Լրահոս
Օրվա լրահոսը

«ՍԱՆՐՎԱԾՔՍ ՓԻՆԿԻ ՈՃԱԲԱՆԻ ԽՈՐՀՐԴՈՎ Է»

Օգոստոս 31,2007 00:00

\"\"Երգիչ Անդրեն կարծում է, որ Բիլանին նմանակելու միտում տեսնելը տեղին չէ

– Վերջին շրջանում քեզ հաճախ ենք տեսնում բարեգործական միջոցառումներում, այդպես փորձում ես նմանվել Արեւմուտքի շոու-բիզնեսի աստղերի՞ն, թե՞ դա հոգու պահանջ է:

– Նման ակցիաների ես վաղուց եմ մասնակցում: Դեռ 90-ականների սկզբներին, երբ հայտնի չէի, «Արցախի բալիկներ» խմբում երգում էի ազատամարտիկների համար: Այսօր էլ մտածում եմ, եթե իմ ներկայությունը որեւէ միջոցառման կարող է ինչ-որ բան փոխել դեպի լավը, ինչո՞ւ չանեմ, մանավանդ, եթե բարեգործությունը տեղ է հասնելու: Շատ է պատահել, որ իմ անունը օգտագործվել է, հետո եմ հասկացել, որ դրանք ամենեւին էլ բարեգործական բնույթի միջոցառումներ չեն ու մի քանի անհատներ ընդամենը բիզնես են անում: Կան կազմակերպություններ էլ, որոնց հավատում եմ, նրանք չեն շահարկում իմ անունը սեփական նպատակների համար: Մտադիր եմ առաջիկայում ինքս բարեգործական նախաձեռնություններով հանդես գալ՝ ներգրավելով գործընկերներիս: Ի դեպ, անցյալ տարի սեպտեմբերի 26-ին Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կայացած իմ համերգի հասույթն ուղղվել է բարեգործական նպատակների:

– Ծանոթ ես եվրատեսիլյան «խոհանոցին»: Այսօր արդեն շրջանառվում են անուններ, որոնցից միայն մեկը կարող է ներկայացնել Հայաստանը «Եվրատեսիլ-2008»-ում: Ինքդ ո՞ւմ ես պատկերացնում այդ բեմում:

– «Եվրատեսիլը» այնպիսի հեռուստաշոու է, որտեղ պարտադիր չէ բարձր արվեստ ներկայացնելը: Երբ առաջին անգամ ես մասնակցում՝ ձգտում ես շատ բան անել: Ամեն մասնակից ամեն տարի այդ կերպ է վարվում, փորձում օրիգինալ երեւալ: Օրինակ, 2006-ին ֆինները հաղթեցին: Եթե չլինեին հրեշների դիմակները, հայտնի չէ, թե նրանց երգը որ հորիզոնականում կհայտնվեր: Կամ այս տարի Վերկա Սերդյուչկայի ուրախ, անլուրջ կերպարը զարմացրեց Եվրոպան: Մի խոսքով, «Եվրատեսիլը» ամենեւին էլ լուրջ փառատոն չէ: Առաջին տարին, երբ ես էի մասնակցում, հալածանք սկսվեց երգիս, նրա գործիքավորման դեմ, հետո դա վերաճեց անձնական վիրավորանքների, անգամ մորուքիս հարցը քննարկվեց: Ընդ որում, ես մորուք ունեցել եմ այն օրվանից, երբ սկսել եմ երգչի իմ կարիերան…Հուսամ, այսօր փոխվել է հասարակության վերաբերմունքը եւ հաջորդներին նույնը չի սպառնում:

– Անցյալ տարի դեկտեմբերին Լոս Անջելեսում կայացած ամենամյա «Annual Music Awards» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ինտերնետային քվեարկության արդյունքում ճանաչվեցիր «Տարվա լավագույն երգիչ» եւ մրցանակդ օրերս հասավ քեզ: Ի՞նչ զգացողություն ես ունենում ամեն անգամ նոր մրցանակ «շոշափելիս»:

– Տարվա լավագույն երգիչ ճանաչվելը ուրախալի փաստ էր ինձ համար, քանի որ 8 ամիս շարունակ քվեարկություն էր գնացել amc.am կայքում, ուր, ինձնից բացի, ներկայացված էին շուրջ 15 հայ կատարողներ: Ընդհանրապես, կուլիսներում քննարկվում է, թե ով ինչ մրցանակ կարող է ստանալ, բայց ինձ համար, անկեղծ ասած, դա իսկապես անակնկալ էր: Ինչ վերաբերում է մրցանակ շոշափելուն, իհարկե, ամեն անգամ ուրախություն եմ զգում, մանավանդ այս դեպքում, որովհետեւ ժողովրդի քվեարկության արդյունք է այն:

– Ո՞րն է հաջորդ բեմը, որ կուզենայիր գրավել:

– Հեղինակավոր մրցանակաբաշխութ յուններ, «գրեմմիներ» կան, որտեղ երգիչները կարող են ներկայանալ ըստ իրենց երկրների «պարամետրերի», ըստ վաճառված ալբոմների, ճանաչվածության աստիճանի եւ այլն: Ես հիմա ձգտում եմ նման փառատոների մասնակցել, ունեմ հրավերներ, բայց ամեն ինչ կախված է ֆինանսական հնարավորություններից: Եթե ցուցաբերվի պետական աջակցություն, պատրաստ եմ ներկայացնել Հայաստանը բարձր վարկանիշ ունեցող մրցանակաբաշխություններում:

– Շատերի կարծիքով՝ թե սանրվածքով, թե բեմական պահվածքով վերջին շրջանում հիշեցնում ես ռուս երգիչ Դիմա Բիլանին…

– Նախկինում, երբ մազերս երկար էին, ասում էին՝ Մայքլ Ջեքսոնին է նմանակում, երգը թուրք երգիչ Տարկանի հիթն է հիշեցնում… Ստացվում է, որ ինչ էլ անես, քո մասին, միեւնույն է՝ խոսելու են: Ինչ վերաբերում է Դիմա Բիլանին, եթե նմանակելու լինեի, ավելի հայտնիներին կփորձեի նմանվել: Սանրվածքիս մասին էլ կասեմ, որ այն ամենամոդայիկն է աշխարհում: Դա արել եմ հանրահայտ Փինկի ոճաբանի խորհրդով, իսկ վերջինս դժվար թե ճանաչի Բիլանին: Կարծում եմ, որ ավելի շատ մեր բեմական կեցվածքներն են նման, ինչ-որ տեղ շատ քիչ դիմագծային ընդհանրություններ էլ կան, բայց Բիլանին նմանակելու ոչ մի միտում չունեմ:

– Ո՞վ է Անդրեի սրտի տիրուհին:

– Մինչ այսօր այնքան զբաղված եմ իմ սիրելի աշխատանքով՝ համերգներ, շրջագայություններ, ձայնագրություններ, որ անգամ ընտանիքիս հետ շփվելու ժամանակ չունեմ: Սիրտս դեռ ազատ է: Իմ պատկերացմամբ, նա պետք է լինի հարուստ ներաշխարհով ու մեծ համբերությամբ մեկը, որպեսզի կարողանա դիմանալ իմ փոթորիկներին ու դժվար աշխատանքին: Չէ՞ որ ամեն ինչի հանրագումարում ստեղծված արդյունքը, ի վերջո, նաեւ իրենն է լինելու:

– Ի՞նչը կարող է ափերից հանել Անդրեին եւ ինչը՝ ոգեւորել:

– Ինձ ափերից կարող են հանել կեղծավորությունն ու սուտը, որոնք իմ շուրջ պտտվում են: Օրինակ, վերջերս լսել եմ, թի իբր ամուսնանում եմ այն ուկրաինուհու հետ, որը 2006-ին ներկայացնում էր իր երկիրը «Եվրատեսիլում»: Նման հերյուրանքներն անտանելի են եւ անլուրջ: Ինչ վերաբերում է լավին, փոքր բանից էլ կարող եմ ոգեւորվել, այդ առումով մաքսիմալիստ չեմ:

– Երկրպագուներից ստացած ամենաօրիգինալ նվերը:

– 2003 թվականին, երբ նկարահանվեց «Հորովել» տեսահոլովակը, զանգահարեց 80-ն անց մի կին ու հանդիպում խնդրեց: Նա ասաց, որ իր թոռնիկի պես սիրում է ինձ եւ ուզում է նվիրել իր երաժշտական գրադարանը: Հրաժարվեցի, սակայն նա պնդեց ընդունել նվերը: Դա իմ ամենաօրիգինալ եւ ամենաթանկ նվերներից է: Իսկ փափուկ խաղալիքները, գրառումներով բլոկնոտները եւ այլն, տրադիցիոն նվերներ են: Հաճախ մեր դռան առջեւ կամ բակում աղջիկներ են հավաքվում: Ես տանը քիչ եմ լինում, հիմնականում մայրս է նրանց ընդունում: Օրինակ, անցյալ տարի մեկը իր թխած խմորեղենը ձեռքին եկել ու մայրիկիս ասել էր՝ ես եմ նրա միակը, համը փորձեք եւ տեսեք, թե ինչ ձեռք ունեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել