Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՐԶԱԿԱՆ ԱՆՑՈՒԴԱՐՁ

Օգոստոս 29,2007 00:00

Ընդունեց ՀԱՕԿ-ի նախագահը

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց Համահայկական խաղերին ներկա լինելու նպատակով Երեւանում գտնվող նորվեգաբնակ Ջիմմի Վարթիվարյանին: Պարոն Ծառուկյանը հյուրին տեղեկացրեց, որ պատրաստ է աջակցել ցանկացած առաջարկության ու ծրագրի, եթե այն բխում է հայկական սպորտի շահերից: Ջիմմի Վարթիվարյանն իր հերթին ասաց, որ ուժերի ներածի չափով անում է իրենից կախված ամեն բան հայրենիքում սպորտի զարգացմանն ինչ-որ չափով օգնած լինելու համար: Հանդիպման ընթացքում նպատակահարմար համարվեց Հայաստանի, Նորվեգիայի եւ ընդհանրապես Սկանդինավյան երկրների միջեւ մարզական կապերն ամուր, կազմակերպված հիմքերի վրա դնելը:

ՀԱՕԿ-Ի մեդալ՝ մարզական լրագրողին

Երեկ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակվող մարզական հեռուստամեկնաբան Արամայիս Ղարիբյանին եւ Միացյալ Նահանգներում հայրենական սպորտը լավագույնս լուսաբանելու համար նրան պարգեւատրեց «Հրանտ Շահինյան» մեդալով: Պարոն Ծառուկյանը լրագրողին հանձնեց նաեւ 2008 թվականին Պեկինում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին ներկա գտնվելու հրավերը:

Վիկը ռինգ կմտնի հոկտեմբերի 20-ին

IBF-ի եւ IBO-ի վարկածներով թեթեւագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանը երեկ «Առավոտի» հետ հեռախոսազրույցում տեղեկացրեց, որ պրոֆեսիոնալ ռինգում իր հերթական մենամարտն անցկացնելու է հոկտեմբերի 20-ին: Այդ օրը նա Սիդնեյում հանդես է գալու մեկ աստիճան բարձր քաշային կարգում եւ պայքարելու է IBO-ի վարկածով չեմպիոնական թափուր տիտղոսի համար: Իսկ մրցակիցը լինելու է ֆիլիպինցի Ֆեդերիկո Կատուբայը, որն ընդհանուր առմամբ անցկացրել է 36 մենամարտ, տարել 20 հաղթանակ (11-ը՝ նոկաուտով), կրել 13 պարտություն (7-ը՝ նոկաուտով) եւ 3 մենամարտ ավարտել ոչ-ոքի:

Պատասխանելով մեր հարցին, թե ինչո՞ւ է հատկապես կրկին ֆիլիպինցի մրցակից ընտրել, Վիկն ասաց. «Նոնիտո Դոներից կրած ցավալի պարտությունից հետո ես նրան ռեւանշ մրցամարտի եմ հրավիրում: Բայց նա մշտապես խուսափում է: Ինձ, հավանաբար, մնում է հիմա իրար հետեւից մի քանի ֆիլիպինցիների հաղթել, որպեսզի Նոնիտոն համաձայնի կրկին ինձ հետ ռինգ մտնել: Ինչ վերաբերում է Կատուբայի հետ առաջիկա մենամարտին, այժմվանից նախապատրաստվում եմ ամենայն լրջությամբ: Նպատակ ունեմ մարտն ավարտել նոկաուտով»: Հետաքրքրվեցինք նաեւ Վախթանգի անձնական կյանքով: «Ամեն ինչ նորմալ է: Որդիս մեծանում է: Արդեն ասել եմ, որ հիմա նա է իմ ոգեւորության գլխավոր աղբյուրը»,- ասաց Վիկ Դարչինյանը:

Հանդիպում ՀՖՖ-ում

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը եւ ֆեդերացիայի ֆուտզալի եւ կանանց ֆուտբոլի կոմիտեի նախագահ Թոմաս Գրիգորյանն ընդունեցին վերջերս Օսլոյում Նորվեգիայի գավաթի խաղարկության 3-րդ մրցանակակիր դարձած եւ Քրիստիանսուն քաղաքի ֆուտբոլային անդրանիկ փառատոնի հաղթողի կոչումը նվաճած «Քոլեջ» ակումբի աղջիկների «Նիգ» թիմին եւ արդեն քանի տարի նրանց՝ Նորվեգիա ուղեւորությունը հովանավորող օսլոյաբնակ Ջիմմի Վարթիվարյանին:

Շնորհավորելով մարզուհիներին միջազգային ասպարեզում իրենց առաջին նշանակալի ձեռքբերման առիթով, նրանք կանանց ֆուտբոլի Հայաստանի առաջատար ակումբին խոստացան, որ կանեն հնարավորը, որպեսզի «Քոլեջը» եկող տարի մասնակցի ՈՒԵՖԱ-ի ակումբային գավաթների խաղարկությանը եւ ֆեդերացիայի անունից ֆուտբոլիստներին նվիրեցին խաղակոշիկներ եւ գնդակներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել