Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարդակ»՝ թիվ 13 գիշերօթիկ դպրոցում

Օգոստոս 30,2007 00:00

Աշխատավայրն այս խոսքով բնութագրող տնօրենն ու նախկին մանկավարժը մեղադրում են միմյանց:

«Առավոտի» հուլիսի 19-ի համարում տպագրված «Ազատամարտիկ տնօրենն ու քիմիկոս հաշվապահը «յոլա» չեն գնում» հոդվածում անդրադարձել էինք ԿԳ նախարարության ենթակայությամբ գործող թիվ 13 գիշերօթիկ երաժշտական դպրոցի հաշվապահ Մանյա Կնյազյանի եւ տնօրենի պաշտոնակատար Սամվել Երանյանի «հակամարտությանը»: Տիկին Կնյազյանը պնդում էր, որ ՀՅԴ անդամ, մասնագիտությամբ ռեժիսոր տնօրենի պատճառով՝ անառողջ մթնոլորտ է տիրում դպրոցում: Նմանօրինակ բողոքով խմբագրությանն է դիմել նաեւ դպրոցի նախկին ֆիզիկայի ուսուցչուհի, մինչեւ վերջերս դաստիարակ ձեւակերպված Գոհար Գեւորգյանը:

«1988-ից մինչ այս ուսումնական տարվա առաջին կիսամյակը ֆիզիկա եմ դասավանդել: Հետո դաստիարակչական ժամեր վերցրեցի, քանի որ չէի հաշտվում դպրոցում առկա որոշ երեւույթների ու մատյաններում կատարվող կեղծիքների հետ: 33 տարի անընդմեջ ֆիզիկա եմ ուսուցանել, ընդ որում՝ 29 տարին միայն այս դպրոցում: Մի խոսքով, վերջին շրջանում ինձ նշանակել էին փոխարինող դաստիարակ, ունեի նաեւ առավոտյան վերկացի ժամեր: Թեեւ պայմանագիրն ինձ հետ անորոշ ժամանակով էր կնքված, բայց երբ այն մարդը, որին փոխարինում էի՝ եկավ աշխատանքի, ինձ ասացին, որ պետք է ազատվեմ: Ես զարմացա՝ ո՞նց կարող եմ դուրս մնալ, երբ առավոտյան վերկացի 9 ժամ ունեմ: Պահանջեցի, որ դաստիարակության ժամերով ապահովեն: Փոխարինել եմ Սյուզի Պապոյանին, որն ընդամենը Բլեյանի ավագ դպրոցն է ավարտել: Ստացվում է՝ նա իրավունք ունի աշխատելու, ես՝ ո՞չ»,- դժգոհեց տիկին Գոհարը: Նաեւ հավելեց, որ դպրոցում աշխատում են պոլիտեխնիկական կրթությամբ մարդիկ, ովքեր նոր են ընդունվել Մանկավարժական համալսարանի տարբեր բաժիններ: Գ. Գեւորգյանը նաեւ հայտնեց, որ օգոստոսի 23-ին դիմել է ԿԳ նախարարություն ու դեռ պատասխան չի ստացել, պատրաստ է իրավունքները վերականգնել դատարանով: «Տնօրենը ունենալով 2 տարի 8 ամսվա ստաժ, ավարտած լինելով Թատերական ինստիտուտը, իրավունք ունի աշխատել դպրոցում, իսկ ես, որ 29 տարի նույն դպրոցում վաստակ ունեմ՝ ազատվում եմ: Փաստորեն, փորձում են ազատվել հին աշխատողներից, նրանցից, ովքեր դպրոցի ներքին խոհանոցը լավ գիտեն: Ինձ նմանների ներկայությունը ձեռք չի տալիս, կաշկանդվում են, ձգվում: Կրթության նախարարության տեսչությունից էլ եկան, ստուգումներ կատարեցին, ի՜նչ փաստեր արձանագրեցին: Մատյանների իմ էջերում պոլիտեխնիկական կրթությամբ փոխտնօրեն Նարինե Վարդերեսյանը իր ձեռքով գնահատականներ էր նշանակել, ինչը ապացուցվեց: Ընդ որում, այդ Նարինեն մի դպրոցից օպտիմալացվել՝ մեր դպրոցում փոխտնօրեն է դարձել, իսկ ես իմ մանկավարժական հսկա ստաժով դուրս եմ մնում»,- նեղսրտեց «օպտիմալացված» ֆիզիկոսը:

Կապվեցինք տնօրեն Սամվել Երանյանի հետ: Նա հայտնեց, որ այս պահին վայր է դրել տնօրենի պաշտոնակատարի իր լիազորությունները՝ սեպտեմբերի 22-ին թիվ 13 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթին մասնակցելու նպատակով: «Տիկին Գեւորգյանը եթե ուզում է՝ թող դիմի դատարան: Ինքն ինչ ասել է՝ սուտ է: Նա ֆիզարձակուրդ գնացածի փոխարեն էր դաստիարակչական ժամեր վերցրել: Մայիսին այդ աղջիկը վերադարձել է, իրեն մնացել է գոյություն չունեցող մի հաստիք եւ 8 դաստիարակչական ժամ: Ես չեմ կարող 8 ժամով աշխատող պահել… Գեւորգյանը ժամանակին էլ նախկին տնօրենի դեմ էր բողոքել, հետո այդ ամենը իր որդու՝ Աշոտ Առաքելյանի վրա էր շրջվել: Վերջինս երաժշտական գծով նախկին փոխտնօրենն էր»,- պատասխանեց նա:

«Առավոտի» հարցին՝ ո՞րն է պատճառը, որ այս դպրոցից անընդհատ բողոքներ են ստացվում, պրն Երանյանը պատասխանեց. «Բարդակ» բառը մեղմ է ասված այդ դպրոցի համար: Հիմա, երբ որոշ բաներ սկսում են կարգավորվել, մարդկանց դուր չի գալիս: Շատերը ժամանակին թագավոր ու թագուհի են պատկերացրել իրենց դպրոցում: Անգամ հավաքարարը կարող էր կանգնել, ասել՝ տնօրենը ես եմ: Կրկնում եմ՝ հիմա ամեն ինչ տեղն է ընկել, բողոքում են»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել