Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐՕՐԻՆԱԿ «ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ»

Օգոստոս 30,2007 00:00

\"\"«Անկախ» հանձնաժողովը վաղակետ ազատություն է պարգեւում մարդասպաններին եւ սադիստներին, մնացածներին մերժում է:

Գրեթե ամեն օր «Առավոտը» նամակներ եւ հեռախոսազանգեր է ստանում դատապարտյալներից, որոնք իրենց դժգոհությունն են արտահայտում ՀՀ նախագահի հրամանով ստեղծված «անկախ» հանձնաժողովի գործունեությունից: Այդ հանձնաժողովում ընդգրկված են ուժային կառույցների ներկայացուցիչներ, որոնք ազատազրկվածների դիմումների ու քրեակատարողական հիմնարկների վարչակազմի բնութագրերի հիման վրա որոշում են՝ ազատե՞լ դատապարտյալին պատժի հետագա կրումից, թե՞ ոչ: Ըստ մեր ստացած բողոքների, հանձնաժողովը եւ դատարանները (որոնք վերջնական որոշում են ընդունում) «մարդասիրական» մոտեցում են ցույց տալիս ծանր հանցագործություն կատարածների նկատմամբ: «Առավոտի» հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը նման մտեցումը գնահատեց ոչ միայն «հակաիրավական, այլեւ՝ հակաբարոյական»:

«Առավոտն» անդրադարձել է Հրաչ Չալաբյանի գործին: 11 տարի ազատազրկման դատապարտվածը պայմանական վաղակետ ազատվել է՝ հիշյալ հանձնաժողովի եւ դատարանի որոշմամբ: Նա պղնձե կաթսայով սպանել էր 70-ամյա միայնակ կնոջը՝ Անգին Գազարյանին, գողացել թոշակառուի հեռուստացույցը: Չբավարարվելով կատարվածով՝ նա ձեթը լցրել էր հատակին տապալված անօգնական կնոջ վրա եւ այրել նրան:

Նույն «մեխանիզմով» պատժի հետագա կրումից ազատվել է դատապարտյալ Գրիշա Բաբաջանյանը: Նա Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման: Ծանրոց ուղարկելու պատրվակով Գ. Բաբաջանյանը մտել էր Հայաստանում գտնվող՝ Օմսկ քաղաքի բնակչուհի Տատյանա Շարաֆուադինովայի բնակարան: Վերջինիս խմիչքի բաժակի մեջ լցրել էր քնաբեր՝ աչք ունենալով կնոջ կաշվե բաճկոնի եւ սպորտային հագուստի վրա: Սակայն քնաբերի ազդեցությունը շուտ էր անցել, եւ Տատյանան արթնացել էր: Տեսնելով դա, Բաբաջանյանը դանակի բազմաթիվ հարվածներով սպանել էր կնոջը:

Մեկ այլ «մարդասիրական» մոտեցում էլ ցուցաբերվել է դատապարտյալ Վոլոդյա Պետրոսյանի նկատմամբ: 14 տարի ազատազրկման դատապարտվածը Դոնարա Մամալյանից պարտքով գումար էր վերցրել: Սակայն գումարը վերադարձնելու փոխարեն որոշել էր սպանել Դոնարային: Վերջինիս Պետրոսյանը նստեցնում է ընկերոջ ավտոմեքենան՝ ավտոկայան ուղեկցելու պատրվակով: Ճանապարհին հանում է կացինը, հարվածում անպաշտպան կնոջ գլխին, սպանում նրան: Հանցագործությունը կատարելուց հետո Վ. Պետրոսյանը տուժողի դիակը փաթաթելով շորով՝ «թաղում» է ճանապարհի մոտակայքում: «Ներվածն» այդ վայրագությունն արել էր հանուն 40 000 դրամի ու 118 դոլարի: Ինչպես այդ, այդպես էլ մի շարք այլ դեպքերում դատախազությունը բողոքարկել է հանձնաժողովի եւ դատարանի «մարդասիրությունը»: Բայց, մասնավորապես, այս գործով դատախազի կողմից բերված բողոքը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը՝ Աիդա Հովհաննիսյանի նախագահությամբ, չի բավարարել:

Աշոտ Սահակյանը 1996թ. դատապարտվել էր 15 տարվա ազատազրկման: Նա դիմել էր «Հաց» միավորման գլխավոր տնօրեն, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Բորիս Մխիթարյանին՝ Վանաձորի հացի գործարանում վարորդ աշխատելու խնդրանքով: Մերժվել է: Դա համարելով արհամարհանքի դրսեւորում, Սահակյանը վրեժխնդիր լինելու նպատակով ձեռք է բերում երկփողանի որսորդական հրացան: Թաղման արարողության ժամանակ նա կրակում է ավտոմեքենայից դուրս եկող Բորիս Մխիթարյանի եւ միավորման գլխավոր հաշվապահ Գիրգոր Դանիելյանի վրա: Մխիթարյանը գլխին ուղղված կրակոցից սպանվել էր, իսկ հաշվապահը ստացել էր ծանր մարմնական վնասվածք: Թե Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանը, թե քրեական վերաքննիչ դատարանը տարօրինակ սառնասրտությամբ դատապարտյալին բաց են թողել պատժի հետագա կրումից:

Հանձնաժողովը «ներել» էր նաեւ 11 տարվա ազատազրկման դատապարտված Ռազմիկ Գրիգորյանին: Վերջինս 1999-ին իր ծանոթի հետ այցելել է Տատյանա Աղաբաբովայի բնակարան: Ոգելից օգտագործած վիճակում նա վիճել է իր ծանոթի ու հյուրընկալ կնոջ հետ: Չհանդուրժելով Աղաբաբովայի սթափեցնող կոչերը, Գրիգորյանը աղբաթափով հարվածել է Տատյանային: Գրիգորյանը տուժողին տանում է «Սիրիուս» գործարանի մոտ, նրան պառկեցնում երկաթգծի ռելսերի վրա, քարերով կոտրում նրա գլուխը:

Վճռաբեկ դատարանը որոշում է կայացրել մեկ այլ դատապարտյալի՝ 8 տարվա ազատազրկման դատապարտված եւ առանց որեւէ հիմքերի «ներված» Արմեն Համբարձումյանին քրեակատարողական հիմնարկ ետ տանելու մասին: Սակայն մինչ օրս այդ վճիռը չի կատարվել, որովհետեւ Համբարձումյանին չեն գտնում: 2001-ին նա ցմահ ազատազրկման դատապարտված Աշոտ Զատիկյանի հետ, զինված, բանդայի անդամ լինելով, հետապնդել են Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների տարադրամի փոխանակման կետի աշխատակիցներ Աշոտ Մուրադյանին, Մանուկ Սարգսյանին, Սմբատ Գյուլբուդաղյանին: Ներկայանալով ոստիկանության աշխատակիցներ, փորձել են խուզարկել նրանց, դարանակալել են իրենց զոհերին, սպառնալով կյանքին՝ հափշտակել գումար:

Ահա այսպիսի «մարդասեր» հանձնաժողով եւ դատարաններ ունենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել