Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՊԱԿՈՒ ԳՈՐԾԱՐԱՆՆ ԻՐԵՆՈՎ Է ԱՐԵԼ

Օգոստոս 31,2007 00:00

\"\"Գյումրիի ապակու գործարանի տնօրենը, աշխատակիցների պնդմամբ՝ այնպես է թալանել գործարանի գույքը, որ այն այլեւս վերագործարկել չի լինի:

Օրերս «Առավոտ» օրաթերթը Գյումրիի ապակու գործարան ՓԲԸ-ի նախկին աշխատակիցներից ահազանգ ստացավ, որ գործարանի տնօրեն Հայկ Հակոբյանը թալանում է գործարանի գույքը: Այդ գույքի 20 տոկոս բաժնեմասը պատկանում է գործարանի աշխատակիցներին, մինչդեռ տնօրենը, առանց հաշվի առնելու նրանց կարծիքը, ինքնագլուխ որոշել է օտարել գործարանին պատկանող բավականին թանկարժեք իրերը՝ երկաթգծի ռելսեր, երկաթյա դռներ, բեռնարկղեր, ծառայողական մեքենան, «շվիլերներ», 25 տոկոսանոց մամլիչն ու մաղը: Աշխատակիցների ներկայացմամբ՝ նա գործարանը դարձրել է «Հայր ու որդի» ՍՊԸ եւ այնտեղ աշխատանքի է բերել իր երկու որդիներին, մեկին՝ պահակի, մյուսին՝ փոխտնօրենի հաստիքներով: Պահակ որդին թույլ չի տալիս աշխատակիցներին մտնել գործարան. «Նրան այդպես է կարգադրել հայրը: Հերիք չէ մի գեղեցիկ օր սյուրպրիզ արեց՝ պատահական եկանք ու իմացանք, որ ազատված ենք աշխատանքից, թե երբ էինք ազատվել, ինչու՝ այդպես էլ գաղտնիք մնաց, անգամ վերջնահաշիվ չտվեց, հիմա էլ սկսել է գույքը ուտել, մի օր չբարեհաճեց բաժնետերերի ժողով կազմակերպել ու շուն-գել մեր կարծիքը հարցնել»,- ասում էին աշխատակիցները:

Մոտ 125 աշխատակից ունի գործարանի բաժնետեր լինելու մասին փաստող վկայագիր: Աշխատակիցները վկայագրերը ձեռքներին օրերս գնացել էին գործարան, իրենց խոսքերով ասած՝ «տնօրենից պատիվ պահանջելու»: Շատ աշխատակիցների հունից հանել էր այն, որ Հայկ Հակոբյանը գործարանի այդքան թանկարժեք գույքի մեծ մասն օտարելուց հետո էլ չի բարեհաճում իրենց աշխատավարձի պարտքերը տալ: Օրինակ՝ կադրերի բաժնի վարիչին, գործավարին տնօրենը մոտ 175-հազարական դրամ աշխատավարձի պարտք ունի: Ուստի նրանք եկել էին գործարան՝ իրենց աշխատավարձերն ուզելու: Գործարանում Հայկ Հակոբյանի եւ աշխատակիցների միջեւ ուժեղ «ռազբոռկա» սկսվեց: Կռիվն ավելի թեժացավ այն ժամանակ, երբ տնօրենը հայտարարեց, որ միայն «տաբելչիցային» է պարտք՝ ընդամենը 5 հազար դրամ:

Կոլեկտիվի համոզմամբ՝ գործարանը հանգիստ կվերագործարկվեր, քանի որ մեծ քանակությամբ հումք ուներ: Սակայն դրան խանգարել է հենց Հակոբյանը, ով արտադրանք թողարկելու օրը գազի մարդկանց հետ համաձայնության գալով՝ գազերն անջատել է տվել ու գործարանը կանգնեցրել: «Հակոբյանն ինքնակոչ դիրեկտոր է, մենք նրան չենք ընտրել, նա դիրեկտոր նստավ հենց թալանի նպատակով, քանի որ նախկինում ստեղ աշխատել էր որպես վարիչ ու հոյակապ գիտեր, թե ինչ կապիտալի հետ գործ ուներ»,- միաբերան պնդում էին բոլոր աշխատակիցները:

Տնօրենն «Առավոտի» հետ զրույցում ապակու գործարանի գույքի օտարումը պայմանավորեց գործարանի «առողջացման ծրագրով»: «Գործարանն ունի վերագործարկման ծրագիր, սնանկացման չի գնացել, որ, ասենք, որեւէ բան օտարվի ու բաժնետերին բաժանվի, այն աշխատելու է, ինչ էլ օտարվել է՝ օտարվել է փաստաթղթերով: Աշխատավարձերի պարտքերն էլ 98 տոկոսով փակված են»,- հավաստիացրեց Հայկ Հակոբյանը: Իսկ երբ նրանից խնդրեցինք ցույց տալ այդ փաստաթղթերը, որով օտարվել էր ընկերության գույքը՝ խուսափեց, միայն ներկայացրեց մի փաստաթուղթ, ըստ որի՝ գործարանի 80 տոկոսն արդեն անցել է «Վանակն ապակի» ՍՊԸ-ին, որի հիմնադիրը հենց Հայկ Հակոբյանն է:

Տեսնելով, որ հորից գործարանում աջուձախ պարզաբանումներ են պահանջում՝ վրա հասան տնօրենի որդիներն ու լպիրշ հայտարարություններով սկսեցին վռնդել թե՛ լրագրողներին, թե՛ գործարանի նախկին աշխատակիցներին:

Կոլեկտիվը տնօրենի «թալանի» մասին իմացել էր ընդամենը երկու շաբաթ առաջ ու անմիջապես նամակ-բողոք էր ուղղել Շիրակի նորանշանակ մարզպետին: Մարզպետարանում աշխատակիցների բողոքը քննարկել են ու գտել, որ, իսկապես, հիմնավոր փաստեր կան, ուստի գործը հանձնել են մարզային ոստիկանությանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել