Լրահոս
Օրվա լրահոսը

ԾԱՆՐ ՊԱՅՔԱՐ Է ՍՊԱՍՎՈՒՄ

Օգոստոս 31,2007 00:00

Հոկտեմբերի 2-9-ը Անթալիայում (Թուրքիա) անցկացվելիք շախմատի Եվրոպայի տղամարդկանց եւ կանանց ակումբային հերթական առաջնությունում Հայաստանի «Միկա» աղջիկների թիմը պետք է փորձի պահպանել չեմպիոնական տիտղոսը:

«Առավոտը» տեղեկացավ, որ «Միկայի» անդամներից յուրաքանչյուրն այսօրվա դրությամբ այդ կարեւոր մրցաշարին նախապատրաստվում է անհատական ծրագրով: Իսկ թե դա որքանո՞վ է նպատակահարմար, պարզաբանեց միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանը, որի հետ զրույցի ընթացքում շոշափեցինք մարզասերներին հետաքրքրող նաեւ այլ հարցեր:

– Եվրոպայի չեմպիոն «Միկայի» կազմում փոփոխություններ կա՞ն:

– Այս անգամ մեր աղջիկները Եվրոպայի առաջնություն մեկնելու են մի փոքր ուժեղացված կազմով: Էլինա Դանիելյանին, Մայա Չիբուրդանիձեին եւ Նինո Խուրցիձեին միացել են Հայաստանի լավագույն շախմատիստուհիներից՝ գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը (նա մինչեւ վերջերս հանդես էր գալիս ռուսաստանյան ակումբներում) եւ պահեստայինի կարգավիճակով՝ հանրապետության վերջին առաջնության 2-րդ մրցանակակիր Լիանա Աղաբեկյանը:

– Ձեր ասած ուժեղացված այս կազմով «Միկան» ի վիճակի՞ է պահպանել տիտղոսը:

– Որ ձգտելու ենք դրան, միանշանակ է: Բայց ցանկությունն իրականացնելը շատ բարդ խնդիր է:

– Հայտնի՞ է, թե քանի թիմ է հանդես գալու:

– Ըստ իմ ունեցած վերջին տեղեկությունների, այսօրվա դրությամբ կազմակերպիչներն ստացել են 14 ակումբների հայտեր: Քանակի տեսակետից, թվում է, դա ձեռնտու է: Բայց մարզական առումով նման դեպքերում լարվածությունն է ահավոր մեծանում:

– Չեմպիոն դառնալն ավելի դյուրին է, քան կոչումը պահպանելը…

– Իրոք, այդպես է: Բայց մեր ակումբը ձգտելու է դա անել: Չիբուրդանիձեն, Խուրցիձեն եւ Դանիելյանն այս տարի բավականին մեծ թվով միջազգային մրցաշարերի են մասնակցել: Մրցափորձի առումով դա լավ է: Ի դեպ, Էլինան բոլորովին վերջերս Կավալայում լրացրեց տղամարդկանց միջազգային գրոսմայստերի համար սահմանված առաջին նորմը: Դա հուսադրող, բավականին լուրջ արդյունք է: Դրանից հետո Ակրոպոլիսի մրցաշարում նա կանանց մեջ ցույց տվեց 2-րդ արդյունքը: Իսկ Լիանան այս օրերին Սանկտ Պետերբուրգում ընթացող Ռուդենկոյի հուշամրցաշարում ընթանում է առաջատարների շարքում:

Երեկ հանդիպեցինք նաեւ «Միկա» ակումբի ավագ Էլինա Դանիելյանին: Նա, բնականաբար, գոհ էր իր վերջին մրցելույթներից: Իսկ իր ու Եվրոպայի ակումբային առաջնությանը նախապատրաստվող մեր թիմի մասին ասաց հետեւյալը. «Հիմա ես մտածում եմ հանգստանալու մասին. վերջին մեկ ամսում Հունաստանում երկու ծանր մրցաշարերի մասնակցեցի: Շուտով կսկսեմ նախապատրաստվել Եվրոպայի ակումբային առաջնությանը: Մեր թիմն իր կազմով, իսկապես, վատը չէ: Յուրաքանչյուրը նախապատրաստվում է անհատական ծրագրով: Ակումբային մրցաշարերում սա ընդունված ձեւ է: Անելու ենք հնարավորը մեր երկրպագուներին հուսախաբ չանելու համար, թեեւ դա անչափ դժվար է լինելու, քանի որ բոլոր ակումբներն էլ իրենց կազմերում ընդգրկել են լավագույն շախմատիստներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել