների խաչմերուկում գտնվող ինտերնետ ակումբում տեղի ունեցավ զինված «ռազբորկա»: Մասնակիցների թիվը հասնում էր 30-40 մարդու: Հնչել էին կրակոցներ, վիրավորվել էր մեկ մարդ: Վանաձորցիների համոզմամբ, հիմնական մեղավորները պատասխանատվությունից կարողացան խուսափել ԱԺ նախկին մի պատգամավորի «շնորհիվ»:

2006թ. մարտի 6-ին Լոռու մարզի Օձուն գյուղում մարզային ոստիկանության եւ դատախազության պաշտոնյաների ներկայությամբ, իբր, իրավապահներին դիմադրություն ցույց տալու համար իր տանը գնդակահարվեց Սեյրան Այվազյանը, իսկ դրանից 2 օր անց սրտի կաթվածից մահացավ նրա մայրը, որի աչքի առաջ էլ իրավապահները գնդակահարել էին որդուն:

2006թ. օգոստոսին Վանաձոր-Ալավերդի ճանապարհի վրա գտնվող «Եդեմ» ռեստորանի մոտ գնդակահարվեցին Վանաձորում քրեական հեղինակություն համարվող Էդիկ Մարտիրոսյանը՝ «Ճաճոյի Էդոն», եւ նրա որդին:

2006թ. նոյեմբերին Վանաձորում «հերոսացավ» ակտիվ ԲՀԿ-ական դարձած հանրահայտ «Ծաղիկ Ռուբոյի»՝ Ռուբեն Գեւորգյանի եղբոր տղան: Վերջինիս մասնակցությամբ տեղի ունեցած «ռազբորկայի» արդյունքում հնչել էին կրակոցներ, արձանագրվել էր մեկ զոհ, երեք վիրավոր:

2007թ. մարտին Վանաձորի իր աշխատասենյակում սպանվեց ավագ նոտար Սոնա Վերանյանը:

2007թ. ԱԺ ընտրություններից առաջ՝ ապրիլի 26-ին, Վանաձորում տեղի ունեցավ հերթական արյունոտ միջադեպը պատգամավորության թեկնածուներ Վահրամ Բաղդասարյանի եւ Վիկտոր Դալլաքյանի թիմակիցների միջեւ: Արդյունքում սպանվեց մեկ մարդ՝ Հրանտ Հակոբյանը: Տեղի ոստիկանությունը կատարվածում մասնակցություն ունենալու հիմնավորմամբ բերման ենթարկեց Վահրամ Բաղդասարյանի նախընտրական շտաբի ներկայացուցիչներ Սամվել Դիլոյանին, Վահագն Ավագյանին, Արմեն Վերանյանին եւ Գոռ Թորոսյանին, որոնք մեկ օր անց, Վանաձորի նախկին դատախազի հրահանգով, ազատ արձակվեցին:

2007թ. մայիսի 20-ին, դարձյալ այդ ընտրությունների ժամանակ, ՀԺԿ Ալավերդու կառույցի ղեկավար Լարիսա Փարեմուզյանի նկատմամբ իրականացվեց ահաբեկչություն: Նա կատարվածում մեղադրում էր տեղի ոստիկանության եւ էլեկտրացանցի մեկ աշխատակցի: Սակայն մարզի դատախազությունը մեղավորներին ի հայտ չբերեց, եւ հանցանքի համար ոչ ոք չպատժվեց: Փոխարենը՝ 8 օր հետո անհայտ անձինք փորձեցին հրկիզել Լ. Փարեմուզյանի տունը:

Վանաձորյան վերջին աղմկահարույց հանցագործությունը, որը ցնցեց ողջ քաղաքն ու հանրապետությունը, Լոռու մարզի դատախազի սպանությունն էր:

Թե մեծամասամբ չբացահայտված այս հանցագործություններից ո՞ր մեկը աղմկահարույց կամ հասարակական հնչեղություն ունեցող չի եղել՝ իրավապահները թող իրե՛նք մատնանշեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել