Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ» ՀԱՄԱԺՈՂՈՎԸ՝ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ

Օգոստոս 31,2007 00:00

\"\"Այստեղ կհրապարակվեն կուսակցության ղեկավարի մի շարք վերլուծություններ, որոնց հիման վրա էլ նա հղացել է Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին խորհրդակցությունների հրավիրելու գաղափարը:

«Ազգային միաբանության» փոխնախագահ Ալեքսան Կարապետյանը ժխտեց այն համոզումը, թե իրենց կուսակցությունը տեւական լռություն է պահպանում ԱԺ մայիսի 12-ի ընտրություններից հետո. «Լռությունը թվացյալ է: «Առավոտի» մայիսի 15-ի համարում Արտաշես Գեղամյանը հստակ ներկայացրեց մեր հետընտրական դիրքորոշումները: Մեր հակաճգնաժամային ծրագիրը մեծ խանդավառությամբ էր ընդունվել շուրջ 90 բնակավայրերում հանդիպումների ժամանակ: Մենք ժողովրդին խոստացել էինք ջանք ու եռանդ չխնայել ծրագրային հիմնադրույթները կյանքի կոչելու համար, եւ այդ խոստումն առ այսօր մեզ համար շարունակում է մնալ գերխնդիր: Այլ հարց է, որ ԱԺ չանցնելով՝ այդ խնդրի իրականացումը փոքր-ինչ դժվարացավ: Սակայն բնության մեջ գոյություն չունի այն ուժը, որն ի զորու կլինի պատնեշել մեր երկրում սեփական ժողովրդին ծառայելու պատրաստակամությունը: Ահա այս խնդրի լուծման ճանապարհների որոնմամբ ենք զբաղված եղել անցած ամիսներին: Փոքր գաղտնիք բացեմ: Արդեն իսկ պատրաստ են ԱՄ կուսակցության սեպտեմբերի վերջին կայանալիք համաժողովին հնչեցվելիք վերլուծությունները: Կարծում եմ, Արտաշես Գեղամյանի հաշվետու զեկուցումից քաղաքական դաշտը, իսկ որ մեզ համար ավելի կարեւոր է՝ ժողովուրդը, հստակ կպատկերացնի երկրում եւ երկրի շուրջ ստեղծված ծայրաստիճան բարդ, պայթյունավտանգ իրավիճակում մեր մոտեցումները եւ հայոց պետականությունը վտանգող մարտահրավերների հաղթահարման ուղիները»:

Ալեքսան Կարապետյանն այս կապակցությամբ հարցադրում արեց. «Բացի միասնական թեկնածուի արհեստածին թեմայի շուրջ քննարկումներից՝ ուսանելի ի՞նչ պտուղ քաղեց մեր ժողովուրդն այն բազմաթիվ հարցազրույցներից, ասուլիսներից, որոնցով մայիսի 12-ի ընտրություններից հետո հեղեղված էին թերթերն ու հեռուստաեթերը: Եվ ոչ մի՛: Իսկ հիմա մեզ, փաստորեն, հանդիմանում են, որ լռել ենք: Մինչդեռ ամառվա կիզիչ տապին Արտաշես Գեղամյանի եւ մեր կողմից սոցիալական, քաղաքական եւ տնտեսական բնույթի հազարավո՜ր էջեր կազմող նյութեր են վերլուծվել, որոնք կներկայացվեն մեր ժողովրդին: Երբե՛ք չէի ցանկանա անհամեստ գտնվել, բայց անգամ իսկ ընտրություններից հետո անցած շուրջ չորս ամիսները վերստին վկայում են մեր կուսակցության, նրա ղեկավարի՝ Արտաշես Գեղամյանի քաղաքական լրջմտությունը եւ հեռատեսությունը»:

Հիշեցնելով, թե ԱԺ չանցած ընդդիմադիր ուժերից ամենաշատ քվեները ստացել էր «Ազգային միաբանությունը»՝ կուսակցության փոխնախագահը նշեց. «Մենք հիմա էլ շատ ենք կարեւորում բոլոր քաղաքական միավորումների ուժերը կենտրոնացնելը ոչ թե միասնական թեկնածուի թեմայի շուրջ բարձրացրած արհեստածին իրարանցման եւ մտավարժանքների, այլ երկիրն անվտանգության ու կայուն զարգացման հուն դուրս բերելու ուղիների եւ խնդիրների ազգովի լուծման շուրջ: Այս հարցերի կարեւորությունն ենք ընդգծում նաեւ մեր բոլոր քննարկումների ժամանակ, մասնավորապես՝ իմ կողմից շատ հարգված Պարույր Հայրիկյանի նախաձեռնությամբ օգոստոսի 28-ին ընդդիմադիր գործիչների հանդիպման ժամանակ: Մեր սրբազան պարտքն ենք համարում քաղաքական դաշտում մեր բոլոր գործընկերների հետ միասին անել ամենը՝ ազգը միաբանելու, համախմբելու համար՝ հանուն Հայաստանի ապագայի»:

Մեր զրույցի ընթացքում Ալեքսան Կարապետյանի սենյակ մտավ Արտաշես Գեղամյանը, որից էլ փորձեցինք պարզել՝ իրականությանը համապատասխանո՞ւմ է այն լուրը, թե օգոստոսի 28-ին «Կոնգրես» հյուրանոցում կայացած հանդիպման ժամանակ ինքն առաջարկել է հաջորդ խորհրդակցություններին հրավիրել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: ԱՄ առաջնորդը հաստատեց տեղեկատվությունը եւ այսպես հիմնավորեց իր հրավերը. «Երբ ամենայն մանրամասնությամբ վերլուծության ենթարկեցի Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը 2007-ի առաջին կիսամյակում եւ մտովի վերլուծեցի աշխարհաքաղաքական զարգացումները, որոնք անշուշտ՝ իրենց անդրադարձը կունենան մեր տարածաշրջանի եւ հատկապես՝ Հայաստանի վրա, շատ տագնապներ առաջացան իմ մեջ: Եվ այդ տագնապների լուծումները պետք է դառնան գերխնդիր մեր ազգի համար, ու ոչ թե մի կողմ կանգնած՝ պիտի սպասենք, որ տապալվի մեր հայոց պետականությունը, հետո փորձենք գտնել մեղավորներ՝ ինքներս արդար մարդու կերպարանք առած կամ քաղաքական գործչի թիկնոց հագած: Վերահաս վտանգները հաղթահարելու կարողությունը տրված է միայն համախմբված ազգին՝ իր համախմբված քաղաքական ընտրանու գլխավորությամբ: Չլինի դա՝ հավատացնում եմ, կորուստները կլինեն անդառնալի: Ահա այդ ամենը նկատի ունենալով՝ այո՛, ես նպատակահարմար եմ գտնում՝ երբ վտանգված է ազգը, երկրի ճակատագրով եւ ապագայով մտահոգ քաղաքական բոլոր ուժերը պարտավոր են ամեն մանրուք դնել մի կողմ եւ նստել, համատեղ որոշել հրատապ անելիքները»: Արտաշես Գեղամյանը նաեւ հետեւյալ զուգահեռն անցկացրեց. «Սպիտակ գվարդիայի անվանի գեներալ Դենիկինն այսօր մոնարխիստների կողմից քննադատվո՞ւմ է, որ նա Երկրորդ աշխարհամարտի ժամանակ դիմեց իր դահիճներին, որոնց քաղաքականության արդյունքում վտարանդի էր դարձել՝ ասելով, թե իր գեներալական հմտությունները, գիտելիքներն անգամ իսկ որպես շարքային սպա՝ պատրաստ է ծառայեցնել Սովետական Ռուսաստանի պաշտպանության գործին: Ահա այդ մոտեցումներով ենք մենք առաջնորդվում եւ փորձում մեր գործերում էլ հավատարիմ մնալ մեր կուսակցության անվանմանը»:

Ալեքսան Կարապետյանը մի բացահայտում էլ արեց. «ԱՄ նախագահությունում մենք «շատ խիստ» խոսակցություն ունեցանք Արտաշես Գեղամյանի հետ: Իշխանական եւ ընդդիմադիր բազմաթիվ քաղաքական գործիչների՝ վերջին ամիսներին տված ասուլիսներն ու հարցազրույցները, ինչպես նաեւ՝ ԱՄ տարածքային կազմակերպությունների ղեկավարների եւ կուսակցության անդամների հետ բազում հանդիպումները հրամայական են դարձնում Արտաշես Գեղամյանի առավել ակտիվ մասնակցությունն առաջիկա նախագահական ընտրություններին: Սակայն ինքը՝ պրն Գեղամյանը, հակված է իր մոտեցումները եւ տեսակետները ներկայացնել մեր առաջիկա համաժողովում: Թե չէ՝ չստացվի այնպես, որ կուսակցության ղեկավարի այս զուսպ պահվածքը բնութագրվի հայտնի ասացվածքով՝ «Եթե համեստությունը գեղեցկացնում է մարդուն, ապա չափից ավելի համեստությունը մեր պայմաններում սխալ է ընկալվում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել