Այն Այբբենարանի հետ միասին իր պատվավոր տեղն ունի առաջին դասարանցու պայուսակում
Վաղը ուսումնական տարվա առաջին օրն է: Տոնավաճառներում եւ խանութներում դեռ շարունակվում են գրենական պիտույքների, դպրոցականին անհրաժեշտ հագուստի եւ այլ պարագաների համար հերթերը: Ծնողները, անկախ սոցիալական վիճակից, ջանք չեն խնայում, որ հատկապես առաջին դասարան հաճախող իրենց երեխաները մյուսներից հետ չմնան:
Որպեսզի սկսնակ դպրոցականի տոնը լիարժեք լինի, նվազագույն հաշվարկներով ծնողներից կպահանջվի առնվազն 30-40000 դրամ, սա այն դեպքում, եթե, իհարկե, հաջողվի էժան գնումներ կատարել:
Առաջին դասարանցի աղջնակի կիսաշրջազգեստի կամ տղայի տաբատի գներն այս տարի տատանվում են 4500-8000 դրամի սահմաններում, վերնաշապիկներինն ու կոշիկներինը՝ 5000-10000, պայուսակներն արժեն 2000-15000 դրամ: Նախորդ տարվա պես, այս տարի էլ ամենամոդայիկը «Բարբի» տիկնիկի եւ «Սարդ-մարդու» պատկերներով պայուսակներն են, որոնց մեջ, բացի դասագրքերի, տետրերի եւ գրիչների համար նախատեսված «բաժիններից», կա նաեւ բջջային հեռախոսների համար առանձին գրպան: Պայուսակ վաճառողներից մեկի խոսքով՝ ծնողներից ոմանք սիրով, իսկ ոմանք էլ ստիպված են գնում դրանք, որովհետեւ չեն ուզում երեխայի «սիրտը կոտրել»: Երբ հարցումներ էինք անցկացնում ծնողների շրջանում՝ գրենական պիտույքների կամ հագուստի գների վերաբերյալ, մի քանիսը առաջին անհրաժեշտության «աքսեսուար» համարեցին բջջային հեռախոսը: «Հիմա առաջին դասարանցու համար, Այբբենարանից բացի, սոտըվին էլ է պարտադիր»,- ասաց տիկին Անահիտը: «Ես բջջայինից չեմ օգտվում, բայց երեխայիս համար հեռախոս ենք գնել, որպեսզի ընկերների մոտ ամոթով չմնա»,- նշեց Սուսաննա ներկայացած մի ծնող: Մի տղամարդ էլ փաստեց, որ բջջայինը ավելի անհրաժեշտ է ցածր, քան բարձր դասարանցուն. «Կարող է ազատ ժամեր են ունենում, բա չիմանա՞նք, որ շուտ վերցնենք դպրոցից»: Այսպիսով, բացի բոլոր ծախսերից, ծնողներից կպահանջվի եւս 65 հազար դրամ՝ «բլութութով» բջջային հեռախոս գնելու համար: Չմոռանանք նշել, որ ավելի բարձր դասարաններում այն հարկավոր է լինում էլեկտրոնային «շպարգալկա» ծառայելու համար: Շարունակելով անհրաժեշտ պարագաների ցանկը, հավելենք, որ 12 թերթանոց ամենաանորակ տետրերի գները սկսվում են 30 դրամից, 40 թերթանոցն արժե՝ 50 դրամ, ամենաէժան գրիչները՝ 30 դրամ, որոնք, ըստ վաճառողների, կգրեն միայն առաջին երկու օրը, իսկ գունավոր գրիչները 100-150 դրամ են: Օրագրերի գները սկսվում են 250 դրամից: Այն օրագրերը, որոնց վրա պատկերված են հեռուստասերիալների հերոսներ կամ կիսամերկ երգչուհիներ՝ արժեն 1500 դրամ: Նկարչության համար նախատեսված մատիտների ու ջրաներկերի գները սկսվում են 150 դրամից, իսկ նկարչական ալբոմներինը՝ 100 դրամից:
Ավանդաբար, սեպտեմբերի 31-ից սկսած, բարձրանում են նաեւ ծաղկեփնջերի գները, եւ հարմար առիթ է ստեղծվում ձեւավորման հաշվին կիսաթառամած «ապրանքը» սաղացնելու համար: «Առավոտի» հետ զրույցում մի ծնող նշեց, որ չի պատրաստվում ուսուցչուհու համար ծաղիկներ գնել. «Դասատուները մեր տարած ծաղիկներին չեն մնացել: Համ էլ հիմա ծաղիկ տանելը մոդա չէ: Հենց մի երկու օր անցնի, կգնամ, առանձին-առանձին բոլորին «կտեսնեմ», որ երեխայիս լավ նայեն»: Նրա հետ համամիտ էին առեւտուր անող ծնողներից ոմանք: