Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՅՍՊԵՍ ՈՐՈՇԵՑ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿՑՈՐԴԸ

Սեպտեմբեր 01,2007 00:00

Դատարանը երեկ 2 ամսով երկարացրեց ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի կալանքի ժամկետը՝ առանց որոշակի պատճառաբանության:

Երեկ շուրջ կես ժամ տեւեց դռնփակ դատական նիստը, որի ընթացքում Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Ներսիսյանը քննեց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալի միջնորդությունը՝ Ալեքսանդր Արզումանյանին կալանքի տակ պահելու ժամկետը մինչեւ նոյեմբերի 7-ը երկարացնելու վերաբերյալ: Եվ մինչ որոշում կայացնելը՝ դատավորը շուրջ 2 ժամ մնաց խորհրդակցական սենյակում: Այդ ընթացքում դատարանում հավաքվածներին հարցեր ուղղեցինք, թե ինչպես են գնահատում այն հանգամանքը, որ եթե այս տարվա մայիսին նախկին արտգործնախարարը մեղադրվում էր Լեւոն Մարկոսի «հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու» մեջ, այժմ արդեն նրա փոխարեն գործում հայտնվել է Սաշիկ Աղազարյանը, եւ կալանքի ժամկետը ցանկանում են երկարացնել՝ պատճառաբանելով, թե պիտի պարզեն՝ արդյոք օրինակա՞ն են մոսկվաբնակ այս մի գործարարի եկամուտները: «Ըստ էության, սա սպասելի էր,- ասաց ՀՀՇ վարչության փոխնախագահ Անդրանիկ Հովակիմյանը:- Փորձում են հասարակական կարծիք ստեղծել, թե այնուամենայնիվ՝ ինչ-որ գործընթաց է ընթանում, քանի որ ոչ միայն իր հարազատներին կամ քաղաքական ու միջազգային շրջանակներին պետք է ապացուցեն, թե լուրջ հիմնավորում կա, այլ նաեւ Հայաստանի հասարակությանը: Եվ դա է պատճառը, որ դեռ մի մեղադրանքը չապացուցելով, չհիմնավորելով՝ ամեն կերպ փորձում են գտնել մեկ այլ հիմնավորում: Բայց ինձ թվում է, բոլորի համար էլ պարզ է, որ սա քաղաքական հետապնդում է, եւ Ալեքսանդր Արզումանյանն ուղղակի պատանդ է: Եվ նրան կալանքի տակ պահելն անընդհատ 2 ամսով ձգձգելու համար՝ ցանկացա՛ծ քայլի պետք է գնան»: «Քաղաքացիական անհնազանդություն» նախաձեռնության անդամ Կարապետ Ռուբինյանը Լեւոն Մարկոսին Սաշիկ Աղազարյանով փոխարինելն այսպես գնահատեց. «Դե, ի սկզբանե անհեթեթ գործ է: Ցանկացած անհեթեթ զարգացում նորմալ եմ ընդունում»: «Այլընտրանք» նախաձեռնության անդամ Վահագն Խաչատրյանը նույնպես նշեց. «Ի սկզբանե էինք ասում, որ սա շինծու գործ է, ուղղակի քաղաքական նպատակներով պետք է մեկուսացնեին Ալեքսանդր Արզումանյանին: Սակայն չկարողացան ապացուցել այն մեղադրանքը, որ ներկայացրել էին, եւ չէին էլ կարող ապացուցել: Հիմա էլ 2-րդ ճանապարհն են գտել՝ Աղազարյանի վարկածն են քննարկում: Չեմ բացառում, թե հետո էլ 3-րդ վարկածը լինի, քանի որ չկա այն, ինչի համար ուզում են մեղադրել Արզումանյանին»:

Քանի որ դատավոր Ռուբեն Ներսիսյանը այս անգամ իրոք բավական երկար մնաց խորհրդակցական սենյակում (այլ դեպքերում միջնորդությունը բավարարվում էր շատ ավելի արագ)՝ կասկածի տեղիք տվեց, թե կարող է եւ գիտակցելով այս վերափոխված մեղադրանքի անհեթեթությունը՝ փոխվի Ալեքսանդր Արզումանյանի խափանման միջոցը: Սակայն մեր զրուցակիցներից ոչ ոք չուներ նման հույսեր: «Բոլորն էլ լավ հասկանում են, որ սա անհեթեթ մեղադրանք է,- ասաց Ալեքսանդր Արզումանյանի կինը՝ Մելիսա Բրաունը:- Անգամ ԱԱԾ-ում են հասկանում, որ սա անհեթեթ է, եւ շատ են ուզում Ալիկից ընդհանրապես պրծնել: Մինչեւ Ռոբերտ Քոչարյան՝ ընդունում են, որ նա անհեթեթ քայլ է արել: Բայց հույս չունեմ, որ Ալիկը դուրս կգա: Ուղղակի պահանջ ունեմ, որ գրավով դուրս գա եւ դատը շուտ լինի: Նա չի փախչի՝ այդ մարդը չի: Եթե փախչելու լիներ՝ վաղուց կփախչեր, շատերի նման: Բայց նա չի փախչում իր երկրից: Թող դուրս գա, մինչեւ լինի այդ դատը: Ասում են՝ կխանգարի, ո՞նց կխանգարի»: Վահագն Խաչատրյանը, սակայն, հիշեցրեց, որ դատական համակարգը գործադիր իշխանության ու մասնավորապես՝ նախագահի աշխատակազմի կցորդն է: Իսկ Կարապետ Ռուբինյանն ընդգծեց. «Մեր դատական համակարգի այսօրվա վիճակն այնպիսին է, որ որեւէ դրական ակնկալիք չենք կարող ունենալ: Միայն հրաշք պիտի տեղի ունենա, ինչպիսին, ասենք՝ «Ռոյալ Արմենիա»-ի գործով արդարացման դատավճիռն էր»:

Այս անգամ «հրաշք» չեղավ: Եվ դատավոր Ռուբեն Ներսիսյանն իր որոշումը հիմնավորեց նրանով, որ «նախաքննության օբյեկտիվությունն ու լրիվությունը ապահովելու նպատակով» անհրաժեշտ է իրականացնել մի շարք քննչական գործողություններ, «որոնց կատարման համար պահանջվում է եւս 2 ամիս ժամանակ, իսկ ազատության մեջ մնալով՝ մեղադրյալը կարող է խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը, թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, նախաքննությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրել, կատարել քրեական օրենսգրքով արգելված արարք»: Ալեքսանդր Արզումանյանի պաշտպան Հովիկ Արսենյանը հայտնեց, որ պատրաստվում է այս որոշումը բողոքարկել վերաքննիչ դատարանում, ինչպես նաեւ՝ բողոքարկել առաջադրված մեղադրանքը. «Քրեական դատավարության տեսակետից՝ միանշանակ է, որ մեղադրյալի նկատմամբ չփարատված կասկածները լուծվում են հօգուտ մեղադրյալի: Այս պահին այլեւս ոչ միայն չփարատված կասկածներ են, այլեւ՝ հանցակազմ էլ չկա հանցավոր եկամուտներ լինելու փաստի վերաբերյալ, որ հիմա էլ լվացող էլ գտած լինեն»: Հովիկ Արսենյանը նաեւ ասաց. «Պատրաստվում եմ Ալեքսանդր Արզումանյանին խնդրել, որ ինձնից հրաժարվի որպես պաշտպան, քանի որ այս գործում իրավական հարթություն գոյություն չունի՛»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել