Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԿ ՇԱԲԱԹՈՒՄ՝ 36 ԴՈՊԻՆԳ-ՍՏՈՒԳՈՒՄ

Օգոստոս 30,2007 00:00

Անցած մեկուկես-երկու տարիներին աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում Հայաստանի ծանրորդների ցուցադրած արդյունքների շեշտակի աճը, ինչպես երեւում է, մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի եւ Հակադոպինգային համաշխարհային գործակալության (ՎԱԴԱ) որոշ պաշտոնյաների կամ, պարզապես, դուր չի գալիս, կամ էլ սկսել է անհանգստացնել:

Վերջին օրերին, երբ տարվա գլխավոր ստուգատեսին՝ Չանգ Մայ (Թաիլանդ) քաղաքում ծանրամարտի աշխարհի առաջնության մեկնարկին (այստեղ է որոշվելու, թե 2008-ին Պեկինում կայանալիք օլիմպիական խաղերում որ երկիրը քանի ուղեգիր է նվաճելու) մոտ երեք շաբաթ է մնում, նրանք մեկ շաբաթ ընդմիջումով արդեն բժշկական երկու խումբ են գործուղել Հայաստան: Առաջինում եղել են միջազգային ֆեդերացիայի եւ ՎԱԴԱ-ի մասնագետները, որոնք իրենց իսկ կազմած ցուցակի բոլոր մարզիկներից արյան նմուշներ վերցնելով գնացել են: Չանցած մեկ շաբաթ՝ ժամանել է ՎԱԴԱ-ի եւս մի խումբ: Գնալով Աբովյան՝ այս խմբի անդամները ֆեդերացիայից պահանջել են անհապաղ իրենց մոտ բերել մեր աղջիկների հավաքականի անդամներին, որոնք այս օրերին ուսումնամարզական հավաք են անցկացնում Գյումրիում: Նրանց առաջարկվել է անձամբ գնալ Գյումրի, քանի որ աղջիկները մարզվում են խիստ ռեժիմով ու այն խախտելը նպատակահարմար չէ: Սակայն ՎԱԴԱ-ի մասնագետները մնացել են անդրդվելի: Ստիպված մարզիչներն աղջիկներին կտրել են մարզումային գրաֆիկից եւ շատ արագ բերել Աբովյան: Հակառակ դեպքում բացառված չէր, որ դա գնահատվեր ստուգումից խուսափում, ինչը հավասարազոր է դոպինգ օգտագործած լինելուն՝ իր բոլոր հետեւանքներով: Նրանցից արյան նմուշները վերցնելով՝ մասնագետների խումբը վերադարձել է: Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանին առաջարկեցինք մեկնաբանել այդ այցելությունների հաճախակիացման նպատակը: Նա ասաց. «Նախաօլիմպիական տարում միեւնույն երկրի տարբեր տարիքային խմբերի հավաքականների նվաճած մեդալները դոպինգի դեմ տարվող պայքարի աննախադեպ խստացման պայմաններում, գուցե, շատերի համար անհավատալի է: Ամեն մի հաջողությունից հետո մեր թե տղաները եւ թե աղջիկները խստագույն դոպինգ-ստուգման են ենթարկվել ու, փառք Աստծո՝ ամեն անգամ «մաքուր» են եղել: Մենք արգելված խթանիչներ ու դեղամիջոցներ չենք օգտագործում: Թող գան երբ եւ ինչքան ցանկանում են: Սիրով կընդունենք: Միայն ուզում ենք, որպեսզի այս վճռական փուլում հավաքականների մարզումային գրաֆիկը չխախտվի ու մարզիկները հոգեբանորեն չընկճվեն: Մեկ շաբաթվա ընթացքում ՎԱԴԱ-ն մեր ծանրորդներից 36 դոպինգ-նմուշ է վերցրել: Դա պատկառելի թիվ է: Մյուս երկրների հետ է՞լ են այդպես վարվում՝ չգիտեմ ու ինձ չի հետաքրքրում: Մի բան հաստատ կարող եմ ասել. աշխարհի առաջնությունում պայքարելու ենք օլիմպիական խաղերում հնարավորինս շատ մասնակիցներ ունենալ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել