Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՊԱՀԱՆՋԱՐԿ ՄԻԱՆՇԱՆԱ՛Կ ԿԱ

Օգոստոս 30,2007 00:00

\"\"Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման մասին ասում է «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը, որը մասնակցել է Հայաստանի առաջին նախագահի մարզային որոշ հանդիպումներին:

– Մինչ ընդդիմադիրները շարունակում են խորհրդակցություններ անցկացնել, թե նախագահական ընտրություններին ինչ ձեւաչափով են մասնակցելու, ում են պաշտպանելու՝ իշխանական ճամբարում կարծես ամեն ինչ հստակ է այդ առումով: Մինչդեռ ընդամենն օրեր են մնացել, երբ կսկսվի համագումարներով առաջադրումների շքերթը:

– Նախ՝ իշխանական դաշտում այնքան էլ ամեն ինչ հարթ չէ: Քանի որ, գոնե ես գիտեմ՝ Սերժ Սարգսյանին այսօր այն մարդիկ են շրջապատում կամ նրա համար կուրծք ծեծում, որոնք ժամանակին նրա հասցեին այնպիսի՜ հայհոյանքներ էին տալիս, որ անգամ ես ինձ թույլ չեմ տվել այդպիսի բաներ ասել:

– Տվեք նման մարդկանց մի քանի անուններ:

– Անձերին չանդրադառնանք: Նրանք բոլորին են հայտնի:

Եվ երկրորդը՝ ի պատիվ Սերժ Սարգսյանի, մի այնպիսի «ընտրական համակարգ» է ստեղծվել՝ ընտրությունների հետ ընդհանրապե՛ս առնչություն չունեցող միջոցառումների մի այնպիսի պլան, որ ուզածդ մականունավորի կամ հայերեն մի քիչ վատ խոսող թեկնածուի կարող են առաջադրել եւ անցկացնել: Սակայն նրանց «ծանր հրետանին» միայն հայերեն վատ իմացող այս տղաները չեն. Գալուստ Սահակյանն ի՞նչ պակաս գաղափարական «ծանր հրետանի» է կամ՝ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը, որի փաղաքշական անունը մեծ ու փոքրի շուրթերին է:

Այնպես որ՝ եթե խոսքն այն միջոցառումների մասին է, որոնք հանրապետությունում մինչ այժմ եղել են «ընտրության» անվան ներքո՝ իրոք կարող են անցկացնել ուզածդ թեկնածուին: Իսկ զուտ քաղաքական գործընթացների տեսանկյունից՝ ընդդիմության մեջ շատ-շատ մարդիկ կան, որոնք, եթե լինեն օրինական, նորմալ ընտրություններ՝ կարող են հաղթել Սերժ Սարգսյանին:

– Դեռ շարունակո՞ւմ եք հավատալ նորմալ ընտրությունների անցկացման հավանականությանը:

– Ես ասում եմ՝ ԵԹԵ: Բայց ես ապագա նախագահական ընտրությունները ոչ թե հաղթելու կամ պարտվելու տեսանկյունից եմ դիտարկում, այլ երկրի առջեւ ծառացած խնդիրների լուծման կարողության: Եվ այս առումով՝ քաղաքականությամբ զբաղվող յուրաքանչյուր անձ, որ քիչ թե շատ մտահոգ է երկրի, նրա ապագայի համար՝ կարող է միանշանակ ասել, թե այդ խնդիրների լուծման տեսակետից երեւի ամենահավանական թեկնածուն Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Դարձյալ ընդգծեմ՝ խնդիրը դիտարկում եմ ոչ թե Սերժ Սարգսյանին հաղթելու կամ պարտվելու տեսանկյունից՝ նման ինքնանպատակ խնդիր ինձ համար գոյություն չունի: Լեւոն Տեր-Պետրոսյանը ե՛ւ քաղաքական կամք ունի, ե՛ւ իմաստություն, ե՛ւ նախկինում գործած սխալների շտկման առումով՝ կարող է լուծել երկրի առջեւ ծառացած խնդիրները:

– Այնուամենայնիվ, ընտրական գործընթացների hայաստանյան փորձը վկայում է, որ ընտրությունների ելքի համար վճռորոշ գործոններն այլ են: Առաջարկում եմ առանձին-առանձին անդրադառնալ այդ գործոններին՝ պարզելու, թե Ձեր նախընտրելի թեկնածուն որքանո՞վ շանս ունի հաղթելու ընտրություններում: Մեր ընտրությունների համար վճռորոշ գործոններից են վարչական եւ ֆինանսական լծակները: Կարծո՞ւմ եք արդյոք, որ ասպարեզում առկա որեւէ թեկնածու այդ առումով կարող է մրցակցել իշխանության թեկնածուի հետ:

– Ֆինանսական եւ վարչական լծակների առումով՝ յուրաքանչյո՛ւր թեկնածու, այդ թվում՝ նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, միանշանակ կզիջի իշխանության ներկայացուցչին, քանի որ բոլոր ֆինանսական ռեսուրսները նրանց ձեռքին են, նաեւ վարչական լծակները՝ ամբողջ համակարգը կենտրոնացված է մի մարդու ձեռքին: Այս տեսանկյունից՝ ընդդիմության թեկնածուն եթե անգամ Հիսուս Քրիստոսը լիներ՝ այդ ոլորտում կզիջեր իշխանության ներկայացուցչին: Բայց կան նաեւ այլ գործոններ, որոնք կարող են չեզոքացնել այս մի գործոնը:

– Ըստ ամենայնի՝ խոսքը ներքին աջակցության՝ քաղաքական ու հասարակական պատվերի մասին է: Բայց մինչ դրանց անդրադառնալը՝ եւս մի վճռորոշ գործոնի՝ արտաքին աջակցության մասին: Կարծո՞ւմ եք արդյոք, որ արտաքին ճակատը տրոհված է գործող իշխանությանն աջակցություն ցուցաբերելու հարցում, եւ սա կարող է նպաստել ընդդիմության թեկնածուի հաղթանակին: Եվ կամ՝ ընդդիմադիր թեկնածուն պե՞տք է օգտագործի արտաքին ուժերի դժգոհությունը ներկա իշխանություններից:

– Ինձ համար, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացու, երեւի ամենից ոչ էականն այս՝ արտաքին աջակցության գործոնն է: Քանի որ դրա օրինակը մենք, ցավոք, ունենք, թե ինչ է լինում, երբ արտաքին աշխարհի օգնությամբ է տվյալ գործիչն իշխանության գլուխ անցնում. նա դառնում է առնվազն խամաճիկ:

Բայց այս մի գործոնի առումով էլ Լեւոն Տեր-Պետրոսյանն ավելի շահեկան կերպար է, քանի որ որպես քաղաքական գործիչ նա կանխատեսելի է արտաքին աշխարհի համար: Սակայն դարձյալ եմ ընդգծում՝ նույնիսկ իմ ամենասիրելի թեկնածուի պարագայում ես այս մի գործոնն այդքան չեմ կարեւորի, քանի որ մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս պետք է որոշենք, թե ով է լինելու մեր երկրի նախագահը:

– Տեղն է խոսելու ներքին աջակցության մասին: Նախ անդրադառնանք դրա մի բաղկացուցիչին՝ քաղաքական պահանջարկին: Չե՞ք կարծում արդյոք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանին այսօր կպաշտպանեն, բացի իր հարազատ կուսակցությունից՝ ՀՀՇ-ից, ու նրանից սերված «Արմատից», նաեւ «Այլընտրանքն» ու «Հանրապետությունը»: Այս շրջանակից դուրս գտնվող ընդդիմությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման շրջանում ընդդիմադիր էր նրան եւ այժմ էլ, մեղմ ասած, չի ողջունում նրա հնարավոր առաջադրումը:

– Անկեղծ ասած, նույնիսկ մեր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանին դրական առումով ուղղված խոսքը այդ կարգի քաղաքական գործչի համար կոռեկտ չի, քանի որ դեռ չգիտենք՝ նա առաջադրելո՞ւ է թեկնածությունը, թե՞ ոչ: Ես՝ որպես քաղաքացի, պարտադրո՛ւմ, պահանջո՛ւմ եմ, որ նա անպայման վերադառնա քաղաքականություն: Եվ միայն այն, որ նրա անունը շրջանառության մեջ է (լավ, թե վատ) քաղաքական բոլոր շրջանակներում, արդեն իսկ վկայում է քաղաքական պահանջարկի մասին: Այդ պահանջարկը միանշանակ կա:

Բայց նա դեռ առաջադրվելու ցանկություն չի հայտնել, ու քաղաքական որոշ գործիչներ նրա ստույգ մտադրությունն իսկ չիմանալով, նրա խոսքը, ծրագիրը չլսած՝ սկսել են վատաբանել նրան՝ երբեմն մարդկային նորմալ հարաբերություններին իսկ անհարիր արտահայտություններով: Սրանք առնվազն չարության կամ չկամության անհեթեթ դրսեւորումներ են:

Էլ չեմ ասում, որ քաղաքականություն վերադառնալը Լեւոն Տեր-Պետրոսյանի ցանկությունը չպետք է լիներ: Գործող իշխանությունը քաղաքական բոլոր գործընթացներից երբեք նախկին նախագահին չպիտի վանի, թողնի նրան ստվերում: Եվ ընդհակառակը՝ ամեն ինչ պիտի անի նրա փորձն ու գիտելիքներն օգտագործելու համար:

– Որոշ ընդդիմադիր գործիչներ պնդում են, որ թեեւ ժողովուրդը դժգոհ է ներկա իշխանություններից՝ այնուամենայնիվ, պահպանել է նաեւ դժգոհությունը նախկին իշխանությունների նկատմամբ, եւ այս առումով Լեւոն Տեր-Պետրոսյանը չի դիտվում իբրեւ Սերժ Սարգսյանի այլընտրանք: Ուստի՝ արդյոք հասարակական պահանջարկի մասին չպիտի՞ խոսենք առնվազն վերապահումով:

– Բնական է, որ ամբոխները չեն խելագարվել նման գաղափարից, բայց համենայնդեպս՝ հասարակական բավական լայն շրջանակներում Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրման շուրջ ընթանում են քննարկումներ: Թեեւ էլի չգիտեն ո՛չ այն, թե արդյոք Լեւոն Տեր-Պետրոսյանը կառաջադրի՞ թեկնածությունը, ո՛չ էլ այն քաղաքական ուժերի շրջանակը, որը նախագահական ընտրություններում կարող է պաշտպանել նրան: Եվ եթե այսօր նույնիսկ ցանկալի հասարակական ընկալում չկա՝ դա գործընթացի հետ կապված խնդիր է, ու համոզված եմ, որ մոտ 1-2 ամսվա ընթացքում կունենանք իրական պատկերը: Հիշեցնեմ՝ 8 տարի շարունակ, ամենաանազնիվ ձեւերով, հանիրավի վարկաբեկել են նրան: Չնայած ժամանակի ընթացքում ամեն ինչ պարզվեց, որ ձեռքբերումները շատ ավելի շատ են եղել, իսկ ցրտի ու մթի տարիներն օբյեկտիվ պատճառներ ունեին: Սակայն այս ամենը կապեցին Հայաստանի առաջին նախագահի հետ, որ, առնվազն, անբարոյականություն էր: Ցավով եմ նշում նախկին նախագահի նկատմամբ նման վերաբերմունքը՝ այն էլ այն պայմաններում, երբ նա հնարավորություն չի ունեցել (Սուրեն Աբրահամյանը համաձայնեց մեր լրացմանը, թե նաեւ ցանկություն չի ունեցել.- Ա. Ի.) հակադարձելու այս՝ մեծ մասամբ ուղղակի անհիմն, որեւէ տրամաբանությունից զուրկ մեղադրանքներին:

– Խոսելով Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին՝ ընդգծեցիք նաեւ նախկինում գործած սխալների շտկման հանգամանքը: Որտե՞ղ եք տեսել նման պատրաստակամություն, որ այլ են լինելու մոտեցումները խոսքի ազատության, ժողովրդավարության եւ նման խնդիրների շուրջ: Առնվազն նրա թիմակիցները մինչ այժմ էլ պնդում են, թե, ասենք, ճիշտ էր «Ազատություն» ռ/կ-ի վերահեռարձակման դադարեցումը:

– Միայն այդ խնդիրը չէ: Միգուցե՝ այլ հարցեր էլ կարող են առաջանալ: Ուստի՝ տա Աստված, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը ցանկություն հայտնի առաջադրվելու՝ երեւի ինքն էլ խնդիր կունենա տալու այս բոլոր հարցերի պատասխանները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել