Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական թալանը՝ Շիրակի մարզում

Օգոստոս 30,2007 00:00

Մարզի մի շարք գյուղերի ջրագծերը թալանելուց հետո հիմա էլ իրար հետեւից անհետանում են ջեռուցման խողովակներն ու

Մայիսյանի կաթսայատան գույքը:

Շիրակի մարզի Մայիսյան գյուղի բնակիչներն օրերս «Առավոտին» ահազանգեցին, որ մութն ընկնելուն պես մի շարք բեռնատար մեքենաներ իրենց գյուղի կաթսայատնից «ապրանք» են կրում, բայց թե ո՞ւմ պատվերով եւ ո՞ւր են տանում՝ իրենք չգիտեն: Ըստ մայիսյանցիների, կաթսայատնից դեպի գյուղ գնացող ջեռուցման խողովակաշարերը նույնպես անհետացել են:

Հիշեցնենք, որ այս մարզի մի քանի համայնքներում էլ, օրինակ՝ Մարմաշենում, Գետքում, Կապսում, Ջրաձորում, Վահրամաբերդում, Բանդիվանում, մոտ մեկ տարի առաջ ջրագծերի անխնա թալան էր սկսել: Այդ թուջե խողովակները, ինչպես նաեւ Մայիսյանից գողացված ջեռուցման խողովակաշարերը միջազգային շուկայում բավականին թանկ են գնահատվում, եւ քանի որ խողովակաշարերի թալանը եկամտաբեր է, ըստ շրջանառվող լուրերի, այդ բիզնեսում մեծ «թափ» ունեցող պաշտոնյաներ են ընդգրկված:

Դեռեւս 4 տարի առաջ Մայիսյանի կաթսայատնից ջեռուցվում էր Գյումրիի ամենամեծ թաղամասը՝ Անին ու Մայիսյան գյուղը: Սակայն սպառողների ու մատակարարի միջեւ ծագած անընդմեջ վեճերի պատճառով մատակարարը նորմալ ջեռուցում չէր ապահովում, սպառողներն էլ հրաժարվում էին վճարները մուծել: Ուստի բնակիչ-մատակարար բախումներից խուսափելու համար կառավարության հատկացրած գումարով Անի թաղամասի բետոնյա շենքերը գազիֆիկացվեցին՝ անգործության մատնելով կաթսայատունը ու պահպանությունը հանձնելով քաղաքապետ Վարդան Ղուկասյանին: Նա վստահեցնում էր, թե կաթսայատնից մի մազ չի պակասելու, իրենք հետեւելու են, սակայն ներկայումս կաթսայատան ողջ գույքը թալանվում է:

Այս առնչությամբ Մայիսյանի կաթսայատան տնօրեն Սամվել Համբարձումյանից պարզաբանումներ ստանալու մեր փորձերն անհաջող անցան, քանի որ մեր՝ Մայիսյանում գտնվելու ժամանակ վերջինս տեղում չէր:

Շիրակի մարզի տնտեսական դատարանից ճշտեցինք, որ վարույթում կաթսայատան սնանկ ճանաչվելու վերաբերյալ գործ գոյություն չունի, այսինքն՝ հիմնարկը լուծարման գործընթացում չէ, հետեւաբար գույքն էլ օտարման ենթակա չէ, ուստի կաթսայատան ապրանքները չէին կարող օրինականորեն վաճառել:

Այս օրերին մեկ այլ խոշոր թալան էլ եղել է նախկին Բանավանի տարածքում՝ Կապս-Ջրաձոր հատվածում: Արդեն մի քանի ամիս է՝ այնտեղից գողանում են մեծ արժեք ունեցող ստորգետնյա խողովակաշարերը, ընդ որում, ականատեսների հավաստմամբ, թալանը կատարվում է բավականին պրոֆեսիոնալ ձեւով՝ խողովակաշարերը հանելուց հետո անմիջապես փորած տարածքները հարթեցնում են եւ հետքերը ծածկում: Նույն ականատեսների վկայությամբ՝ մթնշաղին այդ խողովակաշարերը տեղափոխվում են պարսկական համարանիշներ կրող մեքենաներով: Նմանատիպ դեպք արձանագրվել է ընդամենը 4-5 օր առաջ: Մեր խմբագրություն դիմած բնակիչները հաստատում են, որ թալանին պահակ է կանգնում պետհամարանիշով մեքենա: Սա նշանակում է, որ թալանը կատարվում է «վերեւների» անմիջական թույլտվությամբ եւ պետական մակարդակով:

Գյումրիի քաղաքական դաշտում, մեր աղբյուրների պատմելով՝ Բանավանի տարածքի այդ նույն խողովակաշարերը ժամանակին հրապուրել էին նաեւ տեղի իրավապահներին: Ըստ լուրերի, մարզի ու քաղաքի նախկին ոստիկանապետեր Խաչիկ Ասատրյանի ու Շիրակ Շահնազարյանի միջեւ կոնֆլիկտը ծագել էր հենց այդ խողովակների հողի վրա:

Շիրակի մարզի այլ թալանների մասին կանդրադառնանք առաջիկայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել