Լրահոս
Օրվա լրահոսը

Պանթեոնը հոգատար ձեռքերում է

Օգոստոս 31,2007 00:00

Քաղաքապետարանը Պանթեոնը պահում է աչքի լույսի պես

Դեռեւս 1935 թվականին, Խորհրդային Հայաստանի իշխանությունների որոշմամբ, Կոմիտասի այգում հիմնադրվեց Պանթեոնը՝ որպես հայ ազգի արժանի զավակների վերջին հանգրվան: Այստեղ են հանգչում մեծն Կոմիտասը, Շիրազը, Արամ Խաչատրյանը, Վարդան Աճեմյանը, Վիլյամ Սարոյանը եւ բազմաթիվ այլ մեծեր, ովքեր իրենց ուժն ու կարողությունները ներդնելով տարբեր ոլորտներում, ծառայել են մեկ նպատակի՝ շենացրել են Հայաստանը, աշխարհին ճանաչելի դարձրել:

Վերջին տարիներին, օգտվելով օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներից, այգու եւ Պանթեոնի նկատմամբ կատարվել են տարատեսակ ոտնձգություններ. հոգատար ձեռքի բացակայությունը նկատելի էր ամենուր: Երկար ժամանակ անխնամ մնալով՝ չորացել էին այգու ծառերը, վնասվել էին մեծերի հուշարձաններն ու գերեզմանաքարերը: Ցավով, բայց նշենք, որ շատ գերեզմաններ նույնիսկ չէին երեւում համատարած խոտածածկույթի եւ կեղտի մեջ:

Պանթեոնի եւ այգու բարեկարգման հարցը վաղուց հասունացել էր: Դեռեւս 2004 թվականին, Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի նախաձեռնությամբ, պատրաստվեցին նախագծա-նախահաշվարկային փաստաթղթեր, ապա 2005-ի գարնանը Պանթեոնի հիմնարար բարեկարգման, կարգավիճակի եւ տարածքի վերջնական ճշտման աշխատանքները մտան մայրաքաղաքի զարգացման ծրագրի մեջ: Հայտնի ճարտարապետ Ստեփան Քյուրքչյանի կազմած նախագիծն ամբողջությամբ պահպանվեց եւ արդեն տարեվերջին՝ 2005-ի նոյեմբեր ամսին, ընդլայնված տարածքով եւ հիմնանորոգված Պանթեոնը հանձնվեց սերունդների դատին ու պահպանությանը: Ի դեպ, նկատենք, որ Պանթեոնը վերջին անգամ բարեկարգվել էր 1963 թվականին:

Երկու փուլով իրականացված շինարարական աշխատանքների համար պահանջվել է մոտ 150 միլիոն դրամ: Ստացված արդյունքն առավելագույնն է: Նախկինում Պանթեոնի համար նախատեսված 3 հազար քառակուսի մետր տարածքը զբոսայգու հաշվին ընդլայնվել է՝ հասնելով մոտ 3 հեկտարի: Տարածքը պատով առանձնացվել է բնակելի թաղամասից, իսկ ձեւավոր գեղեցիկ ճաղավանդակով՝ այգուց եւ քաղաքի մյուս հատվածներից: Եզակի ճարտարապետական լուծումներով կառուցված հիմնական մուտքն արդեն իսկ ընդգծում է Պանթեոնի հոգեւոր արժեքը՝ այցելուներին ներշնչելով յուրօրինակ հպարտության զգացում: Ապահովվել են նաեւ այլ մուտքեր տարբեր կողմերից, կառուցվել եւ միացվել է ոռոգման ցանց, ինչը հնարավորություն է տալիս կանաչ տարածքը միշտ խնամված ու բարեկարգ պահել: Պանթեոնի տարածքը ապահովվել է արտաքին լուսավորությամբ, ճեմուղիները ամբողջությամբ սալիկապատվել են, տեղադրվել են նստարաններ:

Այնուհետեւ, 2006 թվականին հաստատվել է Պանթեոնի գլխավոր հատակագիծը: Պանթեոնի պահպանման, խնամքի, սպասարկման ողջ աշխատանքները իրականացվում են Երեւանի քաղաքապետարանի կողմից: Պանթեոնում կառուցվել է նաեւ փոքրիկ շինություն՝ նախատեսված տեխնիկական աշխատողների համար, ովքեր իրականացնում են տարածքի ամենօրյա խնամքն ու հսկողությունը:

Քաղաքապետարանի շինարարության եւ բարեկարգման վարչության պետի տեղակալ Ռազմիկ Գրիգորյանի հավաստմամբ, Պանթեոնը գտնվում է հոգատար ձեռքերում. «Բոլորիս համար նվիրական այս վայրը այլեւս կմնա անաղարտ, զերծ՝ ոտնձգություններից ու շահարկումներից: Մեր բարոյական պարտքն է այսկերպ հարգել եւ հավերժացնել մեր մեծերի հիշատակը, այն ավանդելով հետագա սերունդներին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել