Լրահոս
Օրվա լրահոսը

10 ՀԱՑԻ ՄԵՋ 3 ՀԱՑ ԽԱԲՎՈՒՄ ԵՆՔ

Օգոստոս 30,2007 00:00

\"\"Հաց արտադրող ընկերությունները հացը նախատեսվածից անգամ 50 գրամ պակաս թխելով՝ գերշահույթներ են ստանում:

«Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի համաձայն, Հայաստանում վաճառվող սննդամթերքը, այդ թվում՝ հացը, պետք է լինի փաթեթավորված, ունենա համապատասխան մակնշում, որտեղ նշված լինեն արտադրողի անունը, արտադրության հասցեն, բաղադրությունը, քաշը եւ այլն: Սակայն մեր երկրում հաց արտադրող շատ քիչ ընկերություններ կան, որոնք պահպանում են օրենքի այս կետը: Այն, ինչ մենք ամեն օր գնում ենք խանութներից, ըստ էության, անհայտ բաղադրություն եւ ծագում ունեցող արտադրանք է: Հացի բաղադրության եւ հաց արտադրող ընկերությունների վարած գնային քաղաքականության մասին մենք արդեն անդրադարձել ենք մեր թերթի նախորդ համարներում («Առավոտ», 22.08.07 եւ 24.08.07): Ինչ վերաբերում է վաճառվող հացամթերքի քաշին, երեկ մենք մոնիտորինգ անցկացրինք մայրաքաղաքի մի շարք խանութներում, որպեսզի տեղում ստուգենք, թե որքանով է շարքային սպառողն ամեն օր խաբվում հացի քաշի մեջ:

Նախ, ինչպես պարզեցինք, գրեթե բոլոր խանութներում վաճառվող հացի քիչ տեսականիներ են փաթեթավորված ու մակնշված: Օրինակ՝ հաց արտադրող հայտնի «Պիկանտ համ» ընկերության «բատոն» տեսակի հացի վրա, բացի արտադրանքի անունից՝ «Բատոն մոսկովյան», ուրիշ որեւէ մակնշում չկար: Այդ հացի բաղադրության, պահպանման ժամկետի մասին սպառողը պետք է ինքը գուշակություններ անի: Խանութի վաճառողուհուց պարզեցինք, որ այդ մոսկովյան բատոնն արտադրողն իրենց տալիս է՝ որպես 200 գրամանոց հաց, մինչդեռ, երբ տեղում կշռեցինք, այն հազիվ 150 գրամ էր, այսինքն՝ 50 գրամ պակաս: Չնայած կարող է թվալ, թե 50 գրամն էական նշանակություն չի ունենա սպառողի համար, սակայն նշենք, որ 10 հաց գնելու դեպքում սպառողը, փաստորեն, մոտ 3 հացի գին ավելի է վճարում:

Վերջերս հացի գինը Հայաստանում կտրուկ բարձրացավ: Այդ ընթացքում հաց արտադրող մի շարք ընկերություններ իրենց արտադրանքը թանկացրին: Այն ընկերություններն էլ, որոնք չբարձրացրին գինը, պակասեցրին հացի քաշը: Սա երեկ «Առավոտի» հետ զրույցում խոստովանեցին նաեւ խանութների աշխատակիցները: Օրինակ՝ «Հացի 8-րդ գործարանի» արտադրած «բուխանկա» տեսակի սպիտակ հացը, 300 գրամի փոխարեն, ունի ընդամենը 270 գրամ քաշ ու այսօր վաճառվում է նախկին՝ 70 դրամ գնով: Նույն ընկերության կլոր մատնաքաշը, որը, վաճառողների հավաստմամբ, խանութ է բերվում որպես 400 գրամանոց հաց, իրականում կշռում է 332 գրամ եւ դարձյալ վաճառվում է նախկին՝ 110 դրամ արժեքով: «Քեթրին» ընկերությունը, որը հացամթերքի շուկայում հայտնի է որպես բիո հաց արտադրող ընկերություն, իր արտադրատեսակների քաշերը վերջին 2 ամսվա ընթացքում պակասեցրել է 30-40 գրամով: «Քեթրինի» «բուխանկա» տեսակի բիո հացը 300 գրամի փոխարեն կշռում է 268 գրամ, իսկ մատնաքաշ տեսակի հացը կես կիլոգրամի փոխարեն՝ մոտ 470 գրամ: «Սեւանի հացի գործարանի» 1 կիլոգրամանոց «քարի հացն» այսօր վաճառվում է 950 գրամ քաշով:

Նկատենք, որ հացամթերք արտադրող խոշոր ընկերություններն օրական մի քանի հազար հաց են արտադրում, ուստի, ամենապարզ հաշվարկներով՝ յուրաքանչյուր հացի քաշը, անգամ 20-30 գրամ պակաս լինելու դեպքում, 100 հատ հացից 10-ը ընկերության վրա ձրի է նստում, իսկ օրական արտադրանքի հաշվարկով ընկերությունները գերշահույթներ են ստանում: Արդարության համար նշենք, որ խանութներում կային նաեւ մակնշմանը համապատասխան քաշ ունեցող հացեր: «Հայր եւ որդի Երիցյանների» արտադրած հացամթերքը հիմնականում ճիշտ քաշն ուներ, միայն «Բորոդինսկի» տեսակի հացն ընդամենը 2 գրամով էր պակաս մակնշման վրա գրված 400 գրամ քաշից:

Նկատենք, որ վերը նշված ընկերությունների արտադրանքը գոնե ինչ-որ չափով մոտ է լինում ընդունված չափանիշներին, մինչդեռ շուկայում կան հացեր, որոնք պատրաստվում են սպառողին բոլորովին անհայտ մասնավոր արտադրողների կողմից՝ «մինի» հացի փռերում: Ու եթե մեծ ընկերությունների հացի քաշը պակաս է լինում 30-50 գրամով, ապա անհայտ արտադրողի պատրաստած կամ, այսպես կոչված՝ «կոոպերատիվ հացը» գնելով՝ սպառողը մի քանի հարյուր գրամով խաբվում է: Օրինակ՝ 1 կգ-անոց «պետական մատնաքաշը» 220 դրամ է, բայց շուկայում կան 200-250 գրամանոց մատնաքաշեր, որոնք վաճառվում են 100 դրամով, մինչդեռ պետք է լինեին առավելագույնը 60 դրամ:

Քանի որ հացի շուկայում ոչ հիգիենիկ, ոչ որակի ու քաշի վերահսկողություն չի իրականացվում, շատ հաճախ առաքիչները հացն արտադրամասից խանութ են տեղափոխում հակահիգիենիկ պայմաններում՝ ավտոմեքենաների թափքով, կեղտոտ ու բաց արկղերով, առանց ձեռնոցների:

Այս տարի սննդի անվտանգության վերահսկողությունն անցել է գյուղնախարարությանը, ուստի շուկայի վերահսկման հետ կապված երբ այդ գերատեսչությունից պարզաբանումներ խնդրեցինք՝ մամուլի քարտուղար Վահագն Մարտիրոսյանը պատասխանեց՝ «Մեր նախարարությունը հիմա հացի վերահսկողությամբ զբաղվելու ժամանակ չունի: Քանի որ ամառ է ու շատ շոգ է, ամենամեծ վտանգը հիմա մսամթերքն է ներկայացնում: Զբաղված ենք մսի ստուգումներով»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել