Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլը հարմար է

Օգոստոս 31,2007 00:00

Ալեքսանդր Բոյկոն «Սպորտ եւ մեդիա-2007» փառատոնի անցկացման վայրը ընտրելիս այսպես է կողմնորոշվել:

Ինչպես բազմիցս արդեն նշվել է, այս տարվա սեպտեմբերի 24-30-ը Ստամբուլում կանցկացվի «Սպորտ եւ մեդիա-2007» 2-րդ մարզական խաղերի մրցույթ-փառատոնը, որին մասնակցելու են տարբեր երկրների ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Հիշեցնենք, որ առաջին նույնանուն փառատոնը եղել է անցած տարի Սեւանում: Այս տարի եւս միջոցառման նախաձեռնողը «Միր Սպորտա» պարբերականի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Բոյկոն է, ումից էլ փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ է փառատոնն անցկացվում հատկապես Թուրքիայում: Ա. Բոյկոյի խոսքերով, դեռեւս այս տարվա հունվարից իրենք մտածում էին, թե որ երկրում է ավելի նպատակահարմար միջոցառումն անցկացնելը. «Պետք է ընտրեինք Թուրքիայի, Իրանի կամ Բուլղարիայի միջեւ, քանի որ այստեղ հյուրանոցային սպասարկումն ավելի էժան է ու մարզասրահները վարձակալելն ավելի հեշտ: Հաջորդ փառատոնն ամենայն հավանականությամբ կկազմակերպվի Բուլղարիայում կամ Իրանում: Այդ կախված կլինի մեր ունեցած ֆինանսներից»: Մեր այն հարցին, թե ո՞վ է ֆինանսավորում փառատոնը, Ա. Բոյկոն պատասխանեց. «Հայկական ծագումով թուրքերը, որոնք ժամանակին գնացել են Թուրքիա եւ մնացել այնտեղ: Մենք նրանց մասին տեղեկություն քաղել ենք տեղեկատու-ամսագրում եւ ուշադրություն դարձրել հատկապես այն հայերի վրա, որոնք խոշոր ընկերությունների սեփականատեր են: Նամակներ ենք ուղարկել՝ խնդրելով ֆինանսական աջակցություն ցուցաբերել: Բայց նրանցից միայն մի քանիսն են մեզ պատասխանել: Հայաստանում էլ մի քանի հովանավորներ ունենք, բայց հնարավոր է՝ միջոցառման գլխավոր հովանավոր լինի եվրոպական որեւէ ընկերություն»: Ա. Բոյկոն ասաց նաեւ. «Մենք հույս ունենք, որ որեւէ հայկական ընկերություն մեզ գոնե համազգեստ կտրամադրի: Մենք դրանք բաժանելու ենք այլ երկրների մասնակիցներին եւս, սակայն հրապարակավ չենք գովազդելու»: Ելնելով ազգային անվտանգությունից՝ նա հրաժարվեց ասել այն հյուրանոցի անունը, որտեղ հանգրվանելու են միջոցառման մասնակիցները:

Իսկ թե ինչու սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունից ոչ մի տեսակի աջակցություն չկա, ըստ Ալեքսանդր Բոյկոյի, իրենք անցած տարի դիմել են Սպորտպետկոմ. «Սակայն նրանք մեզ մերժեցին՝ ասելով, որ միջոց չունեն եւ բյուջեի գումարները փառատոնի համար նախատեսված չեն: Մենք դիմել ենք նաեւ օլիմպիական կոմիտե, որտեղից ոչ մի պատասխան չենք ստացել»:

Մեր այն հարցին՝ իսկ եթե հայ եւ թուրք ժուռնալիստների միջեւ ընդհարո՞ւմ լինի, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ինքը որպես կազմակերպիչ հայաստանյան կողմի մասնակիցներին խորհուրդ է տվել այդ մեկ շաբաթվա ընթացքում ազգային կամ աշխարհաքաղաքական թեմաներ չշոշափել, որպեսզի կոնֆլիկտներ չլինեն. «Ես կարծում եմ, թուրք ժուռնալիստներն էլ ուշադիր կլինեն, եթե, իհարկե, մասնակցելու ցանկություն հայտնեն: Բացի այդ, չեմ կարծում, որ ժուռնալիստները արտակարգ իրավիճակներ կստեղծեն. նրանք շփվելու են միայն խաղալիս»:

Ալ. Բոյկոյի տրամադրած տվյալներով՝ փառատոնին մասնակցող հայ լրագրողները մոտ 50-55 հոգի են: Բացի մեր երկրից, առայժմ մասնակցելու հայտ են ներկայացրել Ռուսաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Հունաստանի, Լեհաստանի, Լատվիայի եւ Գերմանիայի ԶԼՄ-ները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել