Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԱՀԿ-ն աշխատում է հօգուտ քաղաքապետարանի

Օգոստոս 31,2007 00:00

Քաղաքացին իր հասանելիք հողակտորը քաղաքապետարանից չի կարողանում ստանալ:

2004թ. փետրվարի 6-ին Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի եւ Մանյա Հայրապետյանի միջեւ կնքվել է անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր: Մ. Հայրապետյանը պարտավորվել է 5940 ԱՄՆ դոլարին համարժեք դրամով Հյուսիսային պողոտայի տարածքում գտնվող հողամասի դիմաց քաղաքապետարանին որպես սեփականություն մեկ ամսվա ընթացքում հանձնել Աբովյան 1/2 հասցեում գտնվող 8.2 քմ ընդհանուր մակերեսով օժանդակ կառույցը: Քաղաքապետարանն էլ իր հերթին պարտավորվել է համապատասխան հողատարածքի տրամադրման մասին 21 օրվա ընթացքում որոշում ընդունել, սակայն այդպես էլ քաղաքապետարանն իր պարտավորությունը չի կատարել: Մանյա Հայրապետյանը դիմել է դատարան:

2006թ. դեկտեմբերի 21-ի դռնբաց դատական նիստում Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը, դատավոր Գոռ Հակոբյանի նախագահությամբ, քննել է գործն ընդդեմ քաղաքապետարանի՝ պայմանագրային պարտավորությունները կատարել պարտավորեցնելու պահանջի մասին: Մանյա Հայրապետյանի հայցը բավարարվել է:

Դատարանը վճռել է քաղաքապետարանին պարտավորեցնել կատարելու պայմանագրով ստանձնած իր պարտավորությունը՝ կայացնել որոշում համապատասխան հողատարածքը Մ. Հայրապետյանին վարձակալությամբ՝ գնման նախապատվության իրավունքով տրամադրելու մասին: Քաղաքապետարանի իրավաբանական բաժնի ներկայացուցիչ Կարինե Դանիելյանը դիմումի վերաբերյալ առարկել է եւ հայտնել, որ «Հյուսիսային պողոտայի կառուցապատման ծրագրերի իրականացման շրջանակներում փոխվել են տարածքի կառուցապատման մակերեսները, որի հետեւանքով պայմանագրում նշված տարածքում ազատ հողամասեր չկան: Երեւանի քաղաքապետարանը կարող է դիմողին հողատարածք առաջարկել միայն Երեւան քաղաքի Փոքր կենտրոնից դուրս»:

ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարանը, դատավոր Տիգրան Սահակյանի նախագահությամբ, նույնպես Մ. Հայրապետյանի դիմումը բավարարել է: Վճիռն օրինական ուժի մեջ է մտել հրապարակման պահից եւ այն կամովին չկատարելու դեպքում պետք է կատարվեր դատական ակտերի հարկադիր կատարման [ԴԱՀԿ] ծառայության միջոցով: Շուտով կլրանա մեկ տարին, սակայն այդպես էլ ԴԱՀԿ-ն չի համարձակվում մոտենալ քաղաքապետարանին: Այժմ ԴԱՀԿ-ն դիտորդի կեցվածք է ընդունել եւ սպասում է, թե քաղաքացու հողակտորի վրա ինչպես է վեր խոյանում հերթական էլիտար շենքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել