Լրահոս
Օրվա լրահոսը

«ՋԵԲԿԻՐԻ ԿԵՑՎԱԾՔ ՉԵՄ ԿԱՐՈՂ ԸՆԴՈՒՆԵԼ»

Օգոստոս 30,2007 00:00

\"\"Երեկ հայտարարեց ԿԸՀ-ում «Ժառանգության» ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը՝ այն բանից հետո, երբ նրան հարցրին, թե ինքը համաձա՞յն է Խաչիկ Մանուկյանի՝ որպես պատգամավորի գրանցմանը:

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հիմք ընդունելով Արագածոտնի մարզի թիվ 15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի (ԸԸՀ)՝ ՀՀԿ-ական Խաչիկ Մանուկյանի պատգամավոր ընտրվելու մասին արձանագրությունը, վերջինիս գրանցեց որպես ԱԺ պատգամավոր: Ի դեպ, ԿԸՀ-ի համապատասխան արձանագրությունը ստորագրեց նաեւ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը: Հիշեցնենք, որ այդ ընտրատարածքում էր առաջադրվել նաեւ «Ժառանգության» առաջնորդ եւ ԱԺ-ում համանուն խմբակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ու նա, նաեւ՝ իր կուսակիցները ընդամենը երկուշաբթի օրն էին հայտարարել, որ ընտրություններն անցել են անազատ եւ անարդար մթնոլորտում:

Զ. Թադեւոսյանի պահվածքը, անկասկած, հաճելի էր ԿԸՀ իշխանական թեւի ներկայացուցիչներին, բայց տարակուսանք առաջացրեց լրագրողների շրջանում: Մենք փորձեցինք պարզել՝ ինչո՞ւ «Ժառանգության» ներկայացուցիչն առանց առարկությունների ստորագրեց այդ արձանագրությունը, եւ որքանո՞վ էր իր այդ կեցվածքը համարժեք իր կուսակցության արած հայտարարություններին: Ըստ Զ. Թադեւոսյանի, առարկությունների խնդիր չկար, որովհետեւ թիվ 15 ԸԸՀ-ն Խ. Մանուկյանի ընտրվելու փաստն արդեն հաստատել էր ու, ԿԸՀ անդամի ասելով՝ մնում էր ուղղակի հաստատել այդ փաստը: Դուք չէի՞ք կարող չստորագրել, եթե համաձայն չեք այդ ընտրության արդյունքների հետ: Մեր այս հարցին ի պատասխան, ԿԸՀ անդամն ասաց. «Կարող էի, բայց այստեղ համաձայնության խնդիր չկա, եւ դա ինձնից չի պահանջվում: Սա գրանցման խնդիր է: Ես ի՞նչ անեի. ասեի՝ չե՞մ ուզում, որ գրանցեն: ԸԸՀ-ն արդեն գրանցել է»: Իսկ որեւէ առարկություն չանելը չի՞ նշանակում, որ «Ժառանգության» ներկայացուցիչը համաձայն է ընտրության արդյունքների հետ: «Ես ընտրությունների արդյունքների հետ չհամաձայնել չեմ կարող»,- հայտարարեց տիկին Թադեւոսյանը՝ պատճառաբանելով, թե անազատ եւ անարդար ընտրությունները, բոլոր ընտրակեղծիքները՝ ընտրակաշառք, ընտրողների ուղղորդում, իշխանական լծակների օգտագործում, անձնագրային հասցեների խառնաշփոթ, տեղի են ունեցել տեղամասերից դուրս, «բայց մենք տեղամասերում արձանագրել ենք արդար ընթացք. մարդիկ ազատ մտնում են, իրենց կամքը դրսեւորում են, ընտրում ու դուրս գալիս, բայց՝ նախապես արդեն դրսում ուղղորդվելով, բայց դա ինչպե՞ս հայտնաբերենք, ինչպե՞ս դրա դեմն առնենք: Ես էնքան խախտումներ եմ հայտնաբերել, դրա մասին ասել եմ, բայց ես մենակ չեմ կարող: Մենք ընդդիմադիր ուժեր ունեինք, չէ՞: Նստած սպասում են, թե ինչպես ենք մենք պարտվելու, որ հեգնե՞ն»: Տիկին Թադեւոսյանն արձանագրեց նաեւ, որ «գյուղապետերը կանչում, պարտադրում են՝ գնացեք, ընտրեք այսինչին: Ավելին, երբ ասում ենք գյուղապետին, թե ինչո՞ւ եք ուղղորդում, ասում է՝ եթե չուղղորդեմ, ինձանից սկսած՝ բոլորը Րաֆֆիին կքվեարկեն»: Մեր այն հարցին, թե կոնկրետ ո՞ր գյուղապետն է այդպես ասել, Զ. Թադեւոսյանը պատասխանեց. «Ես իրավունք ունե՞մ անուններ տալու»: Իսկ ինչո՞ւ՝ ոչ: Ըստ տիկնոջ՝ «որովհետեւ մարդուն հարվածի տակ կդնեմ»: Նա չհամաձայնեց այն դիտարկմանը, թե այդպես մտածում են բոլորն ու ոչ մեկը ոչ մեկին «հարվածի տակ» չի դնում եւ պատասխանատվության չի կանչում: «Ի՞նչ անենք: Որ մի գյուղապետ կախվեց՝ իրադրությունը կշտկվի՞»,- վրա բերեց կուսակցության ներկայացուցիչը: Ըստ Զ. Թադեւոսյանի՝ «Խաչիկ Մանուկյանը հաղթել է փաստացի», բայց թե ինչպե՞ս՝ ԿԸՀ ներկայացուցիչը, իր ասելով, դրա պատասխանը չունի, «որովհետեւ ես չեմ բռնել այն մարդուն, որը կաշառք է վերցրել: Իշխանական մարմինները պետք է այդ արդարությունն ապահովեն: Թե չէ՝ սոված, խեղճ մարդուն դժվար է ասել՝ գնա ազատ ու արդար ընտրություն արա»:

Լրագրողներից մեկը, նկատելով, որ ընտրախախտումների ականատես լինելով հանդերձ՝ «Ժառանգության» ներկայացուցիչն իր ստորագրությամբ փաստացի պատգամավոր դարձրեց մի մարդու, որն օրինախախտումներով է ընտրվել, Զ. Թադեւոսյանին դիմեց, թե՝ «գոնե բողոքեիք, դա գրավոր ներկայացնեիք ԿԸՀ-ին: Ձեր պահվածքն ինչպե՞ս կբացատրեք»: ԿԸՀ անդամի մատուցմամբ՝ «ես իրավունք չունեմ գրավոր բողոք ներկայացնելու»: Այսինքն՝ դուք համաձա՞յն եք Խ. Մանուկյանին գրանցել որպես պատգամավոր: Այս հարցն արդեն տիկին Թադեւոսյանին հունից հանեց: «Ես՝ որպես օրինապահ անձ, որպես գրագետ մարդ, կատարում եմ այն, ինչ պահանջում է օրենքը: Ես ջեբկիրի կեցվածք չեմ կարող ընդունել: Հասկացա՞ք»- եզրափակեց վրդովված Զ. Թադեւոսյանն ու լրագրողների այլ հարցերն անպատասխան թողնելով՝ հեռացավ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել