Լրահոս
Օրվա լրահոսը

Քոլեջներում «անգրագետներ» չեն սովորում

Օգոստոս 29,2007 00:00

\"\"Հավաստիացնում է Էջմիածնի պետական քոլեջի տնօրենը

Այս տարի Էջմիածնի պետական քոլեջում 9 (գրադարանային գործ, ռեժիսուրա, երաժշտական կրթություն, տարրական դասարաններում դասավանդում, հայոց, ռուսաց, անգլերեն լեզուների դասավանդում, էկոնոմիկա, հաշվապահական հաշվառում եւ աուդիտ, ֆիզիկական կուլտուրա եւ սպորտ) մասնագիտությունների գծով սովորելու համար հայտ է ներկայացրել 85 դիմորդ, նախորդ տարվա 65-ի փոխարեն: Նրանց ավելացումը քոլեջի տնօրեն Գագիկ Բալասանյանը պայմանավորում է իրենց աշխատակիցների կողմից հարեւան գյուղերում տարվող քարոզչության հետ: Տնօրենի խոսքերով, արդյունքները դեռ գոհացուցիչ չեն, քանի որ գրադարանային գործ, ռեժիսուրա մասնագիտությունների գծով այս տարի դիմորդներ չեն եղել, 3 հոգի էլ գրանցվել է երաժշտական կրթություն ստանալու համար: Լեզուների նկատմամբ հետաքրքրությունը նույնպես նվազել է, 4-ական դիմորդ է գրանցվել անգլերենի եւ ռուսաց լեզվի դասավանդում մասնագիտությունների համար:

Անդրադառնալով շրջանառվող այն խոսակցություններին, որ քոլեջներ ընդունվում են միայն թույլ կարողություններ ունեցողները, Գ. Բալասանյանը նշեց. «Չէի ասի, որ համալսարանի դիմորդները մի 10 գլուխ բարձր են մեր դիմորդներից: Մերոնցից շատերը նրանց կարող են գերազանցել իրենց գիտելիքներով»: Տնօրենը նշեց, որ այս տարի հայոց լեզի համար հայտ ներկայացնողները բավական պատրաստված են եղել եւ ընդունելության գրավոր քննություններին նրանց մի մասը 16, 18 եւ նույնիսկ 20 միավոր է ստացել: «Առավոտի» հարցին, թե ինչո՞ւ բուհերում 20 չի գրանցվում, իսկ իրենց մոտ դիմորդներն առավելագույն միավորն են ստանում, քոլեջի ղեկավարը պատասխանեց. «Որովհետեւ մենք դիմորդների աշխատանքներում արհեստական սխալներ չենք փնտրում»: Քոլեջի հայոց լեզվի դասախոս Արմենուհի Չատինյանն էլ հավելեց, որ այս տարվա իրենց դիմորդներն ավելի պատրաստված են: Նաեւ փաստեց, որ իրենց լավագույն շրջանավարտները քոլեջ ավարտած լինելու պատճառով դպրոցներում աշխատանքի չեն կարողանում ընդունվել, քանի որ նախապատվությունը տրվում է բուհերի շրջանավարտներին: Տնօրենն էլ նշեց, որ օպտիմալացման անվան տակ քոլեջ ավարտած ուսուցիչներին դպրոցներից կրճատելը վնասել է քոլեջներին ու հեղինակազրկել:

Պարոն Բալասանյանը նաեւ տեղեկացրեց, որ քոլեջների տնօրեններով ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանին նամակ են հղել՝ խնդրելով, որ մի քանի օրով երկարացնել քոլեջներում ընդունելությունը, քանի որ դեռեւս անհրաժեշտ թվով դիմորդներով չեն ապահովվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել