Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՐ ԲԱԼԵՏԸ՝ ԲՐԱԶԻԼԻԱՅՈՒՄ

Օգոստոս 29,2007 00:00

\"\"Ռուբեն Մուրադյանն իր հայ մենեջերի շնորհիվ հանդես է եկել միջազգային մրցույթում՝ նվաճելով երրորդ մրցանակը

«Առավոտը» ժամանակին անդրադարձել է արտեկրում տարիներ շարունակ բեմ բարձրացող հայաստանցի շուրջ 10 բալերոններին: Նրանց մեծ մասը հայտնվել է Արեւմուտքում՝ միջազգային տարբեր մրցույթներում աչքի ընկնելուց եւ մրցանակներ շահելուց հետո: Տեղացի մասնագետներից ոմանք դա «արդարացնում» են, առաջին հերթին նշելով Երեւանի օպերային թատրոնի բալետային ներկայացումների աղքատ խաղացանկը: Մյուսներն էլ գտնում են, որ բարձրակարգ բալերոնը բեմական կյանքի ընթացքում պետք է վայելի իրեն բաժին հասած փառքը եւ, ի վերջո, ո՞վ կհրաժարվի մեկ ներկայացումից վճարվող հազարավոր եվրոներից, հայրենիքում ամսական ընդամենը 75.000 դրամով հանդես գալու փոխարեն:

Բրազիլիայի Ժոյնվիշ քաղաքում հուլիսի 18-28-ը կայացած պարարվեստի ոլորտում հեղինակավոր 25-րդ մրցույթ-փառատոնից Ռուբեն Մուրադյանը վերադարձավ երրորդ մրցանակով: Տեղեկացնենք, որ թեեւ երիտասարդ բալերոնը 2005թ. Ազգային օպերային թատրոնի մենապարող է, սակայն այս տարի է ավարտել Երեւանի պարարվեստի ուսումնարանը:

«Առավոտի» հետ զրույցում Ռ. Մուրադյանը նախ ներկայացրեց հիշյալ միջազգային մրցույթին իր մասնակցության պատմությունը: «Առաջին բալերոնն եմ, որ ունեմ մենեջեր, այն էլ հայաստանցի, որի հետ համագործակցում եմ այս տարվա սկզբից: Մինչ մրցույթի մեկնելս մենեջեր Գրիգոր Պետրոսյանը, որը կապեր ունի արտերկրի իր գործընկերների հետ, ներկայացրել էր իմ ելույթները DVD-ով: Ճիշտ է, լսել էի այդ մրցույթի մասին, բայց եթե նա չլիներ, ես չէի մեկնի: Հաջողությանս համար էլ երախտապարտ եմ ուսումնարանի դասախոսներիս՝ Աննա Մարիկյանին, Հովհաննես Դիվանյանին, Հրաչյա Հովհաննիսյանին, Մաքսիմ Մարտիրոսյանին եւ մյուսներին»,- նշեց մեր զրուցակիցը: Հարցին՝ հնարավո՞ր է իր գործընկերների օրինակով ինքն էլ կապվի արտերկրյա թատրոններին, Ռ. Մուրադյանը պատասխանեց. «Մինչ մրցույթի մեկնելս ունեցել եմ հրավերներ տարբեր թատրոններից, հիմա էլ ունեմ առաջարկներ, բայց չեմ մեկնել: Ընտանիքս այստեղ է, սիրած էակս՝ նույնպես: Այնպես որ, դեռ երեք տարի չեմ պատրաստվում հեռանալ հայրենիքից»: Բալերոնը ներկայումս ուսանում է նաեւ Երեւանի կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի պարարվեստի ռեժիսուրայի բաժնում: Երիտասարդ արվեստագետից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ տարիներ շարունակ, իր ավագ գործընկերների բնորոշմամբ՝ հայկական բալետի տխուր վիճակը չի շտկվում, հիշեցրինք, որ Արեւմուտքում հանդես եկող իր սերնդակիցները քանիցս «Առավոտին» հայտնել են, թե Հայաստանում մոդեռն բալետի մասնագետ չկա: Ռ. Մուրադյանը շեշտեց, որ ինքը դասական բալետի կողմնակից է եւ չի ընդունում մոդեռն տեսակը, հետո էլ ավելացրեց. «Այո, մեր բալետի վիճակը բավարար լինելուց հեռու է: Սկսեմ պարարվեստի ուսումնարանից, որի հարեւանությամբ գտնվող Սայաթ-Նովայի անվան դպրոցի տնօրենը ուզում է ձեռք գցել ուսումնարանի շենքի կեսը: Այլ կերպ ասած՝ նա ցանկանում է զավթել Հայաստանում պարարվեստի բնագավառում միակը հանդիսացող ակադեմիան: Կարծում եմ, այս խնդիրը նաեւ Ազգային օպերային թատրոնի ղեկավարությանը պետք է հուզի: Դառնալով բալետի վիճակին, ասեմ, որ ցանկացած երկրում մենապարողը վճարվում է հավելյալ՝ տվյալ ներկայացման եկամտի 30 տոկոսի չափով: Չէ՞ որ ներկայացումը հանդիսատես է հավաքում հայտնի անունների շնորհիվ: Մեր օպերային թատրոնի սակավաթիվ ներկայացումների զգեստներն ու դեկորները լավ վիճակում չեն, ուստի մյուս հարցերի մասին խոսելն ավելորդ է: Բրազիլիայում մրցույթին մասնակցելու համար ինձ հետ վերցրել էի մեր թատրոնի զգեստներից ու վախվորած էի՝ հանկարծ չպատռվեն, չէ՞ որ դրանք դեռ պետք է ծառայեն ինձնից հետո եկողներին: Մինչդեռ մյուսների զգեստները…»:

Զրույցի վերջում Ռ. Մուրադյանը հայտնեց, որ իր հայաստանյան մենեջերը պատրաստվում է իր ծառայությունները առաջարկել նաեւ Երեւանի օպերային թատրոնի առաջնակարգ բալերոն Սեւակ Ավետիսյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել