Լրահոս
Օրվա լրահոսը

Լսողին՝ ասող է պետք

Օգոստոս 30,2007 00:00

…Ապրիլ-մայիսին ստեղից-ընդեղից մի կերպ պոկած փողերը՝ վերջացան: Ստիպված՝ սկսեցինք մտածել: Ու եկանք-հասանք սրան: Որ՝ ի հակադրություն նախորդ դարերի, երբ մշտապես ԱՍՈՂՆ է լսողի բացակայությունն ու անհրաժեշտությունը զգացել, այսօր լիքը լսողներ են հայտնվել: ԱՍՈՂԸ չկա:

Այլընտրանքի մասին չէ խոսքս: Ծաղրանկարն այլընտրանք չի ունենում: Իսկ վաղուց, ցավոք, մեզնում ամեն ինչ էլ ծաղրանմանակման է վերածվել. արժեք, սկզբունք, բարոյականություն, երկիր, պետականություն, իշխանություն, արժանապատվություն:

Ու ողբերգությունը բնավ էլ էն չի, որ, ասենք, խաբողը ինքն իրեն եւ այլոց փորձում է հավատացնել, թե ինքը չի խաբում:

Էդ չի: Էն է, որ խաբվողը ինքն իրեն ու այլոց, այդ թվում նաեւ խաբողներին է փորձում հավատացնել ու էն էլ էն, որ ոչ թե ինքը չի խաբվում, այլ, որ իրեն… չեն խաբում: Ամենասարսափելին դա է:

Ու մեկ էլ՝ ԱՍՈՂ չլինելը:

Ով, եթե էս տարի էլ չհայտնվի՝ վերջ, հետո եթե հայտնվի էլ՝ էլ երկար ու երկար ժամանակ լսողներ չի ունենալու: Տեսակը, որպես այդպիսին, կորած կլինի: Լսող չէ: Լսածը՝ հասկացող տեսակը:

Անշուշտ, ԱՍԵԼՈՒ համար դրան նախորդող լռություն է պետք, կուտակումներ են պետք, բայց պետք չէ համընդհանուր-համատարած լռության սպասել՝ իբր թե ասածդ լսելի կդառնա միայն այդ դեպքում:

Հենց ԱՍՎԵՑ՝ էդ դեպքում է, որ լռություն է տիրելու: Որովհետեւ յուրաքանչյուրն էլ ուզենալու է լսել ասվածը: Սպասողն էլ, չսպասողն էլ: Ուրախացողն էլ, տխրողն էլ: Հուսավառվողն էլ, հուսահատվողն էլ: Որովհետեւ դա բոլորին է պետք եւ յուրաքանչյուրին: Ու երեւի թե միայն այստեղ է, որ մեր հայրենիքում «աշխատում է» Ջոն Քենեդիի միտքը, թե մի հարցրու՝ ի՞նչ կարող է անել հայրենիքը քեզ համար, հարցրու, թե ի՞նչ կարող ես ինքդ անել վասն նրա:

Այլապես կշարունակվի հաղթող այս դատարկաբանությունը, ուր յուրաքանչյուրը խոսում է իր քթի տակ: Հայտնի էլ չի՝ թե ում համար: Կամ՝ հետ: Ու՝ ընդհանրապես: Ու մրցույթ է սկսվելու՝ դրանցից ով ավելի շատ ու շուտ կտրվի նրան, ով … ոչինչ չի ասում:

Փակագծերի մեջ. խնդրում եմ ԱՍՈՂ ու ասացող երեւույթները միմյանց հետ չշփոթել: Որովհետեւ ասացողը ընդամենը երկրորդում-երրորդում է այն, ինչ լսել է ուրիշներից եւ, սովորաբար, ոչ այնքան հաջող:

Իսկ ԱՍՈՂԸ նա է, ով ոչ միայն սեփական մտքերը, գաղափարները, ծրագրերը ունի, այլեւ պատրաստ է դրանք կյանքի կոչել եւ հստակ գիտե, որ «Նա, ով խառնվում է քաղաքականությանը, պետք է պատրաստ լինի եւ օրհնանք, եւ անեծք լսելու: Ով պարտավորվում է ծառայել ազգին՝ նա ազգից պարգեւներ ակնկալելու կամ նրանից խռովելու իրավունքը չունի»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել