Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՈՉ ԿՈՌԵԿՏ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ

Օգոստոս 31,2007 00:00

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ օգոստոսի 28-ին ներկայացրած «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» օրենքի նախագիծը բացասական արձագանքի արժանացավ խորհրդարանական մյուս ուժերի կողմից մասնավորապես այն պատճառով, որ այն չէր անցել համաձայնեցման նախապատրաստական փուլ եւ կարող էր վտանգել բանակցային գործընթացը:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն «Առավոտի» խնդրանքով անդրադառնալով այս օրինագծին՝ նաեւ կոռեկտ չհամարեց, որ բանակցային գործընթացին անտեղյակ մարդիկ են ներկայացնում նման նախագծեր. «Նախ՝ Րաֆֆի Հովհաննիսյանը չի մասնակցում բանակցություններին, տեղյակ չէ դրանց մանրամասներին եւ փաստորեն պատասխանատվություն չի կրում Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ կապված: Եվ այս առումով՝ կոռեկտ կլիներ նման նախաձեռնություն չներկայացնել: Կա նաեւ երկրորդ հանգամանքը, որ նույնպես կոռեկտության հետ է կապված՝ Ազգային ժողովի ամբողջ պատմության ընթացքում խորհրդարանական կուսակցությունները միշտ միասնական դիրքորոշում են մշակել եւ արտահայտել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ: Կարծում եմ, պատահական չէ, որ խորհրդարանի մյուս խմբակցություններից որեւէ մեկը չպաշտպանեց պրն Հովհաննիսյանի նախաձեռնությունը: Ընդ որում, կարծում եմ, ակնհայտ է, որ դա չի վերաբերում ԼՂՀ անկախությունն ընդունելուն կամ չընդունելուն. ճիշտ հակառակը: Կարծում եմ, չի կարող լինել որեւէ հայ մարդ, որը չցանկանա, որ ճանաչվի ԼՂՀ անկախությունը: Բայց սոսկ Հայաստանի Հանրապետության կողմից, այն էլ՝ այս պահին… սա խնդրի լուծում չէ»:

Մեր հարցին, թե կարելի՞ է կանխատեսել, որ ըստ ամենայնի՝ այս օրինագիծը չի քննարկվի ԱԺ-ում՝ ելնելով նախաձեռնության քաղաքական աննպատակահարմարությունից, ԱԺ նախագահը պատասխանեց. «Մյուս 4 խմբակցությունների դիրքորոշումները, կարծում եմ, ակնհայտորեն դա են ցույց տալիս: Բայց բնականաբար՝ ամեն ինչ որոշվելու է ԱԺ նիստում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել