Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԵՌՈՒՍՏԱՄԱՐԳԱՐԻՏՆԵՐ»՝ ՎՈՒԼԳԱՐ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՈՎ

Օգոստոս 30,2007 00:00

\"\"Դրանց թվում են «32 ատամ» եւ «Օտար խաղեր» հաղորդաշարերը

Ռուսական հեռուստաալիքները լիքն են արեւմուտքից «թխված» «բամբասասեր» եւ կենցաղային մակարդակի հեռուստաշոուներով, իսկ հայկականները՝ ռուսականների անհաջող կրկնօրինակումներով: Եվ եթե հայկական մասնավոր հեռուստաալիքների պարագայում ամեն գնով հեռուստադիտող կորզելու այդ «թուլությունը» ինչ-որ տեղ հասկանալի է, նույնը չի կարելի ասել Հանրայինի մասին: Հ1-ով ցուցադրվող որոշ հաղորդումներ ոչ միայն հակագեղագիտական են, այլեւ հակակրելի՝ իրենց խայտառակ «հայերենով»: Օրինակ, Ֆելիքս Խաչատրյանի իբր հեղինակային «Օտար խաղերը» ռուսական «Օկնայի» հայավարի տարբերակն է: Իր աթլետիկ կազմվածքով, օրիգինալ հագուկապով, հաճախ ցինիկ, բայց ոչ երբեք գռեհիկ խոսքով աչքի ընկող «Օկնայի» վարող Դմիտրի Նագիեւի օրինակով Ֆելոն էլ է փորձում եթերում անբռնազբոս երեւալ: Հավանաբար, ըստ նրա, ինքնատիպությունը ժարգոնախառն հայերենն ու թեւերի դաջվածքներն են, մեկ էլ երեւանցի ձեւացող համարյա միշտ բարբառախոս հյուրերը: Դա էլ իր բացատրությունն ունի՝ պարզ է, որ 10000-15000 դրամով լավ դերասան գտնելը դժվար է, եւ հաճախ այլ անուններով նույն դեմքերն են հանդես գալիս՝ տարբեր իրավիճակներում ու «կերպարներում»: Պատմություններն էլ անհամ են ու քիչ հավանական: Ասենք, վերջին հաղորդումներից մեկի սիրային եռանկյունին: Երկու ընկեր սիրում են նույն աղջկան: Մեկը չի խոստովանել, որովհետեւ ժամանակին մեկնել է ԱՄՆ ու վերադարձել, որպեսզի սպորտային հագուստով «շողշողա» Հ1-ի տաղավարում, մյուսն էլ միայն վերջերս է հասկացել, որ սիրում է: Ճարահատյալ երեքով հյուրընկալվել են Ֆելիքսին, որպեսզի նրա օգնությամբ պարզեն, թե ով՝ ում է սիրում:

«Ջահել ժամանակ ըտենց մի տեսակ իրար չէիք նայո՞ւմ կաֆեներում»,- հետաքրքրվում է հաղորդավարը: «Դերասաններն» անվարժ են, ուստի չեն կարողանում իրենց ասելիքը ձեւակերպել: Ֆելիքսը ստիպված հադիսատեսից է օգնություն հայցում, բայց ապարդյուն: «Դեմքերից զգում եմ, որ ինչ-որ ասելիք կա, բայց չեն ուզում ասել»,- բարձրաձայն մտածում է նա: Հետո 20-30 րոպեանոց հաղորդումն ավարտվում է վարողի խոսքով. «Դուք տեսաք, որ այսօր ոչ մի մարդ իրար չծեծեց»:

Իր տարերքի մեջ է նաեւ «32 ատամ» հաղորդաշարը: Իբր Երեւանում նկարահանած համարները գլուխգործոցներ են, հիմա էլ Ուռեկիում են շարք արել: Օրինակ, պատմում են խունացած այն պատմությունը, թե ինչպես է Մեսրոպ Մաշտոցը եփած մակարոնը շպրտել ու ստացել վրացերեն տառերը: Հետո հետեւում են գռեհիկ անեկդոտները: Մի տատիկ ուզում է շուկայից գնումներ կատարել, որտեղ, ըստ «32»-ի, ամեն ինչ եվրոյով է վաճառվում: Տատիկը, չնայած բարձր գնին, որոշում է բադրիջան գնել: Վաճառողն էլ հարցնում է. «Որի՞ց ես ուզում, տատի: Ելակի համո՞վ, թե՞ բեղիկներով»: Ու պայթում է Ուռեկիում ներկա հանդիսատեսի ծիծաղը: Այո, շա՜տ «սրամիտ» է: Նրանց հումորային հատընտիրում է նաեւ ամենամարդակեր մարդու մասին պատմությունը, որը ծարավելիս ջրի մարդ է ուտում, չի սիրում «հում ականջներով գեղցիներին» եւ քանի որ քրիստոնյա մարդակեր է, պաս է պահում՝ սնվելով՝ «խիյար ու քյալամ գյադեքով»: Այ այսպիսի մարգարիտներ Հ1-ի եթերում, որի ամենավուլգար հատվածներին ուղղակի չենք ուզում անդրադառնալ: Ի դեպ, «32 ատամ» հաղորդման ժամանակ անընդհատ գովազդվում է իրենց նոր DVD-ին՝ «բոնուս դրվագներով, որոնք արգելված են եթերի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել