Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՄՎԵԼ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ՀԵՌԱՑԵԼ Է

Օգոստոս 31,2007 00:00

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրամանով հանրապետության մինչեւ 21 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վարուժան Սուքիասյանը: Նախկին գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Երեկ «Առավոտը» Սամվել Պետրոսյանի հետ հեռախոսազրույց ունեցավ:

– Ֆեդերացիայի մամուլի քարտուղարության տարածած տեղեկատվությունում նշված է, որ դուք եք ցանկացել հավաքականի ղեկը թողնել:

– Այո, դիմում ինքս եմ ներկայացրել:

– Ի՞նչն էր պատճառը:

– Գիտեք, որ հիմա աշխատում եմ Կապանում եւ «Գանձասարի» մարզիչն եմ: Երեւանից կտրված լինելն է հրաժարականիս պատճառը:

– Եվ նախապատվությունը տվեցիք «Գանձասարի՞ն»:

– Այո: Եվ ասեմ, թե ինչու: Հավաքականի մարզիչը պետք է մշտապես գտնվի երկրի ֆուտբոլային իրադարձությունների կենտրոնում, որպեսզի լավագույններին ընտրելու հնարավորություն ունենա: Երբ Երեւանում էի, դա հեշտ էր: Հիմա ֆիզիկապես անհնար է այդ նպատակով թեկուզ շաբաթը մեկ անգամ 6-7 ժամ ճանապարհ կտրել ու ետ վերադառնալ: Բացի դա, այս տարի մեր ակումբին երկրի առաջնությունում 4-րդ տեղի համար պայքարելու հեռանկար է բացվել ու ստեղծված առիթն անտեսելը սխալ կլինի: «Գանձասարը», «Միկան» եւ «Բանանցը» այս պահին 28-ական միավոր ունեն: Պետք է աշխատենք օգտվել ընձեռված հնարավորությունից:

– Այսինքն, դիմում ներկայացնելու այլ պատճառներ չկա՞ն:

– Միանշանակ՝ ոչ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել